«Իրանը Ղարաբաղում Արևմուտքի և Հայաստանի դեմ չի գործի». ռազմական փորձագետ
«Իրանը սկսում է հիշեցնել իր տարածաշրջանային դերակատարության կարևորության մասին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ մեկնաբանելով ռուս-իրանական հարաբերություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելու՝ Իրանի հավականությունները։
Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը նշել էր, որ Իրանը ցանկանում է մասնակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Նա նաև հիշեցրել էր, որ անցյալում Իրանի նման մասնակցությունը միայն արդյունավետ է եղել։
Ֆելգենգաուերն ասաց, որ 1992 թվականից հետո Հարավային Կովկասում շատ բան է փոխվել, և Իրանը չի կարող հաշվի չնստել այդ իրողությունների հետ։ Այսօր, նրա որակմամբ, այս հարցը չի կարող չհամաձայնեցվել Ռուսաստանի հետ, որի ստեղծած կառույցների մասն է կազմում Հայաստանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ չի բացառվում, որ լինի նման համաձայնություն, քանի որ ռուս-իրանական հարաբերությունները, չնայած կարծիքներին՝ թե մրցակցային են լինելու, դրական ուղղությամբ են զարգանալու, քանի որ Իրանն իր զենքի գործարքները կապում է Ռուսաստանի հետ, քանի որ արևմտյան երկրները դեռ երկար ժամանակ չեն համաձայնի զենք վաճառել Իրանին։
«Այն ծավալները, որոնք մենք էինք պատկերացնում, չեն լինի, սակայն, այնուամենայնիվ, դա շահավետ բիզնես է Ռուսաստանի համար տնտեսական դժվարությունների պայմաններում։ Այս հեռանկարն էր նաև պատճառը, որ Ռուսաստանն աջակցեց միջուկային գործարքի կայացման գործընթացին։ Մի շարք գլոբալ հարցերում Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, դրանցից մեկը սիրիական հակամարտությունն է։ Այնպես որ, չեմ կարծում, որ Ղարաբաղի ուղղությամբ Իրանի բարձրացրած հավակնությունները լուրջ դիմակայության են արժանանալու Ռուսաստանի կողմից։ Հարց է, թե ինչպես պետք է իրացվեն այդ հավակնությունները։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող մասնակցել ՄԽ աշխատանքներին, ՄԽ-ին զուգահեռ քայլերը չեն լինի կառուցողական, նման քայլերը չի ողջունի նաև Արևմուտքը, որի հետ Իրանը ջերմացնում է իր հարաբերությունները, ուստի չի կարղ հաշվի չառնել նաև Արևմուտքի դիրքորոշումը։ Սակայն, եթե հայտարարվում է, որ կա բանակցային գործընթացին աջակցելու ցանկություն, ուրեմն կան որոշակի ծրագրեր, որոնց մասին գուշակելը դժվար է»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը։
Նրա կարծիքով՝ կարող են լինել ՄԽ-ի համաձայնեցված որոշակի նախաձեռնություններ, հանդիպումների կազմակերպում, եթե դա ցանկանա Արևմուտքը, Ռուսաստանը և համանախագահող երկրները։ «Կարծում եմ, որ լուրջ դիմակայություն որևէ կողմից չի լինի, թեև իմ համոզմամբ՝ ներկայումս Իրանը ցանկանում է հիշեցնել, որ վերականգնելու է իր տարածաշրջանային դերակատարությունն ու ակտիվությունը։ Դա չի նշանակում անպայմանորեն, որ Իրանը քայլեր է ձեռնարկելու կամ ՄԽ աշխատանքներին մասնակցելու է հայտ ներկայացնելու»,- ասաց ռուս վերլուծաբանը։
Հարցին, թե Իրանի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը ցանկացած ձևաչափով ինչպե՞ս կանդրադառնա հայկական կողմերի դիրքերի վրա ԼՂ հակամարտությունում, նա պատասխանեց, որ Ադրբեջանն ու Իրանը ներկայումս սերտացնում են իրենց համագործակցությունը, սպասվում է Ալիև-Ռոուհանի հանդիպում։ Սակայն, նրա համոզմամբ՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում կա երկկողմանի լուրջ զգուշություն, որը դեռևս անցյալից է գալիս։
«Ի տարբերություն Իրան-Ադրբեջան հարաբերությունների՝ Իրան-Հայաստան հարաբերություններն անկեղծ բնույթ են կրել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Ուստի հասկանալի է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն ակտիվացնում է իր հարաբերությունները բոլոր երկրների հետ բոլոր ուղղություններով, սակայն Իրանը չի մոռանում իր իրական բարեկամների մասին»,- ընդգծեց Ֆելգենգաուերը՝ ակնարկելով, որ Իրանը հակահայկական քայլերի չի գնա։