«Ես այսօր ունեմ գերեզման, չունեմ իմ երեխայի մահվան պատճառը». Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ԱԺ-ում էին
Այսօր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն իրենց երեխաների մահվան գործերով հակասությունների տեղեկանքները ստանալու համար եկել էին Ազգային ժողով: 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, 168.am-ին պատմեց, որ իրենք դիմում էին գրել ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և Ազգային ժողովի նախագահին:
«Վեց ամիս հետո արձագանքեցին: Այսինքն՝ այդ վեց ամիսների ընթացքում հանդիպում ենք ունեցել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ: Այդ ժամանակ ասել էին՝ տեղեկանքներ կկազմենք ձեր գործի հակասությունների վերաբերյալ ու տեսնենք՝ քննչական մարմիններն ինչ կպատասխանեն ձեր կողմից և քննչական մարմինների կողմից ներկայացված հակասություններին: Հիմա քանի որ մենք ծանոթ չենք այդ տեղեկանքներին, որոնք կազմվել են քննչական մարմինների կողմից, մեր ամեն մի քրեական գործով իրենք տվեցին այդ տեղեկանքները, չնայած մենք լավատես չենք, որովհետև նույն տեղեկանքներից կազմվել է 2011 թվականին, և, երբ չորրորդ գումարման նիստն ավարտվեց, այդ տեղեկանքները, որով դիմել էինք պատկան մարմիններին, ոչ մի պատասխան չստացան և այսօր այս վիճակում ենք հայտնվել»,- պատմեց Գ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե իրենց հարցերի պատասխանները չստանան, հակասություններ լինեն, կխորհրդակցեն.
«Մի քանի ծնողներով առարկեցինք, ասացինք, որ ուզում ենք հանձնաժողովը ստեղծվի, հանձնաժողովն իրավունք ունի գործերը նայելու, եզրակացություն տալու: Հանձնաժողովի իրավաբանը, փորձագետը կտեսնի, թե միմյանց հակասող ինչ եզրակացություններ կան, այդ հարցերի պատասխանը, որ 9 տարի չեմ ստացել, ինքը եզրակացության մեջ կնշի և կբարձրացնի, թե ինչ է այս կնոջ պահանջը: Վերջապես ինը տարի հետո դուք կասեցման որոշում եք տվել իմ ձեռքը, որ անհայտ է հանցագործության գործիքը, անհայտ է հանցագործության պատճառը, անհայտ է դեպքի վայրը, անհայտ է մահվան պատճառը»:
Ստեփանակերտի զորամասերից մեկում սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ, եթե ցանկություն ունենան հակասությունները տեսնել, անպայման կտեսնեն. «Թե գործը ոնց են փակուղի տարել կեղծելով՝ պարզ երևում է, նույնիսկ պետք չէ իրավաբան, մասնագետ լինել»:
Հարցին՝ այսoրվա հանդիպումն ի՞նչ տվեց, Գ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Գալուստ Սահակյանի իրավաբանի և Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից կազմված մի տեղեկանք, որում նշված էր մեր բոլոր երեխաների քրեական գործերով հակասությունները, որոնք իրենք ստացել են քննչական մարմիններից: Պարոն Սահակյանն ասաց՝ «ծանոթացեք, եթե դա ձեզ չի բավարարի, դուք գրեք ձեր հարցաշարը, նորից կարուսելի նման պտտացնենք»: Ես այսօր ունեմ գերեզման, չունեմ իմ երեխայի մահվան պատճառը, ինչո՞ւ պետք է ես ձայնս կտրեմ, ով ուզում է՝ լինի, չկա այսօր իմ էրեխեն, թող այսօր դրա պատասխանն ինձ տան»: