Այսօր Մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհուրդը կքննարկի Կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը
Այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի կունենա Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներսում հասունացած խռովության շուրջ քննարկումը: Նախարար Հասմիկ Պողոսյանի հանձնարարականով թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը կազմել է գեղարվեստական խորհրդի 9 հոգուց բաղկացած կազմ, որին կմիանան նաև նախարարության ներկայացուցչական կազմից մի քանիսը, այդ թվում՝ Մշակույթի նախարարը, կքննարկեն թատրոնի ներսում ստեղծված իրավիճակը՝ այն հույսով, որ կգտնվեն բարեհաջող ելքեր՝ Կամերային թատրոնը բնականոն աշխատանքային գրաֆիկի վերադարձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում 168.am-ը համակողմանի մի քանի անդրադարձ է կատարել թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ նախօրեին մենք լսել ու ներկայացրել ենք թատրոնի հիմնական դերասանական կազմի բողոք-դիմումն ու վերջիններիս մեկնաբանություններն այդ առնչությամբ:
Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից թատրոնին հրաժեշտ են տվել Արմեն Մելիքսեթյանի հետ այնտեղ վերադարձած թվով 10 դերասաններ՝ Խորեն Չախալյանը, Աելիտա Գևորգյանը, Սոնա Քոլոզյանը, Շողակաթ Միքայելյանը, Անգին Համբարձումյանը, Նոնա Ղուկասյանը, Դավիթ Խաչատրյանը, Արմինե Ավետիսյանը, Հայկազ Փայտյանը, Արևիկ Ավետիսյանը: Թատրոնից դուրս մնացածների թվում է նաև ռեժիսորի ասիստենտ Արա Ասատուրյանը, ով, ինչպես ինքն ասաց, աշխատավարձի խնդիր չունի: Հնարավորինս օբյեկտիվ և անաչառ լուսաբանում ապահովելու նպատակով՝ 168.am-ը լսել է նաև նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ, և ստորև ներկայացնում ենք նաև բողոքող այդ կողմի ընդհանրական տեսակետը՝ հասունացած կոնֆլիկտի թեմայով:
Հատկանշական է, որ թատրոնի նախկին դերասանների հետ մեր հանդիպման ողջ ընթացքում գրեթե բոլորը միաբերան բողոքում էին դեկտեմբեր ամսվա աշխատավարձի խնդրից: Սկզբում տպավորություն էր, թե թատրոնի տնօրինությունն օրենքի խախտում թույլ տալով՝ ոչ լիարժեք է վճարել լուծարված դերասանական կազմի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, թեև ավելի համակողմանի քննարկման հետևանքով պարզվեց, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել: Առկա է հետևյալ պատկերը. թատրոնի լուծարված դերասաններին աշխատավարձի մի մասը վճարվել է մի օր, մյուս մասը՝ հաջորդ օրվա ընթացքում: Այս կազմի մեջ չեն մտնում, թերևս, երկու աշխատակից, որոնք դեռ շարունակում են աշխատել վերոհիշյալ թատրոնի կազմում, բայց սեփական պատճառաբանություններով հայտնվել են բարկադի մյուս կողմում՝ Արմեն Մելիքսեթյանի կողքին, և, ի տարբերություն մնացածների, նրանք, այնուամենայնիվ, իրենց իսկ վկայությամբ՝ դեկտեմբեր ամսվա աշխատավարձը ստացել են կիսատ: Նրանք են ՝ կոնցերտմայստեր (նվագակցող) Իրինա Իորդամովան և գրական-երաժշտական մասի վարիչ (երաժշտական մասի պարտականությունները կատարող) Լիլիթ Թալանչյանը:
Դերասաններից գրեթե բոլորը զարմացած էին, թե ինչպե՞ս է գլխավոր ռեժիսորի հեռացման դիմում-բողոքի տակ հայտնվել 39 ստորագրություն, համարելով, որ ըստ իրենց, օրինակ, թատրոնի ադմինիստրատիվ մասի ներկայացուցիչներից ոմանք որևէ հիմք չունեն պահանջելու Արմեն Մելիքսեթյանի հեռացումը: Նրանցից մեկը նույնիսկ հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ, օրինակ, թատրոնի հավաքարարը պետք է պահանջեր գլխավոր ռեժիսորի հեռացումը: Թեև հիշեցման կարգով նրան հորդորեցին չխոչընդոտել որևէ մեկի սահմանադրական իրավունքը՝ սեփական կամքն ազատորեն արտահայտելու առնչությամբ, անկախ նրանից, թե վերոհիշյալ թատրոնում ինչ դեր կամ աշխատանքային պարտականություն է կատարում բողոքող կողմից յուրաքանչյուրը:
Հաջորդ բողոքը պայմանավորված էր թատրոնի շենքային ոչ բարեկարգ վիճակով: Թեև հայտնի է, որ Երևանի Կամերային երաժշտական թատրոնը բոլորովին վերջերս է ենթարկվել կապիտալ վերանորոգման, այնուամենայնիվ, բողոքող այս կողմը նշեց, որ իրենց համար օբյեկտիվ պայմաններով իրենք նախընտրել են աշխատել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում: Նրանք բողոքում էին թատրոնի ներսում եղած տհաճ հոտից, որին իրենցից շատերը չեն դիմանում, և որը, ըստ նրանց փաստարկների՝ կապված է այնտեղ առկա մեծ չափով մկնդեղի առկայությամբ: Բողոքողներից մեկը՝ ռեժիսորի ասիստենտ Արա Ասատուրյանը, թատրոնը բնութագրեց՝ որպես «կռիսանոց», որտեղ աշխատելու տարրական պայմաններ չկան: Հարկավ, կոռեկտ չէ նման բնութագրումով բնորոշել մշակութային օջախը, որտեղ, իրենց իսկ հավաստմամբ՝ ամենուրեք մկնդեղ է շաղ տված՝ խնդրից խուսափելու համար, ու որի հոտն այնքան վանում է այնտեղ աշխատել չցանկացող դերասաններին…
Դերասաններից մի քանիսը բողոքեցին «Հայրեններ» ներկայացման համար իրենց իսկ նյութական միջոցներով գնված մասիկների խնդրից: Վերջիններս ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պետք է ներկայացման մեջ զբաղված դերասաններն իրենց միջոցներով ապահովեն անհրաժեշտ թատերական պարագաները, և գուցե թե նրանք իրավացի են: Այս հարցը երևի պետք էր ուղղել թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանին՝ ստանալու համար սպառիչ պատասխան այն առնչությամբ, թե ինչո՞ւ թատրոնը չի ապահովում թատերական ներկայացման համար անհրաժեշտ այս կամ այն պարագան, բայց վերջինս բացառում է լրագրողների հետ որևէ կոնտակտ՝ պատճառաբանելով սեփական լռությունը նախապես ունեցած պայմանավորվածությամբ՝ չխոսել լրագրողների հետ՝ մինչև Մշակույթի նախարարության կողմից նախաձեռնված գեղարվեստական խորհրդի նիստի ավարտը:
Քննարկմանը ներկա դերասանուհիներից, թերևս, միայն Սոնա Քոլոզյանն անդրադարձավ թատրոնի ժանրային շեղվածության խնդրին՝ արդարացիորեն վերհանելով այն փաստը, որ իրենք հրավիրվել էին աշխատելու երաժշտական թատրոնում, այլ ոչ՝ դրամատիկ:
Տեղեկացնենք, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վաստակավոր մանկավարժ, վոկալի մասնագետ, պրոֆեսոր Ռոմելա Գրիգորյանը, ով նույնպես դեմ է թատրոնի ժանրային խաթարմանը, իսկ թատրոնում վերջինս աշխատել է պայմանագրային հիմունքներով և վոկալի դասեր է անցկացրել թատրոնի դերասանական կազմի հետ: Ինչպես պարզվեց քննարկման ընթացքում, նա կիսում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի տեսակետներն ու թատրոնի զարգացման տեսլականն ու աջակցում է վերջինիս՝ թատրոնը բերելու նախկին ժանրային ուղղվածությանը, այն է՝ երաժշտական թատրոնի կարգավիճակին:
Հատկանշական ու ակնհայտ էր, թերևս, մի հստակ փաստ՝ թատրոնի հիմնական դերասանական կազմի և լուծարված մասի հետ առանձին-առանձին հանդիպումները ցույց տվեցին, որ խնդրի շուրջ հակասական տեսակետներ որդեգրած անխտիր բոլոր դերասանները՝ հին թե նոր, հաշտ են միմյանց հետ, նրանք նույնիսկ կարոտում են միմյանց և միասին աշխատած ժամանակները: