Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, առնչություն ունի ԿԳԲ-ի նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանը. բրիտանական զեկույց
Այսօր Լոնդոնում ներկայացվել են 2006թ. նոյեմբերի 23-ին մահացած ռուս սպա, Պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ), այնուհետ ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի աղմկահարույց գործով դատական հետաքննության արդյունքները, հայտնում է The Guardian-ը:
Զեկույցը հրապարակվել է հետաքննության նյութերի հիման վրա, որը անցկացվել է 2015 թվականի հունվարից հուլիս ամիսներին:
Զեկույցի համաձայն՝ բրիտանական դատարանը չունի բավարար թվով ապացույցներ, որ պոլոնիում-210-ը, որի միջոցով թունավորվել է Լիտվինենկոն, ունի ռուսական ծագում: Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպայի մահվանը «ենթադրաբար, անչություն ունեն ռուսական իշխանություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»:
Սպանության կատարողներ են նշվում նախկին հետախույզի գործընկերները՝ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյն ու գործարար Դմիտրի Կովտունը, ովքեր հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները:
ՌԴ Պետդումայի անվտանգության ու կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյը «ծիծաղելի» է համարել Սքոթլանդ-Յարդի՝ Լիտվինենկոյի սպանությանն իր առնչության մասին հայտարարությունը:
Նշվում է, որ Լուգովոյն ու Կովտունը գործել են Անվտանգության դաշնային ծառայության հրամանով: Դատավորի կարծիքով՝ օպերացիան կարող էր հավանության արժանացած լինել ՌԴ հատուկ ծառայությունների տնօրեն Նիկոլայ Պատրուշևի ու ՌԴ նախագահի կողմից:
2000 թվականին Մեծ Բրիտանիա մեկնած Լիտվինենկոյի ինքնազգացողությունը սկսել էր վատանալ Լուգովոյին ու Կովտունի հետ Լոնդոնի Millennium հյուրանոցում համատեղ թեյախմությունից հետո
Բրիտանացի փորձագետները նախկին գործակալի օրգանիզմում հայտնաբերել էին ռադիոակտիվ պոլոնիումի զգալի քանակություն:
Հիշեցնենք, որ մահից առաջ Ալեքսանդր Լիտվինենկոն ստացել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: