«Եթե Մոսկվան ցանկանա, ապա կարող է բավականին կարճ ժամկետներում լուծել ղարաղաղյան խնդիրը»

«168 Ժամի» զրուցակիցն է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը

– Պարոն Ջաֆարով, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հայտ է ներկայացնում՝ միջնորդական առաքելություն ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, երբ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչպե՞ս եք գնահատում Իրանի այս հավակնությունները։ Ինչպե՞ս կարող է Իրանը միջնորդական առաքելություն իրականացնել։

– Նախ՝ ցանկանում եմ շնորհավորել ԻԻՀ-ին՝ մեր «մեծ» հարևանին։ Երկարաժամկետ և ձանձրալի շրջափակման պայմաններում, չնայած տնտեսության, քաղաքականության և երկրի համար կենսական մի շարք ոլորտներում առկա էմբարգոներին, ամեն դեպքում Իրանի ժողովուրդը կարողացավ գերտերությունների դեմ պայքարից համարյա հաղթող դուրս գալ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի դեմ։ Եվ ցանկություն կա հավատալու, որ այսուհետ Իրանն ավելի մեծ արագությամբ է զարգանալու։ Եվ դա շահավետ է մեզ բոլորիս՝ տարածաշրջանային երկրների համար։ Ինչ վերաբերում է Իրանի մասնակցությանը բանակցային գործընթացին, ապա դա ևս տեղից չի շարժի հակամարտության կարգավորման գործընթացը։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկարաձգված հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Թեհրանում է, այլ Մոսկվայում։ Հենց պաշտոնական Մոսկվայի հավակնություններն ու ցանկության բացակայությունն են խոչընդոտում տարածաշրջանի զարգացմանը։ Այո, այո, որքան էլ որ տարօրինակ հնչի, դա հենց այդպես է։ Չէ՞ որ երկու հարևան հանրապետությունները ԽՍՀՄ տարիներին ապրում էին կողք կողքի։ Եվ՛ ադրբեջանցիները, և՛ հայերը երկար ժամանակ չեն ունեցել լուրջ խնդիրներ և պատճառներ տարաձայնության համար։ Ինչ-որ մութ և անառողջ ուժերի պետք էր կռվեցնել երկու ժողովուրդներին, և այդ սրիկաները հասան իրենց ցանկացածին։ Եվ ահա, ավելի քան 20 տարի ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ հայերը հանգիստ չունեն։ Ինչքան ճակատագրեր ու կյանքեր են երկու կողմերում կործանվել։ Հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներ, երիտասարդ զինծառայողներ մահանում են, դառնում են հաշմանդամ իրենց ողջ հետագա կյանքում։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակ է անցկացնում իր սեփական շահերի համար։ Չգիտեմ ՝գիտե՞ն արդյոք մեր հարևանները Հայաստանում, որ այս «երեք ընկերներ ակրոբատները» կամ, ինչպես ավելի ճիշտ է նրանց բնորոշելը՝ աշխարհի ամենաերջանիկ զբոսաշրջիկները, ամեն ամիս ստանում են 50 հազար դոլարից ավելի գումար։ Տարօրինակ կլիներ մտածել, որ այդ եռյակը կջանա կարգավորել հակամարտությունը։

Նրանք օտարի ողբերգության վրա իրենց երջանկությունն ու իրենց երեխաների ու ժառանգների ապագան են կառուցում։ Նրանց չեն հետաքրքրում պարզ հայերի ու ադրբեջանցիների խնդիրներն ու անհանգստությունները։ Ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն թույլ չի տա, որպեսզի որևէ երրորդ կողմ միջամտի հակամարտությանը։

Առավել ևս՝ Թեհրանին, մի երկրի, ում դեռ պետք է վերականգնվել միջազգային հանրության աչքում։ Չեմ տեսնում Իրանի դերակատարությունն այս խնդրում։ Թեև, որպես տարածաշրջանային երկիր, պետք է շահագրգռված լինի հակամարտության կարգավորմամբ միջազգային օրենքների շրջանակում։ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի շրջանակում։

– Իրանի ԱԳՆ ներկայացուցչի նման հայտարարությունից հետո Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի կոնկրետ արձագանքն Իրանի միջնորդական ջանքերին։

– Ըստ էության, ես մասնակիորեն պատասխանեցի Ձեր հարցին։ Եվս մեկ անգամ եմ ցանկանում ընդգծել, եթե Մոսկվան ցանկանա, ապա կարող է բավականին կարճ ժամկետներում լուծել այս խնդիրը։ Եկեք չխաբենք ինքներս մեզ։ Սեփական եսասիրական շահերի և Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ լծակ ունենալու համար ՌԴ ներկայիս ղեկավարությունը չի ցանկանում ԼՂ հակամարտության կարգավորում։ Ցավոք սրտի, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և այլոց գլխավորությամբ հենց ԼՂ հակամարտության «ալիքի վրա» կարողացան հասնել Երևանում բարձր պաշտոնների։ Չլիներ այդ պատերազմը, Աստված գիտի, թե որտեղ կլինեին այդ մարդիկ։

Ուստի արդեն 20 տարի հենց ՌԴ ղեկավարությունն է այս հարցը պահում սեփական մեծ ուշադրության կենտրոնում և թույլ չի տալիս կողմերին ինքնուրույն կարգավորել այս հարցը։ Բոլորը համոզված են նրանում, որ վաղ թե ուշ կողմերը ստիպված են լինելու լուծել խնդիրը՝ միջազգային օրենքներին համաձայն։ 21-րդ դարում շատ բարդ է և համարյա թե անհնար է նոր պետությունների ձևավորումը հետսովետական տարածքում։ Դուք կարող եք մատնանշել երկու ինքնորոշված «պետության» մասին՝ մեր և Ձեր բարեկամ Վրաստանում 2008թ. օգոստոս ամսին ՌԴ իշխանությունների գաղափարների պտուղները։ Եվ ո՞վ ճանաչեց այդ խաղալիք «պետություններին»՝ որպես ինքնուրույն պետություններ։ Ինքը՝ Ռուսաստանը, և մի քանի գաճաճ պետություններ հեռավոր Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։ Եվ ով կճանաչի ԼՂՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն մեր տարածաշրջանում։ Նույնիսկ Հայաստանը ներկայումս չի համարձակվում ճանաչել անջատողականներին՝ որպես անկախ պետություն։ Քսան տարի դա տեղի չի ունեցել, տեղի չի ունենա նաև այսուհետ։ Դրանում չկա որևէ կասկած։

– Հաշվի առնելով ՄԽ տրամադրվածությունը՝ ակտիվացնել նախագահական հանդիպումները և Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ ի՞նչ պետք է սպասել բանակցային գործընթացից։

– Անձնապես կարծում եմ, որ բավականին երկար ժամանակ է անցել, և վերջապես պետք է վերջ դնել անօրինությանը։ Դա պետք է հասկանան և՛ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Որքան շուտ գտնվի այս խնդրի լուծումը, կարծում եմ՝ մեզ կհաջողվի խուսափել կորուստներից այս կամ այն կողմում։ Առանց կորուստների պատերազմ չի լինում։ Ամեն անգամ ես հեռուստատեսությամբ և համացանցով տեսնում եմ, թե ինչպես են զինծառայողների մայրերը պաշարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Անկեղծորեն պարզապես ցավում եմ այդ մայրերի համար։ Նրանց զավակները մահանում են իզուր։ Ինչո՞ւ պետք է հայ երիտասարդ տղաները մահանան օտարի տարածքում։ Իսկ այն տարածքները, որոնց վրա նրանք իրենց գլուխներն են դրել, լինելու են անկասկած ադրբեջանական։ Չէ՞ որ որևէ մեկը չի վիճարկում կամ հարցականի տակ դնում այն, որ այդ տարածքները,. որոնք ժամանակավորապես ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ են, Ադրբեջանի հողերն են։ Ով ինչ էլ որ ասի և մտածի, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կարող է մեծ աղետ պատահել։ Դրա անունն է՝ արյունահեղ մարտ մեծ մարդկային կորուստներով։

Երկու կողմերի ԱԳ նախարարների ֆորմալ հանդիպումները, ինչպես նաև նախագահների մեծաթիվ հանդիպումները, որոնք կազմակերպվում են ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից, չեն հանգեցրել սպասված արդյունքների և չեն էլ հանգեցնելու երբեք։ Ինչո՞ւ, կարծում եմ՝ ես արդեն բացահայտեցի պատճառը։ Իմիտատորների այս եռյակը, նրանց հետ իր սեփական հայրենիքում մոռացված լեհ դիվանագետ Անջեյ Կասպրչիկը պարզապես մեծ գումարներ են աշխատում, ես կասեի՝ նույնիսկ խելագարվելու գումարներ են աշխատում, ուստի իրենց համար միևնույն է՝ ով կմահանա կամ կվիրավորվի։ Շփման գծում լարվածությունն ինչպես եղել է, այնպես էլ կշարունակվի, քանի դեռ վերջնական չի կարգավորվել այս հարցը։

– Ինչպե՞ս, ըստ Ձեզ, Ադրբեջանում տիրող իրավիճակը կանդրադառնա հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։

– Անկեղծ ասած, ես չհասկացա Ձեր հարցի իմաստն Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եթե նկատի ունեք ազգային արժույթի՝ մանաթի դևալվացիայի հետ կապված բարդությունները, ապա ինձ թույլ կտամ հուսահատեցնել չարակամներին։
Ինչպես էլ որ լինի իրավիճակը, կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա պաշտպանության և անվտանգության հարցերի վրա։ Ոչ մի իրեն հարգող երկիր չի տնտեսի լուրջ հարցերում, ինչպիսին Զինված ուժերն են։ Ուստի, 2016թ. համար հաստատված բոլոր ծրագրերն իրականացվում են իրենց ողջ ծավալով, և շատ շուտով Դուք կլսեք Ադրբեջանի ԶՈՒ-ի հզոր ռազմական վարժանքների մասին։ Մեծ ուսումնավարժանքներ են լինելու Թուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների զինված ուժերի հետ։ Նախատեսվում են սոցիալական նախաձեռնություններ այն զինծառայողների համար, ովքեր հակամարտ զորքերի շփման գծում են գտնվում։

– Ձեր կարծիքով՝ վերջին շրջանում ԱՄՆ նախաձեռնած ջանքերն ինչպե՞ս կնպաստեն շփման գծում առկա լարվածությունը մեղմելուն կամ նոր պատերազմ թույլ չտալուն (խոսքը Ռոյս-Ինգըլ նախաձեռնության մասին է)։

– ԱՄՆ-ում ևս շատ լավ հասկանում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մեծապես կախված է պաշտոնական Մոսկվայի քայլերից։ Նրանք իրենց կողմից մի քանի անգամ քայլեր են ձեռնարկել մոտեցումների և դիրքերի համաձայնեցման ուղղությամբ տարբեր մակարդակներում։ Բայց ամեն անգամ օրակարգում են հայտնվել մի շարք անկանխատեսելի իրավիճակներ։

Ուստի ես անձնապես չեմ ակնկալում ամերիկյան կողմից ինչ-ինչ առաջընթաց այս հարցում։ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատմություն կմտնի՝ որպես դիվանագետ, որը ոչ մեկ անգամ է «լուծել» ղարաբաղյան հակամարտությունն իր «թվիթերով»։ Ամեն դեպքում նա միանգամից համակարգչով այնպիսի տարօրինակ գաղափարներ ու առաջարկներ է առաջ քաշում, որոնք նախապես դատապարտված են ձախողման և անլրջության։

Որևէ հույս չկա, որ ամերիկացիները ֆրանսիացիների հետ միասին կկարողանան կողմերին ստիպել վերջապես հակամարտության կարգավորման հիմնարար փաստաթուղթ պատրաստել։ Ժամանակ առ ժամանակ նրանք իրենց անհանգստությունն են հայտնում կրակահերթերի և զինծառայողների մահվան, խաղաղ բնակիչների մահվան առնչությամբ, և դրանով ավարտվում է նրանց «խաղաղարար առաքելությունը»։ Բաքվում արդեն բոլոր մակարդակներում ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին պահանջներ են հնչում։ Սկսած նախագահ Ալիևից՝ մինչև պարզ քաղաքացիները, արտահայտում են իրենց կասկածն այդ խմբի մտադրությունների և նպատակների վերաբերյալ։ Վստահորեն կարելի է ենթադրել, որ, եթե այսպես շարունակվի, ապա արդեն 2016-ին այս եռյակի «խաղաղարար առաքելության» կարիքը չի լինի։

Տեսանյութեր

Լրահոս