«Իրանն անձնական, եսակենտրոն շահեր ունի և կգործի իր շահերից ելնելով». Արման Նավասարդյան

«Տարածաշրջանում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում կապված Իրանի՝ պատժամիջոցներից ազատվելու հետ, որը մեծ հնարավորություն է բացում Երևանի համար, և ամեն կերպ պետք է կարողանալ օգուտներ քաղել»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:

«Լա՞վ է Հայաստանի համար, թե՞ վատ, որ Իրանի նման բարեկամ երկիրը պատրաստակամություն է հայտնում հանդես գալ միջնորդի դերում»,-նման հարցադրում արեց դեսպանը՝ անդրադառնալով օրեր առաջ Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, որ Իրանը կարող է միջնորդի դեր ստանձել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Հետաքրքիր է, բայց սա այնքան էլ նոր հայտ չէ: Բացասական կողմերն ավելի շատ են, քան դրական: Թեհրանը չի բարձրաձայնում, թե ինչ ֆորմատով է ուզում հանդես գալ: Եթե հայտարարի, որ կմիանա ԵԱՀԿ Մինսկի խմբին, կարելի է ողջունել, քանի որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բացի Մինսկի խմբի ձևաչափից չեն ընդունում այլ ձևաչափեր: Իրանն ուզում է հանդես գալ առանձին: Սա այնքան էլ լավ չէ: Նրանք, մի շարք հանգամանքներից ելնելով, չեն կարող հարցի լուծման գործում որոշակի դեր կատարել, ընդհակառակը, հնարավոր է ավելի սրվի իրավիճակը: Թուրքիայի համար վարդագույն երազանք է մտնել գործընթացի մեջ՝ ի նպաստ Ադրբեջանի: Եթե Իրանը մտնի գործընթացի մեջ, Թուրքիան ավելի նոր թափով ու պահանջով հանդես կգա»,-նշեց նա:

Ա.Նավասարդյանի կարծիքով՝ հայկական կողմից պաշտոնական որևէ ռեակցիա չկա, որովհետև, հավանաբար, ուսումնասիրում են, վերլուծում:

Ըստ նրա՝ Իրանը ցանկանում է տարածաշրջանում դառնալ համար մեկ խաղացողը, գերտերություն դառնալու նկրտումներ ունի.

«Այսօրվա իրադրությունից օգտվելով՝ փորձում է վճռական ձայն ունենալ տարածաշրջանում: Իրանն անձնական, եսակենտրոն շահեր ունի, կգործի իր շահերից ելնելով»:

Տեսանյութեր

Լրահոս