Բաժիններ՝

Գործազրկության մակարդակն աճել է, աշխատանքի տեղավորվածների թիվը՝ նվազել

asparez.am-ը գտրում է. Եթե 2014թ-ին Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում գրանցվել են 4275 գործազուրկներ, ապա 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ վերջիններիս թիվն աճել է շուրջ 30 տոկոսով՝ կազմելով 5558:

Ըստ տարիքի վերլուծության՝ պատկերը հետեւյալն է. հիմնականում աճ է գրանցվել 55-ից բարձր տարիքի եւ 16-19 տարեկան գործազուրկների շրջանում:

-16-19 տարեկանների առումով ենթադրելի է, որ նրանք ավելի շատ սկսել են դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ, որպեսզի կարողանան զբաղվածության պետական ծրագրերում ներգրավվել, մասնավորապես՝ աշխատանքային պրակտիկա ծրագրում: Սա որոշակիորեն խրախուսում եմ այն առումով, որ երիտասարդների հավատը բարձրացել է դեպի զբաղվածության պետական ծառայություններ: Իսկ 55-ից բարձր տարիք ունեցողների առումով կարող եմ ասել, որ նրանց մոտ հիմնականում հետեւյալ պրոցեսն է. մարդիկ, կորցնելով աշխատանքը, կորցրել են նաեւ իրենց մասնագիտությունը, որակավորումը եւ անհրաժեշտություն է առաջանում նոր մասնագիտություն ձեռք բերելու, որը այդ տարիքային խմբի համար այդքան էլ հարմարավետ չէ՝ նոր մասնագիտություն սովորել եւ տեղավորվել աշխատանքի,-ասում է Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:

Gorcazrkutyun-3

Փոքր-ինչ աճել է նաեւ 34-39 տարիքային խմբի աշխատանք փնտրողների թիվը. մնացած տարիքային խմբերում, հիմնականում, նվազման միտում է նկատվել:

Ըստ կրթության վերլուծությունը ցույց է տվել, որ գործազուրկների շրջանում մեծ թիվ են կազմում հիմնականում արհեստագործական կրթություն ունեցող քաղաքացիները: Այս տարի գործազուրկների ընդհանուր թվում վերջիններիս ներգրավվածության մակարդակը կազմել է 106 տոկոս, այսինքն՝ եթե 2014թ-ին գրանցված են եղել 49 գործազուրկներ, ապա այժմ արդեն գրանցված են 101 գործազուրկներ:

-Սրանից կարելի է ենթադրել, որ հիմնականոում բարձրագույն կրթություն ունեցողները աշխատաշուկայում կարողանում են ավելի արագ կողմնորոշվել, ավելի շուտ տեղավորվել աշխատանքի՝ չնայած որ, մեծամասամբ ոչ իրենց մասնագիտությամբ, այնուամենայնիվ, գտնում են իրենց համար որոշակիորեն հարմարավետ աշխատանք, քանի որ գործազուրկների թվի 30 տոկոսի աճի մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը աճել է ընդամենը 18 տոկոսով, այսինքն՝ ընդհանուր առմամբ նվազեցում է գրանցվել,-պարզաբանում է Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրենը:

Որոշակի ակտիվություն է նկատվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում. Եթե նախորդ տարի զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում գրանցվել է 69, ապա այս տարի արդեն 77 քաղաքացի: Արա Առաքելյանը սա բացատրում է հաշմանդամների շրջանում տարվող զբաղվածության պետական ծրագրերով.

-Կարծես թե մարդիկ իրենց կամքով գալիս գրանցվում են, որպեսզի նաեւ ներառվեն ծրագրերում եւ ընդունվեն աշխատանքի:

Նախորդ տարի պետական ծրագրերի մասնակցել է հաշմանդամություն ունեցող 21 անձ, որոնցից 19-ն ընդունվել են աշխատանքի: Նրանցից 9-ը աշխատանք են գտել գյուղատնտեսության բնագավառում՝ ներգրավվելով սեզոնային աշխատանքների իրականացման մեջ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում եւս երեք հաշմանդամ քաղաքացու մասնակցությամբ կիրականացվի աշխատատեղի հարմարեցում ծրագիրը:

Ըստ սեռային պատկանելության՝ վերջին տարիներին աշխատանք փնտրողների 60-70 տոկոսը կանայք են, պատկերը գրեթե նույնն է մնացել:

-Չնչին նվազման տենդենց է նկատվում, այսինքն՝ եթե նախորդ տարիներին այս ցուցանիշը մինչեւ 75 տոկոսի էր հասնում, ապա այժմ կազմում է 65-70 տոկոս,-տեղեկացնում է Ա. Առաքելյանը:

Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում ավելացել է գործազուրկների թիվը, նվազել՝ աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը: Այսպես՝ եթե 2014թ-ին աշխատանքի է տեղավորվել 655 քաղաքացի, ապա 2015թ-ին աշխատանք գտած քաղաքացիների թիվը կազմել է 632, այսինքն՝ մոտ 4 տոկոսի նվազում է գրանցվել: Կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի վստահեցմամբ՝ հիմնականում աշխատանքի են տեղավորվել սպասարկման ոլորտում՝ վարսավիրանոցներ, խանութներ, ռեստորաններ, սրճարաններ եւ այլն, սակայն, քիչ չեն նաեւ բարձրագույն կրթության առկայություն պահանջող աշխատատեղերում աշխատանք գտած քաղաքացիները:

Շարունակությունն`  այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս