«Եվրոպական կառույցներում ոչ թե հակահայկական տրամադրություններ են առկա, այլ հակառուսական». Սերգեյ Մինասյան

«Չեմ կարծում, որ առանձնահատուկ կողմնորոշված հակահայկական տրամադրություններ կան ընդհանրապես եվրոպական որևէ կառույցում, այդ թվում՝ ԵԽ ԽՎ-ում, այլ բան է, որ կան բավականին հստակ հակառուսական տրամադրություններ, որն Ադրբեջանը փորձում է օգտագործել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ չի կարծում նաև՝ Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչներն առանձնահատուկ ինչ-որ հակահայկական տրամադրություններ են ունեցել.

«Բացի այն անձանցից կամ կառույցներից, որոնք կոռումպացված ինչ-որ կապեր ունեն ադրբեջանական ու թուրքական կառույցների հետ, բայց նույն այդ մարդիկ բավականին էմոցիոնալ են ու զգայուն այն հարցում, երբ ղարաբաղյան հարցն այս կամ այն ձևով կապվում է Ռուսաստանի հետ»:

Ըստ քաղաքագետի՝ քվեարկողների մաս են կազմում նաև հետխորհրդային երկրների ներկայացուցիչները, որոնք, բացի նրանից, որ առանձնահատուկ մեծ սեր չունեն դեպի Ռուսաստանը, ունեն նաև նմանատիպ խնդիրներ, ինչ ունի Ադրբեջանը.

«Եվ, բնականաբար, բոլոր այդ քվեարկություններում փորձում են աջակցել Ադրբեջանին»:

Ս. Մինասյանի խոսքով՝ այս պահին ադրբեջանական մամուլում լուրջ քննադատություններ են հնչում՝ ուղղված ադրբեջանական պատգամավորների հասցեին.

«Նույնիսկ այն փաստը, որ երկրորդ զեկույցն ընդունվել է, չի կարելի որևէ ձևով համարել Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակը, բայց դրա հետ մեկտեղ՝ իմ խորին համոզմամբ, որևէ իրական ազդեցություն բանակցային ու Արցախի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների վրա այս փաստաթղթերը չեն ունենա։ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնի վրա այս կառույցն այն դերակատարությունը չունի, որն ուներ տարիներ առաջ, հետևաբար՝ զեկույցներն ու քվեարկությունը Հայաստանի վրա այդքան մեծ ազդեցություն չեն կարող ունենալ, ինչպես դա եղել էր 2008-2009թթ., երբ հայտնի զեկույցներն էին ընդունվում»:

Անդրադառնալով հայկական պատվիրակության աշխատանքին, նա նշեց՝ միայն այն հանգամանքը, որ Մարկովիչի զեկույցն ընդունվեց ընդամենը 4 ձայնի տարբերությամբ, արդեն մտահոգիչ է.

«Նշանակում է, որ խոսքը ոչ թե քաղաքական կողմնորոշման հարց է, այլ միգուցե որոշ տեխնիկական հարցերում բավականին աշխատանք պետք է կատարվի: Այս ամբողջ գործընթացում ինձ համար կարևորը ոչ այնքան՝ քվեարկությունն էր, ինչքան՝ ՄԽ համանախագահների հայտնի հայտարարությունը, որտեղ նրանք կոչ էին արել զերծ մնալ այս փաստաթղթերի ընդունումից, այսինքն՝ հերթական անգամ ստեղծվեց մի իրավիճակ, երբ ՀՀ-ի ու ՄԽ-ի համանախագահների կարծիքները համահունչ էին արցախյան հիմնահարցի հետ կապված հարցերում»:

Հարցին, թե զեկույցն արդնե ընդունված է, Ադրբեջանի իշխանությունները պատրա՞ստ են բանակցել ԼՂՀ իշխանությունների հետ՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված, նա պատասխանեց.

«Ոչ ոք, այդ թվում՝ նաև Ադրբեջանում, ո՛չ նպատակ էր դնում, ո՛չ էլ պատրաստվում էր, որ այդ զեկույցի ընդունումից հետո որևէ ձևով կլուծվի Ադրբեջանի սահմանակից շրջանների հարցը: Ի դեպ, սա էլ է կարևոր՝ Ադրբեջանի սահմանակից, որովհետև այդ շրջանները սահմանակից են միայն Մարտակերտի շրջանին, ու չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանություններն ուզում էին լուծել այս խնդիրը, այլ՝ նպատակ ունեին ինֆորմացիոն-քարոզչական դաշտում առավելություն ստանալ: ԼՂՀ իշխանությունները բազմիցս դիմել են Ադրբեջանին՝ այս հումանիտար խնդիրը լուծելու համար, եթե դա այդ ժամանակ չէր լուծվել, չեմ կարծում, որ հիմա լուծվի»:

168.am-ի հարցին՝ որոշ փորձագետներ նշում են, որ Մարկովիչի զեկույցը կարելի էր ավելի ընդլայնել, եթե հայկական պատվիրակությունը ճիշտ աշխատեր, և զեկույցում ներառվեր նաև Տավուշի մարզում գտնվող Ջողազի ջրամբարը, քաղաքագետն ի՞նչ կասի այս մասով, նա պատասխանեց.

«Դժվար թե այդպես լիներ, որովհետև զեկույցի և զեկուցողի նպատակը հենց Սարսանգն էր, ու փորձ էր՝ հումանիտար խնդիրը քաղաքականացնել և օգտագործել դա ադրբեջանական կողմի շահերից: Այսինքն՝ զեկույցի գաղափարը ԵԽ ԽՎ-ի ներսում չէր ծագել, այլ ադրբեջանական կողմն էր ներգրավել այդ գաղափարը՝ փորձելով օգտագործել այն, և, բնականաբար, այն մարդիկ, որոնք կանգնած էին այս նախաձեռնության հիմքերում, չէին թույլ տա ներգրավել հայանպաստ այլ բանաձևեր: Մյուս կողմից՝ անընդունելի էր ՀՀ-ի ու ԼՂՀ-ի իշխանությունների կողմից նույնիսկ բանակցել ինչ-որ տեխնիկական խնդիրների շուրջ, որովհետև, եթե հրաժարվեր էլ բանախոսը փոխել վերնագիրը, արդեն մնացածն անիմաստ էր»:

Տեսանյութեր

Լրահոս