Որևէ Ընտրական օրենսգիրք քաղաքական կամքին չի կարող փոխարինել
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո քաղաքական թատերաբեմում գլխավոր դերակատարի «կարգավիճակը» ստանձնում է նոր Ընտրական օրենսգրքի մշակումը: Այս օրերին իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում պատգամավորների հետ՝ ընդհանրացնելով ապագա օրենսգրքի պատկերը, որը, ըստ էության, սահմանելու է 2017-ի խորհրդարանական ընտրությունների խաղի կանոնները՝ «սահմանադրական նոր դրույթների» համաձայն:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ԸՕ-ի հետ կապված պատրաստ են «ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում»՝ լավագույն Ընտրական օրենսգիրք ընդունելու համար: «Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին: Մենք մեր հերթին՝ պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի և, աշխատելու ենք բաց և թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը և դրա ամրապնդումը»,- ասել էր Ս.Սարգսյանը:
Ընտրական օրենսգրքի աշխատանքային խումբ՝ որպես այդպիսին, ինչպես սահմանադրականն էր, չկա: Գաղափարների ու մոտեցումների կենտրոնացմամբ զբաղվում են նախկին սահմանադրական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը, նաև արդարադատության նախկին ու ներկա նախարարները՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը փետրվարի սկզբին կներկայացվի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: ՀՀԿ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ նախատեսվում է շատ մանրամասն և լայնածավալ քննարկումներ կազմակերպել:
Ուշագրավ է, որ չնայած Ս.Սարգսյանի հայտարարությանը, նախնական քննարկումներին ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն հրավիրվել: Թե ո՞րն է դրա պատճառը, Հ.Սահակյանը պատասխանեց, որ ծանոթ չէ ընթացակարգերին. «Քանի դեռ նախագիծը չկա՝ որպես այդպիսին, ամբողջական մոտեցումը դեռ հստակեցված չէ, զերծ կմնամ տեսակետ հայտնելուց»:
Նա հայտնեց, որ Սահմանադրության պահանջն է, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի մինչև հունիսի 1-ը: Ժամկետի սղության վերաբերյալ Հ.Սահակյանը նշեց, որ, եթե նախագիծը փետրվարի սկզբին ներկայացվի ԱԺ, ապա կհասցնեն հանգամանալից քննարկումներ կազմակերպել, եթե ապրիլին գա՝ չեն հասցնի:
Նոր ԸՕ ընդունման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը շուրջ 2 շաբաթ առաջ հանդես էր եկել 7 կետանոց նախապայմաններով, հայտարարելով, որ «գործող իշխանության օրոք Հայաստանում անցկացված բոլոր համապետական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեները կեղծվել են» և «հիմնական չարիքը համակարգային ընտրակեղծարարությունն է», և նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը որևէ «իմաստ կունենա», եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր խնդիրները՝ մաքրվեն ուռճացված ընտրացուցակները, ընտրողների ստորագրած ցուցակները հասանելի լինեն ստուգումների համար, քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և հարակից տարածքը տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, կիրառվի մատների թանաքոտման և ստուգման հուսալի մեխանիզմ, կամ անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին, և այլն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց առաջարկներին արձագանք եղել է միայն մամուլում, իսկ գրավոր պատասխան ՀԱԿ-ում չեն էլ սպասում, քանի որ իրենք իրենց առաջադրած կետերը գրավոր չեն ներկայացրել:
«Պաշտոնական արձագանք չի եղել, միայն տարբեր պատգամավորների ելույթներ-հարցազրույցներում են արձագանքներ եղել»,- ասաց Ա.Մանուկյանը:
Հարցին, թե այս պայմաններում ԸՕ-ի քննարկումներին ՀԱԿ-ի մասնակցության հարցն ինչպե՞ս է որոշվելու, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ դրա հետ կապված ևս որևէ պաշտոնական առաջարկ չի եղել ՀԱԿ-ին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ԸՕ-ում փոփոխությունների հետ կապված առաջարկներ ներկայացնելու կարիք չկա, քանի որ իշխանությունը շատ լավ գիտի՝ ինչ է պետք անել, որ նորմալ ԸՕ գրեն: Ամեն դեպքում, Ա.Մարտիրոսյանի կարծիքով, որևէ Ընտրական օրենսգիրք քաղաքական կամքին չի կարող փոխարինել:
«Այսօրվա ԸՕ-ում էլ գրված չէ, որ պետք է լցոնումներ անել, ծեծուջարդ անել տեղամասերում, հանձնաժողովների անդամներին կաշառել, տարատեսակ կեղծիքներով զբաղվել, բայց անում են և անպատիժ են մնում: Այնպես որ, որքան էլ ԸՕ-ն կարևորենք, այնուամենայնիվ, առանց քաղաքական կամքի հնարավոր չէ նորմալ ընտրական գործընթաց ապահովել»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
ԲՀԿ-ն արդեն լծվել է առաջարկների մշակմանը: Դրանք կներկայացնի այն ժամանակ, երբ նախագիծը ներկայացվի ԱԺ, և քննարկումներ սկսվեն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում առաջին հերթին՝ կարևորեց թափանցիկության խնդիրը: Ըստ նրա՝ խնդիրը 2 մասի է բաժանվում, մեկը՝ տվյալ օրվա քվեարկության հետ որևէ «պրետենզիա» չունենալու խնդիրն է, այսինքն՝ այդ օրն ամեն ինչ պետք է էլեկտրոնային եղանակով արձանագրվի, որպեսզի ցուցակ հրապարակելու խնդիրը դուրս գա: Երկրորդը, Մ.Մելքումյանի խոսքով, կապված է ծրագրային անվտանգության ապահովման հետ՝ էլեկտրոնային քվեարկության դեպքում սերվերին միջամտելու որևէ տարբերակ կա՞, թե՞ ոչ, որպեսզի այդ հարցն էլ կանխվի. «Կարծում եմ՝ այստեղ նաև միջազգային կառույցների աջակցությամբ պետք է խնդիրը կոմպլեքս լուծվի:
Երաշխիքներ են պետք տեխնիկական մասով»: «Երկրորդ ուղղությունն ընտրատարածքների խոշորացումն է: Ես կողմ եմ, որ մինչև 10-11 ընտրատարածքներ մնան, որովհետև հակառակ դեպքում մարզային ազդեցությունը մնում է: Ինչքան խոշոր, այնքան վարչական ու ֆինանսական ռեսուրսի ազդեցության չափը կնվազի: Երրորդ՝ փակ և բաց ծրարների խնդիրն է, քաղաքական թիմի համամասնությունը, թե կուսակցությունից որ մասն է ռեյտինգային մասնակցելու, ես կողմ եմ 50/50 տարբերակին: Նաև պետք է մանրակրկիտ նայել ԸՕ-ում դիտորդների ինստիտուտը, վստահված անձինք, հանձնաժողովի անդամները, նախընտրական քարոզարշավի խստացումը, օրինակ, գումար ծախսելու հետ կապված, զանգվածային միջոցառումների, և այլն: Խնդիրն ամբողջ ընտրական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումն է»,- ասաց Մ.Մելքումյանը:
Հարցին՝ արդյոք ԸՕ-ի փոփոխությունը կկանխի՞ ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նախկինում լցոնումներն արտառոց էին, հետո կարծես վերջին տարիներին չկային, այսինքն՝ վարչական ու ֆինանսական ռեսուրսն աշխատում էր, և մարդն արդեն կողմնորոշված գնում ու ընտրում էր: Այժմ նախընտրական քարոզարշավը խստացվում է, և քվեարկության օրվա լուրջ հարցն էլ էլեկտրոնային համակարգն է, որ լուծում է ընդամենը մասնակիցների թափանցիկության խնդիրը»: