«Անցյալ տարի Հայաստանում գրանցվեց առաջին հայկական նոր կրոնական կառույցը». Ալեքսանդր Ամարյան
Հայաստանում այսօրվա դրությամբ թվով 65 կրոնական կառույց է գրանցված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով՝ սրանից մոտ 10-ն ավանդական եկեղեցիներն են, իսկ մնացածը՝ աղանդավորական կառույցներ. «Կամ, ինչպես սիրում են ասել մեր իրավապաշտպանները՝ նոր կրոնական կազմակերպություններ: Անցյալ տարի Հայաստանում գրանցվեց առաջին հայկական նոր կրոնական կառույցը՝ Ուղղադավան ավետարանական եկեղեցին, որն ամբողջովին հայկական է և արտասահմանի հետ կապ չունի»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը՝ նշելով, որ Հայաստանում կան մոտ 200-ից ավելի գրանցված ոչ կրոնական կառույցներ, սակայն դրանք զբաղվում են կրոնական գործունեությամբ:
Ըստ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում այսօրվա դրությամբ ոչ հայկական Առաքելական եկեղեցու մոտ 350 հազար հետևորդ կա, որից 100 հազարը՝ ավանդական եկեղեցիների, իսկ 250 հազարը՝ նոր կրոնական կառույցների հետևորդներն են:
Հարցին՝ արդյոք նոր Սահմանադրությունն ավելի շատ առավելությո՞ւն է տալիս կրոնական կառույցներին, թե՞ սահմանափակումներ է մտցնում, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց, որ այդ մասով նոր Սահմանադրությունը հնից, ըստ էության, ոչնչով չի տարբերվում. ավելացված է մի քանի կետ:
Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպություններն առաջին հերթին՝ հղում են կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես՝ միանձնյա, այնպես էլ՝ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն: Ալեքսանդր Ամարյանի խոսքով, սակայն, մենք մոռանում ենք նույն հոդվածի 2-րդ կետի մասի մասին. այն սահմանում է, որ սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:
«Այդ օգտագործելու համար մենք պետք է նոր օրենք ունենանք, և հիմա հույսն այն է, որ այդ Սահմանադրությունից հետո նոր օրենքն այնուամենայնիվ կլինի»,- ասաց նա: