«Վրաստանն, Իրանն ու Հայաստանը «Գազպրոմի» հետ բանակցություններում չպետք է կորցնեն զգոնությունը». Իրակլի Մենագարիշվիլի

«Դեռ միայն կարելի է ենթադրել` ինչի շուրջ են բանակցում «Գազպրոմն» ու Վրաստանը, և ինչու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով «Գազպրոմ»-Վրաստան բանակցությունների գազի մատակարարումներին:

Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, «Գազպրոմն» ու Վրաստանը բանակցում են Հայաստան մատակարարվելիք գազի հավելյալ ծավալների դիմաց Վրաստանին տրանզիտի համար տրվող գազի ծավալի շուրջ:

Այլ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական «SOCAR»-ը, որը գազի հիմնական մատակարարն է Վրաստանում, չի բավարարում Վրաստանի պահանջը, ուստի Կախա Կալաձեն բանակցում է «Գազպրոմից» գազ գնելու շուրջ, որին դեմ է Վրաստանի ընդդիմությունը՝ պնդելով, որ այդ գործարքը Վրաստանին կգցի Ռուսաստանից կախվածության մեջ:

Ըստ վրացական ընդդիմության՝ Վրաստանի իշխանությունները կասկածելի գործարքների մեջ են «Գազպրոմի» հետ, որի բաժնետեր է նաև Բիձինա Իվանիշվիլին, որի միջոցով Վրաստանի իշխանությունները ցանկանում են ռուսական գազ վերավաճառելով՝ հավելյալ գումարներ աշխատել Ռուսաստանի հետ: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքով՝ «Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել:

Ինչպես հայտարարել է Կալաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, վրացական կողմը կտրականապես իր անհամաձայնությունն է հայտնել «Գազպրոմի» պահանջներին, որպեսզի Վրաստանը Հայաստան գազի տարանցման վճարը ստանա ոչ թե հումքով, այլ գումարով, իսկ ռուսական ընկերությունն էլ բացահայտ ակնարկել է, որ այդ դեպքում Հայաստանին գազ կմատակարարի Իրանի միջոցով: Ինչպես հայտնի է, Վրաստանը Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար ստանում է գազի 10 տոկոսը՝ համաձայն Վրաստանի ու «Գազպրոմի» միջև գործող պայմանագրի:

«Բնականաբար, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք նման պայմաններ առաջ քաշեցին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպմանը մեզ ուղիղ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով: Հնարավոր է, որ առաջին տարում ողջ ծավալը մատակարարելը բարդ կլինի, սակայն հաջորդող տարիներին «Գազպրոմը» կօգտվի նման տեխնիկական հնարավորությունից»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Վրաստանի ԱԳ նախկին նախարարն ասաց, որ բանակցություններն իսկապես անորոշ են, քանի որ բանակցային յուրաքանչյուր փուլից հետո հակասող տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ: Առաջինը, ըստ նրա, այն է, որ Վրաստանը ցանկանում է գազ գնել «Գազպրոմից», մյուսը` բանակցում է «Գազպրոմի» հետ՝ տրանզիտը հումքով ստանալու շուրջ, ըստ մեկ այլ տեղեկության` Իրանը Վրաստանի հետ համաձայնության է եկել:

«Մենք չգիտենք` ի՞նչ է իրականում կատարվում: Կարող ենք միայն ենթադրել: Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական «Գազպրոմն» ունենալով որոշակի խնդիրներ՝ փորձում է խախտել պայմանավորվածությունները վրացական կողմի հետ, այնինչ Վրաստանը տարիներ շարունակ «Գազպրոմից» տրանզիտի դիմաց հումք ստանալով՝ ամբողջությամբ ծածկել է իր գազի պահանջը:

Իսկ ներկայումս ստացվում է, որ «Գազպրոմն» անակնկալ կերպով հրաժարվում է տրանզիտի դիմաց հումքով վճարել, ինչը խնդիր է դառնալու Վրաստանի համար, քանի որ Վրաստանը ստիպված է լինելու վերափոխել իր պայմանագրերը «SOCAR»-ի հետ՝ այլ ելք չունենալու դեպքում: Վրաստանի համար անելանելի իրավիճակ կստեղծվի նաև այն դեպքում, եթե «Գազպրոմն» Իրանի միջոցով գազ մատակարարի Հայաստանին»,- ասաց Մենագարիշվիլին՝ շարունակելով, որ ռուսական կողմի այս գործողություններն ուղղված են Վրաստանին ճնշելուն և ստիպելուն, որ գազ գնի Ռուսաստանից:

Նրա համոզմամբ` Ռուսաստանը սրանով և՛ քաղաքական խնդիրներ է փորձում լուծել, և՛ տնտեսական, քանի որ «Գազպրոմը» ներկայումս ցանկանում է հնարավորինս շատ գազ սպառել և նոր շուկաներ փնտրել:

«Վրաստանն, Իրանն ու Հայաստանը «Գազպրոմի» հետ բանակցություններում չպետք է կորցնեն զգոնությունը: Հայաստանն այս ամենի հետ որևէ առնչություն չունի, Հայաստանի համար ամենակարևորը գազ ստանալն է, թե դա որ կողմից կլինի, Հայաստանը, ըստ էության, չի կարող թելադրել: Հայաստանը կարող է իր գազի պահանջի ողջ ծավալը ստանալ Իրանից կամ Ռուսաստանից»,- ասաց Մենագարիշվիլին:

Վերջինիս համոզմամբ՝ այս բանակցությունների ետևում կարող է մեկ այլ դավադրություն թաքնված լինել: «Հայաստան մատակարարվող գազն Իրանին զիջելով՝ Ռուսաստանը սկսի գազ վաճառել Վրաստանին՝ համաձայնությունների միջոցով փակելով իրանական գազի մուտքը դեպի Եվրոպա: Սակայն սրանք դեռ ենթադրություններ են: Բանակցությունների հետագա ընթացքը հստակություն կմտցնի իրավիճակում»,- նշեց Մենագարիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս