
Որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները դյուրացվում են

Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Այսպիսով՝ դիմումատուները կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումներ համապատասխան որակավորման վկայական ստանալու համար: Որոշմամբ առաջարկվում է «[email protected]» փոխարինել «www.e-gov.am» կայքով, որը քաղաքացիներին կտա որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը «www.e-gov.am» միասնական կայքի միջոցով ներկայացնելու հնարավորություն:
Կառավարությունն ընդունել է նաև համապատասխան որոշումներ էլեկտրոնային եղանակով ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու և Քիմբերլի գործընթացի հավաստագիր ստանալու համար: Որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի վարչարարության կրճատմանը: