Զիկա վիրուսի վտանգը տագնապալի մակարդակի է հասել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ զիկա վիրուսը, որը ենթադրաբար մեծաթիվ նորածինների մոտ նկատվող արատի պատճառն է, արագորեն տարածվում է Ամերիկա մայր ցամաքներով մեկ, և այն կարող է սպառնալ ավելի քան չորս միլիոն մարդու:

Ժնևում կայացած հատուկ ժողովի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի խոսքերով, 1947 թվականին Ուգանդայում զիկա վիրուսի հայտնաբերումից ի վեր համարվել է, որ վիրուսը մարդու համար չնչին վնաս է ներկայացնում: Սակայն ժամանակի ընթացքում վիրուսը տարածվել է աշխարհով մեկ, և վերջին տարիներին այն սկսվել է ասոցացվել նյարդաբանական խնդիրների հետ:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Մարգարեթ Չանը ասում է. «Նախորդ տարի, վիրուսի դեպքեր են նկատվել Ամերիկա մայր ցամաքներում, և այն այժմ արագորեն տարածվում է: Ներկայիս տվյալներով վիրուսի դեպքեր են գրանցվել տարածաշրջանի 23 երկրներում: Տագնապի մակարդակը չափազանց բարձր է: Վիրուսի սկիզբը ասոցացվում է չափազանց փոքր գլխով նորածինների ծնունդի թվի զգալի աճի հետ»:

Մարգարեթ Չանը նաև նշեց, որ մայքրոսեֆալի կոչվող այս արատի և զիկա վիրուսի միջև անմիջական կապը դեռ հաստատված չէ: Սակայն նրա խոսքերով այդ կապի հավանականությունը շատ մեծ է, ինչը նշանակում է որ վիրուսի նախկինում ներկայացրած չնչին վտանգը այժմ տագնապալի մակարդակի է հասել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բռնկումների և առողջապահության տագնապային իրավիճակների բաժնի գործադիր տնօրեն, Դոկտոր Բրյուս Այլվարդն էլ հայտարարեց նախատեսված հրատապ ժողովի մասին:

Դոկտոր Բրյուս Այլվարդը ասում է. «Ինչպես գլխավոր տնօրենը նշեց Փետրվարի մեկի հրատապ ժողովի ժամանակ Առողջապահության միջազգային կանոնների համաձայն կոմիտեի անդամները վիրուսի մասին ներկայիս տեղեկությունը հաշվի առնելով կփորձեն համաձայնության գալ հետագա քայլերի շուրջ»:

​Զիկա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկի մոտ, վիրուսը անվանումը ստացել է Ուգանդայի Զիկա անտառի պատվին: Այն փոխանցվում է մժեղների միջոցով և սկզբնական շրջանում համարվում էր, թե վիրուսը միայն կապիկներին է փոխանցվում: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը,  իսկ այն փոքրաթիվ մարդիկ ովքեր ախտանիշներ ունեն, ընդհամենը փոքր ինչ բարձր մարմնի ջերմասիճան, ցան և վերջույթների թեթևակի ցավ են նկատում: Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց և նրանց երեխաների վրա: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա: Բրազիլիայում, հարավային և կենտրոնական Ամերիկայում զիկա վիրուսի բռնկումները այն հաղթահարելու մեծ ճիգ են առաջացրել:

Տեսանյութեր

Լրահոս