«Ուոլթերի բանաձևը հակասում էր 20 տարվա վաղեմություն ունեցող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին». ինչու ԵԽ ԽՎ-ն չհաստատեց զեկույցը
168.am-ի հարցերին պատասխանում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը
– Հետևել եք, թե ինչպես քվեարկվեցին ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ մտցված երկու հակահայկական բանաձևերը: Արդեն իսկ մեկնաբանություններ եղան, որ բրիտանացի զեկուցաբեր Ուոլթերի զեկույցի չընդունումը հայկական դիվանագիտության հաղթանակն էր, որ վերջին պահին, դժվարությամբ, բայց հաջողվեց բեկանել զեկույցի վերջնական ընդունումը: Իրականում սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կն էր, թե՞ ԵԱՀԿ համանախագահների, որոնք ճիշտ ժամանակին մի քանի անգամ սթափեցնող գնահատականներով հանդես եկան՝ թույլ չտալով ԵԽ ԽՎ–ին ներթափանցել ՄԽ մանդատի շրջանակ:
– Վերջին պահին արդյունքի հասնելը դիվանագիտական աշխատանքի որակի լավագույն բնութագիրը չէ: Այո, որոշ բարեփոխումներ տեղի են ունեցել, մի շարք պատվիրակությունների հետ աշխատանք է տարվել, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն էլ են կարևոր դեր խաղացել, քանի որ նմանատիպ բնույթի հայտարարությունները ոչ կողմնակալ պատվիրակների կողմից պիտի հաշվի առնվեին: Սակայն կարևոր էր նաև այն, որ առաջարկված բանաձևն իր որոշ ձևակերպումներով հակասում էր ավելի քան 20 տարվա վաղեմություն ունեցող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և ԵԱՀԿ հռչակագրին:
– Հակահայկական զեկույցների այս շրջափուլը կարելի է ավարտված համարել: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, ըստ Ձեզ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նկատմամբ հեղինակություն ստեղծելու համար: Ի՞նչ հետևություններ պետք է անել այս շրջափուլից:
– Շարունակելով նախորդ միտքս, կավելացնեի, որ պետք է հաշվի առնել, որ դիվանագիտական աշխատանքն արդյունավետ է այն դեպքում, երբ հենվում է ժառանգականության, պետականության ավանդույթի վրա: Խնդիրներն այդպե՛ս են լուծվում, ո՛չ բոցաշունչ ելույթներով` ինչպիսիք, օրինակ, հնչել էին ԵԽ ԽՎ նախկին նիստերում, ո՛չ էլ «խավիարային դիվանագիտության» մասին հիստերիայով, որի հերթական դրսևորման վկաները դարձանք վերջերս: