«Եթե Շուշանիկը դատվեց, դատվելու է ամենավերջում»
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալումն ապօրինի է եղել: Երեկ այս մասին հայտարարում էին նրա պաշտպաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը: Հունվարի 22-ին Շ. Բախշյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով, ձերբակալվել, ապա դատարանը քննիչին պարտավորեցրել էր արգելանքից ազատել բժշկուհուն:
Երեկ Ալ. Սիրունյանը նախ` ցավակցություն հայտնեց Մ. Մարգարյանի ընտանիքին՝ նշելով, որ խստագույնս պետք է պատժվի նա, ով մեղք ունի ծննդկանի մահվան հետ կապված:
«Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի այդ տանջված ընտանիքը, որն ապագա տարիների ընթացքում, իրոք, լինելու է սգի մեջ, անմեղ զոհ է ուզում, այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում, իրոք, պետք է բացահայտվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ քրեական գործի հարուցումից հետո Շ. Բախշյանն առանց ծանուցագրի երկու անգամ հարցաքննության է ներկայացել, քննության ընթացքում նույնիսկ դիմումով հայտնել, որ բացակայելու է երկրից և վերադառնալու է. բժշկուհին ԱՄՆ մեկնելու անժամկետ վիզա ունի: Ներկայացնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ փաստաբանն ասաց, որ հունվարի 21-ին քննիչն իրեն հեռախոսով տեղեկացրել է, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, և հունվարի 22-ին հրավիրել դրան ծանոթանալու. նշվածը օրը 4:03-ին իրենք ներկայացել են քննչական մարմնին, իսկ 4:23-ին բժշկուհուն ձերբակալել են՝ առանց քննչական, դատավարական գործողություն կատարելու:
Ըստ փաստաբանի՝ հունվարի 22-ը պատահական չի ընտրված եղել. «նրանք չէին սպասում», որ պաշտպանական կողմը ձերբակալման որոշման դեմ բողոքը դատարան կհասցնի՝ այն փակվելուց 20 րոպե առաջ. «Իրենց հույսը հետևյալն էր՝ ուրբաթ ձերբակալեցինք, շաբաթ-կիրակի չի աշխատում, ոչինչ, երկուշաբթի տանում ենք, ժողովրդի լեզվով ասած, սանկցիայի»:
Նշենք, որ Շ. Բախշյանին ձերբակալելու ցուցում տվել է դատախազը: Հարցին՝ արդյոք իր կարծիքով` դատախազի ցուցումը չկատարելն օրինակա՞ն է, փաստաբանը պատասխանեց, որ դա ավելի շատ տեղեկատվություն էր իրենց համար. «Մենք հիմա չենք ասում, որ պարոն Բաղմանյանն է մեղավոր (խոսքը գործով քննիչի մասին է.- Օ. Հ.): Մենք ասում ենք, հարգելի պետություն, այս ի՞նչ արեցիք»:
Հարցին, թե ինչո՞ւ ջերմության առկայության պայմաններում Մ. Մարգարյանը չի հոսպիտալացվել, Ա. Սիրունյանը պատասխանեց, որ ծննդկանը 2015թ. հուլիսի 26-ին` կիրակի օրը, հոսպիտալացվել է. «Հուլիսի 24-ին, որը ուրբաթ օր էր, այո, Շ. Բախշյանը գտնվել է հիվանդանոցում: Մ. Մարգարյանը (ընդ որում, երբեք չեք լուսաբանում, որ Մերի Մարգարյանն ինքն էլ էր բժիշկ) եկել է հիվանդանոց՝ Շ. Բախշյանի մոտ՝ ասելով՝ ջերմություն եմ ունեցել, դրա համար եկել եմ: Լավ ես արել, որ եկել ես: Անցել է բոլոր անալիզները»: Նրա խոսքով՝ չի լուսաբանվում, որ Շ. Բախշյանը գինեկոլոգ է, բժշկուհին ուղարկել է նրան թոքաբանի մոտ, ռենտգեն հետազոտության. «թոքերից հասկացողն» ասել է, որ նա թոքերի, արյան խնդիր չունի, այս պահի դրությամբ տաքություն չունի. «Այս պահի դրությամբ ջերմություն չունի, այս պահի դրությամբ՝ հուլիսի 24-ի դրությամբ, արյան անալիզը հուշում է, որ ջերմության հիմք չկա: Ի՞նչ պիտի անի գինեկոլոգը»: Նա նշեց, որ մեղավորը պետք է պատժվի: «Գործը քննվում է արդեն 6-րդ ամիսը: Ես եմ հարցը տալիս, Շուշանիկն է այդ հարցը տալիս, ո՞վ է մեղավորը, բերեք դատենք,- ասաց նա՝ հավելելով,- Եթե Շ. Բախշյանն է լինելու օրինական մեղավորը, մենք խնդիր չունենք»:
Դիտարկմանը, որ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետք է հնարավորինս շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում` կեսարյան հատման միջոցով, Ա. Սիրունյանն արձագանքեց, որ հուլիսի 27-ի առավոտյան «Շենգավիթ» բ/կ-ի գինեկոլոգիական ողջ անձնակազմը կեսարյան հատմամբ ծննդալուծման հարց է բարձրացրել. «Ի պատասխան դրա` անեսթեզիոլոգիայի ծառայության մասնագետներն ասել են՝ այս վիճակով (անալիզներ էին արել) ուղեղի հարց կա այստեղ, նևրոպաթոլոգի հարց կա, նարկոզ չենք կարող տալ»:
Ա. Սիրունյանն ասաց, որ միջնորդելու են լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն նշանակել՝ նշելով, որ գործը պետք է օբյեկտիվ քննվի: Նրա խոսքով՝ փորձաքննությունը թերություններ ունի, Շ. Բախշյանի անունը չկա, չկա որևէ այլ անձի անուն: «Փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ Մ. Մարգարյանը մահացել է HELLP հիվանդությունից. մի հիվանդություն, որի բուժման համար նոբելյան մրցանակ են խոստանում արդեն տասնամյակներ: Հիվանդություն, որը որպես կանոն՝ առաջանում է հղիների մոտ՝ հղիության վերջին շրջանում, և ժամերի ընթացքում մարդը մահանում է: Դա հաստատվել է, որ մահացել է HELLP-ից: Ես ձեր հարցը շատ լավ հասկանում եմ, ամիսների ընթացքում տալիս եք՝ ինչո՞ւ չեն հոսպիտալացրել: Թողնենք Շուշանիկին: Բերեք մեր բանականությունը մի քիչ միացնենք: Մահացել է մի հիվանդությունիցգ Աստված հեռու պահի: Հոսպիտալացնեիր՝ մահանալու էր, չհոսպիտալացնեիր՝ մահանալու էր»: Փաստաբանն ասաց, որ ավելի բանական կհամարեր, որ բոլորին ձերբակալեին, ով առնչվել է հիվանդի հետ, այդ թվում` Շ. Բախշյանը. «Գոնե կհասկանայինք, որ օբյեկտիվություն են ուզում պարզել: Ո՞նց, այդ ամբողջ ցեպոչկայի վերջում գտնվողի՞ն եք ձերբակալում»: Հարցին՝ Շ. Բախշյանի դիրքորոշմամբ` Մ. Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս սխալ կամ բացթողումներ թույլ տվե՞լ է, փաստաբանը պատասխանեց. «Խոսքս հիմա էլ հիշեք: Եթե մարդ դատվեց այս գործով, դա հաստատ Շ. Բախշյանը չի լինելու: Խախտում եմ հիմա «Փաստաբանության մասին» օրենքը, հրապարակային էլ արգելված բան եմ անում՝ դա հաստատ Շ. Բախշյանը չէ»: Նա ասաց, որ բժշկուհին իր պարտականությունները նորմալ է կատարել. «Հիմա պարզապես հիշեք, որ այսօր՝ ամսի 25-ին, փաստաբան Սիրունյանն ասաց՝ Շուշանիկը եթե դատվեց, դատվելու է ամենավերջում»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Շ. Բախշյանի ձերբակալման մասին իմացել են հունվարի 23-ին՝ առավոտյան, մամուլից, պարզվել է, որ նա ձերբակալվել է հունվարի 22-ին. «Ձերբակալման հիմքը մեզ հայտնի չէր, որովհետև զուտ դատավարական առումով մենք նրա ձերբակալման գործընթացին մասնակցելու, ձերբակալման արձանագրությունը ստանալու իրավունք չունենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչն է ձերբակալման հիմք հանդիսացել: Բացի դա՝ բողոքարկմանը, դատարանում բողոքի քննությանը ևս չենք կարող մասնակցել, հետևաբար` եթե չենք մասնակցում, վերադասության կարգով բողոքարկելու հնարավորություն էլ չունենք:
Այսինքն՝ չենք կարող ասել, թե ինչն է դատարանն իրավաչափ կամ ոչ իրավաչափ դիտել: Ճիշտ է՝ մեզ հետաքրքրում է ընթացակարգը, թե ինչ հարկադրանքի միջոցներ են կիրառվում, որովհետև տուժող կողմը պահանջ է ներկայացրել, որպեսզի նրա նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրվի հետագայում, մեղադրանք առաջադրվի, խափանման միջոց կիրառվի: Իհարկե, իրավիճակը դժգոհություն, մի փոքր վրդովմունք առաջացրեց տուժող կողմի հարազատների մոտ, բայց մենք իրավական առումով քննարկեցինք: Վերջիններս հասկացան, որ մենք այս մասով բողոքարկելու իրավասություն չունենք»:
Անդրադառնալով հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը կասկածի տակ դնելուն, փաստաբանն ասաց, որ պիտի հիմնավորում ներկայացնեն. «Կասկած հարուցելու դեպքում որևէ մեկը չի սահմանափակում վարույթն իրականացնող մարմնին համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրենց իրավունքը: Իսկ եթե ես այդ տեսակետի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնեմ, ապա, իհարկե, ծանոթացել ենք եզրակացությանը: Կան հարցեր, որոնց պատասխանները մեզ ևս մի փոքր մտածելու տեղիք տվեցին, որովհետև կային փաստաթղթեր, և մենք գտնում էինք, որ իրավաչափ չեն եղել գրառումները կամ դեղորայքային նշանակումները, բայց փորձագետները գտել էին, որ դա բավարար է: Այսինքն՝ այն մանր հարցերն էին, որոնք մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ չեն եղել»:
Մ. Թովմասյանը հարց հնչեցրեց, թե կասկածո՞ւմ են, որ Շ. Բախշյանը չի հոսպիտալացրել հիվանդին. «Առաջին օրվանից ինքն էլ է ընդունել, որ այդ հիվանդին չի հոսպիտալացրել: Այսինքն՝ այլ բան չէին կարող գրել, բժիշկներն էլ գրել են, որ այո, չհոսպիտալացնելը սխալ է եղել: Երկրորդը՝ 24-ին, 25-ին դիմել է բուժկենտրոն, էլի չի հոսպիտալացվել և հետազոտության չի ենթարկվել: Սա էլ է անվիճելի հանգամանք: Համապատասխան գրառումներ կան: Իրենք ուրի՞շ բան են գրել, ուրի՞շ բան են արել, մենք հակառա՞կն ենք ասում: Ոչ»:
Մ. Թովմասյանն ասաց, որ կա համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաև՝ լրացուցիչ ապացույցներ, որ Շ. Բախշյանը հեռախոսազանգով «Պարացետամոլ» է նշանակել, կա նաև ախտորոշում, որով ծննդկանն ուղեգրվել է «Էրեբունի» բ/կ. «Եթե նայում ենք այդ ախտորոշումը, դատաբժշկական փորձաքննության համարժեքում տեսնում ենք լրիվ ուրիշ ախտորոշում, լրիվ ուրիշ մահվան պատճառ: Խնդրեմ: Կասկածո՞ւմ են»: Նրա խոսքով՝ հուլիսի 27-ի ժամը 9-ի դրությամբ արյան բիոքիմիական հետազոտության արդյունքներով հստակ երևացել է, որ սկսվել է լյարդի արագ քայքայում. «Նույնիսկ այդ անալիզի պատասխանն իրենց չի սթափեցրել ու չի հանգեցրել կեսարյան հատում անելու գաղափարի իրագործմանը»:
Անդրադառնալով այն կարծիքին, որ Մ. Մարգարյանը մահացել է HELLP սինդրոմից, և հոսպիտալացվեր էլ՝ մահանալու էր, չհոսպիտալացվեր էլ՝ մահանալու էր, Մ. Թովմասյանն ասաց, որ բացի մի շարք հանգամանքներից՝ հիմնավորվել է, որ հուլիսի 23-27-ի ժամը 9-ը Մ. Մարգարյանի հետազոտության արդյունքները դրական են եղել՝ որոշ շեղումներով. «Այնպիսի շեղումներ, որոնք թույլ էին տալիս և կեսարյան հատում անել, և մարդու կյանքը փրկել, եթե, իհարկե, արվեր կեսարյան հատում, և ավելի չզարգանար, ավելի չխորանար: Իսկ հուլիսի 27-ին ժամը 9-ից հետո նոր սկսվել է լյարդի քայքայումը: Այսինքն՝ եթե ասենք, որ հուլիսի 23-ից Մ. Մարգարյանի մոտ HELLP համախտանիշ է եղել, հուլիսի 23-ից նրա լյարդը սկսել է քայքայվել, կստացվի պարզապես գործի տվյալներից ամբողջությամբ հեռու իրազեկված անձի ասածներ»:
Հարցին՝ արդյոք տուժող կողմի կարծիքով՝ կա՞ն այլ անձինք, ում պատասխանատվության հարցը ևս պետք է բարձրացվի, Մ. Թովմասյանն ասաց, որ առաջին իսկ օրվանից հարազատները մեղադրել են Շ. Բախշյանին. բայց երբ իրականացրել են հիվանդանոցից վերցված փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն և մասնակցել են հանձնաժողովային փորձաքննությանը, իրենց տեսակետը հայտնել են փորձագետներին. «Մենք դիրքորոշում հայտնեցինք, որ այս փաստաթղթերի համատեքստում, նաև նախարարի հրամանները, առողջապահության մյուս չափորոշիչները ուսումնասիրելով, հասկացանք մի բան՝ այստեղ պատասխանատվությունը չպիտի լինի միայն Շ. Բախշյանինը:
Դրա համար ինքս հարցերի մեջ ներառել եմ՝ հնարավորինս մանրամասն նշել պարտականությունները՝ ով ինչ պետք է աներ, ով էր պարտական, և այլն: Եթե մամուլին հետևում եք, ես մի քանի լրատվամիջոցների ասել եմ նաև հերթապահ բժիշկների անուններ, բաժնի վարիչի անուն, որոնք, ըստ մեզ, պատասխանատվության իրենց մասը պետք է ունենան այս գործում: Ասեմ, որ այդ առումով արդեն համապատասխան միջնորդություն է ներկայացվել քննչական մարմիններին և Դատախազություն: Երբ եզրակացությունը ստացվեց, և հասկացանք, որ գլոբալ հարցի հետ գործ ունենք, ոչ միայն Շ. Բախշյանի, իր ծնողները հստակ նշեցին՝ քանի որ առաջին օրից էլ Շ. Բախշյանը հայտարարել է՝ մեղավոր անձինք թող պատժվեն, իրենք, այո, կողմնակից են՝ ով մեղավոր է, թող պատժվի: 5-ը, 6-ը թե 7-ը կլինենգ Մեզ համար թվաքանակը չէ, մեզ համար մեղավորության և պատասխանատվություն կրելու սկզբունքն է գործում»: