«Դաբաղը ձմռանը հազվագյուտ երևույթ է, ու դաբաղի համաճարակ չէր կարող լինել». Հրաչ Բերբերյան
«Այս տարի ուժը պետք է դնենք ավելի շատ միամյա կուլտուրաների վրա, քանի որ այս տարի պտղի տարի էր, իսկ փորձը ցույց է տալիս, որ, եթե մի տարի պտղի տարի է լինում, ապա հաջորդ տարի բերքի պակասություն ենք ունենում: Հատկապես պետք է խթանենք լոլիկի արտադրությունն ու արտադրենք սեփական տոմատի մածուկ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ նրա՝ այս տարի էլ կարտոֆիլի խնդիր չենք ունենա.
«Վաղ գարնանից կսկսենք լուրջ արտահանումներ ՌԴ, դրա համար կուտակել ենք մոտ 3000 տոննա սերմ՝ Արարատյան հարթավայրի ֆերմերներին ապահովելու համար։ Բանջարեղենի արտահանումն այս տարի ավելի լավ կկազմակերպվի, քան նախորդ տարի: Մայիսի վերջից կսկսենք վաղահաս կարտոֆիլի արտահանումը։ Այնպիսի սխեմա են ծրագրավորել, որ ֆերմերը դաշտից իր արտադրանքը տա։ Պետք է աշխատենք՝ 3-5 տարում ծավալները մեծացնենք ու արտահանենք մոտ 50% գյուղմթերք»։
Նա նշեց, որ պայմանավորվածություն ունեն մի գործարանի հետ, որ ոչ միայն կոնյակ արտադրեն, այլև 4 տեսակի օղի՝ խաղողի, ծիրանի, դեղձի ու սալորի.
«Կոնյակի, գինու արտադրությունը, իհարկե, լավ է, բայց պետք է ունենանք այլ տեսականի էլ: Շուկան տարբեր պահանջարկներ ունի։ ԵՏՄ շուկան լայն հնարավորություններ է ստեղծում, ու պետք է մրցունակ ապրանք ունենանք»։
Անդրադառնալով ոռոգման համակարգի խնդիրներին՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահը նկատեց՝ ոռոգման համակարգի բարեփոխումների վերաբերյալ նախագահի հանձնարարականը դեռ դոփում է տեղում.
«Տեղումնառատ տարի էր, ու թող բարի լինեն՝ ջրամբարները լցնել, Սևանա լճից ջուր բաց թողնելու կարիք չկա»։
Բանախոսն անդրադարձավ նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքին և նշեց, որ պետությունը պետք է հովանավորի բոլոր ֆերմերներին, այլ ոչ թե՝ միայն կոոպերատիվներին.
«Իհարկե, պետք է հովանավորել բոլորին, բայց ունենք խոշոր ու միջին ֆերմերներ, որոնց ևս պետք է հովանավորել, քանի որ նրանք հանրապետության լոկոմոտիվն են՝ գյուղմթերքի արտադրության: Էդ ո՞ր մանր ֆերմերն է արտահանումներով զբաղվել, դա անում են անհատ ֆերմերները: Մեր ապագան խոշոր ու միջին ֆերմերներն են։»:
Վերջում խոսելով դաբաղի վերջին դեպքերի մասին՝ Հ. Բերբերյանը նշեց, որ դաբաղը ձմռանը հազվագյուտ երևույթ է, ու դաբաղի համաճարակ չէր կարող լինել.
«Մի տարի առաջ էլ Բելառուսի ճանապարհը փակեցին, քանի որ Լեհաստանից կարտոֆիլ էր ներկրում ու վաճառում Ռուսաստանին: Հիմա այս սանկցիաները կապված են ուկրաինական կաթի փոշու ներկրման հետ, որը վերամշակվում է մեր հանրապետությունում, և չունենալով հարաբերություն պետության հետ՝ չեն ուզում, որ նրա արտադրանքը հայտնվի իրենց շուկայում։ Կարող է մի գոմում երկու-երեք կենդանի դաբաղ լինի, բայց ոչ թե՝ համաճարակ»։