Բաժիններ՝

Վա՞տ, թե՞ ավելի վատ

«168 Ժամի»` նախորդ տարվա վերջին համարի լույս տեսնելուց մինչ այսօր շատ ժամանակ չի անցել` 1 ամսից էլ պակաս։ Սակայն այդ մեկ ամիսն այնքան հարուստ էր իրադարձություններով, որ, թերևս, կբավականացներ ամբողջ տարվա համար։
Նավթի գների անկումը շարունակվեց և 1 բարելի գինն իջավ 30 դոլարի հոգեբանական նիշից։ Ռուսական ռուբլին շարունակեց արժեզրկվել, և 1 դոլարի փոխարժեքն արդեն մոտենում է 80 ռուբլու։

Իսկ երկու օր առաջ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարեցին, որ հանում են Իրանի դեմ պատժամիջոցները` կապված ատոմային ծրագրի հետ։ Սա նշանակում է, որ Իրանը կարող է ազատ նավթ վաճառել, ինչի հետևանքով նավթի գնանկումն արագանալու է։

Թե ինչ ազդեցություն կարող են թողնել Իրանի հետ կապված վերջին զարգացումները մեր տնտեսության վրա, ինչ կարող ենք շահել դրանից, ժամանակը ցույց կտա։ Սակայն, որ մեծ հաշվով` սա լրացուցիչ հարված էր Ռուսաստանին, որը դժվարին ժամանակներ է ապրում նավթի պատճառով, անվիճելի է։

Ու այս կտրվածքով, գոնե բացասական հնարավոր ազդեցություններն արդեն իսկ ուրվագծվում են։ Ասել, որ միջազգային ասպարեզում ու մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները բացասական ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա, կնշանակի` ոչինչ չասել։ 2015-ի արդյունքներով մենք արդեն զգացել ենք այդ բացասական ազդեցությունը։ Նախ` Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումների մասով, որոնք 2015 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել էին ավելի քան կես մլրդ ԱՄՆ դոլարով։ Երկնիշ թվով կրճատվել է ՀՀ-ՌԴ արտաքին առևտրաշրջանառությունը։ ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները նույնպես անկում էին ապրել։

Թե ինչ կլինի այս տարի, դժվար չէ կանխագուշակել։ Իրավիճակն այն աստիճանի է լրջացել, որ փոխվել է անգամ ՌԴ պաշտոնյաների հռետորաբանությունը։ Նախկին լավատեսությունը, թե նավթի գների անկումից Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի փլուզվի, այլ հակառակը` կարող է շահել, վերացել է։ ՌԴ-ում արդեն խոսում են զգուշավոր և չեն բացառում անգամ սեկվեստորի (բյուջեի ծախսերի կրճատման) հավանականությունը։

Օրինակ` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օրերս ելույթ ունենալով Գայդարյան ֆորումի ընթացքում, բաց տեքստով հայտարարեց, որ նավթի գնանկման շարունակվելու պարագայում անհրաժեշտ կլինի նախապատրաստվել տնտեսության «վատագույն սցենարին»։ Ըստ ՌԴ վարչապետի, այդ դեպքում հարկ կլինի ճշգրտել պետական բյուջեի որոշ պարամետրեր, որոնք հաշվարկվել են 50 դոլար/բարել գնի հիման վրա. «Մեր քաղաքականության հիմնական սկզբունքը պետք է մնա նույնը` ապրել միջոցներին համապատասխան»:

Որոշ փորձագիտական գնահատականների համաձայն` նավթի 1 բարելի $25 գնի դեպքում, եթե կառավարությունը պահպանի բյուջետային ծախսերի ծավալը և լրացուցիչ եկամուտներ չներգրավի, բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ-ի 7.5%-ը (նախատեսված 3%-ի փոխարեն)։ Իսկ դատելով նավթի գնի վերջին օրերի վարքագծից` այդ սցենարը լիովին իրատեսական է։

Լավատեսությունը կորցրել են նաև ՌԴ տնտեսական բլոկի ղեկավարները։ Օրինակ` տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը զգուշացրել է, որ ցածր գների ժամանակաշրջանը կարող է ձգվել տարիներ և անգամ տասնամյակներ։ Իսկ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նաև ասել է, որ նախարարություններին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել` ծախսերը 10%-ով կրճատելու ուղղությամբ։
Մի խոսքով, ռուսներն արդեն իրենք խոստովանում են, որ տարին չափազանց դժվար է լինելու, և, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճի համեստ կանխատեսումը կվերանայեն` 2016-ի համար անկում նախատեսելով։

Իսկ թե դա մեր տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ, կարելի է պատկերացում կազմել Համաշխարհային բանկի վերջին զեկույցից։ ՀԲ-ն վերջերս կոնկրետ գնահատել էր, թե ինչ ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսության անկումը։

Ըստ ՀԲ մասնագետների` Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1 տոկոս անկումը Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6 տոկոսային կետով։ Կոնկրետ օրինակով խոսենք. եթե 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմեց 3%, իսկ Ռուսաստանում գրանցվեց 3%-անոց անկում, ապա կարող ենք ասել, որ դա մեր տնտեսական աճը նվազեցրել է 1,8 տոկոսային կետով։ Այսինքն` եթե Ռուսաստանը գոնե զրոյական աճով փակեր տարին, ապա մեր տնտեսությունը 3%-ի փոխարեն` կաճեր 4,8%-ով։

Սա չափազաց վատ է, քանի որ վկայում է մեկ երկրից մեր տնտեսական շատ խորը կախվածության մասին։

Ու այս տեսանկյունից նայելու դեպքում` խնդիրն այն չէ, որ ՌԴ-ի տնտեսական վիճակը վատանում է, տրանսֆերտներն էլ` նվազում։ Տրանսֆերտների նվազումը խնդիրների այսբերգի երևացող մասն է միայն։ Չմոռանանք, որ 2000-ականներին մենք բողոքում էինք տրանսֆերտների շեշտակի աճից, որի պատճառով դրամն արժևորվում էր և վնասում տեղի արտադրողներին։ Այսինքն` մեր տնտեսության համար և՛ տրանսֆերտների աճն է վնաս, և՛ նվազումը։ Մեր տնտեսությունն այս առումով նման է թմրամոլի, որին թմրանյութի կոնկրետ չափաբաժին է պետք։ Անհրաժեշտ քանակից քիչ լինելու դեպքում տնտեսությունն ընկնում է ցնցումների մեջ (ինչպես վերջին 1 տարում), շատ լինելու դեպքում առաջանում է «տպՐպՊՏջՌՐՏՉՍՈ»-ի վտանգ (ինչպես 2000-ականներին)։

Ու ՀՀ իշխանությունները, կառավարությունները, թեպետ տարիներ շարունակ խոսում են այս կախվածությունը վերացնելու անհրաժեշտության մասին, սակայն գործնականում տեղի է ունենում հակառակը` կախվածությունն ավելի է խորանում, իսկ կառավարություններն իրենց գործողությունները բխեցնում են «թմրանյութի» քանակի դինամիկայից։

Ինչո՞ւ չեն թուլացնում այդ կախվածությունը` չե՞ն ցանկանում։ Ցանկանում են, սակայն չեն կարող։ Տնտեսական առումով կախվածությունն ամբողջությամբ վերացնել, իհարկե, հնարավոր չէ, և դրա կարիքն էլ չկա։ Սակայն թուլացնել և դուրս գալ վտանգավոր գոտուց հնարավոր է։ Դրա համար պետք է առավելագույնս օգտագործել տնտեսական աճի և զարգացման հնարավոր ներքին ռեսուրսները և Սփյուռքի հնարավորությունները։ Այդ պոտենցիալն ամբողջությամբ օգտագործել հնարավոր է, եթե բնակչությունը վստահություն ունի պետական համակարգի նկատմամբ։

Իսկ վստահության առանց այն էլ չնչին պաշարը գրեթե զրոյացել է նախորդ տարեվերջի սահմանադրական հանրաքվեից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս