Կարո՞ղ է, արդյոք, նվազել գազի գինը
Անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք գործարարների հանդիպման ժամանակ հայտնի դարձավ, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր` ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում: Արդյոք Ռուսաստանը կհամաձայնի՞ կրկին էժանացնել Հայաստանին մատակարարվող գազը: Արդեն անցած տարի ռուսական գազի գինը ՀՀ սահմանին 1000 խմ դիմաց 189 դոլարից իջել էր 165 դոլարի: Եվ արդյոք ՀՀ իշխանությունների ձայնը լսելի կլինի՞ ռուս գործընկերների կողմից:
«168 Ժամի» այս հարցերին ի պատասխան` ՀՀ Ազգային ժողովի գազային հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ գազի դիմաց վճարենք ռուսական ռուբլով, ինչի մասին անցած տարի հայտարարել էր ՀՀ վարչապետը.
«Դեկտեմբերին ՌԴ համապետական մաքսային ծառայության «Таможня» հանդեսին տված հարցազրույցում էլ ասել էի, որ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելը ճիշտ է, և, քանի որ ռուբլու արժեզրկման հետևանքով 189 դոլարից իջեցում եղավ 165-ի, իսկ հիմա նորից արժեզրկում է եղել, ապա մենք չենք կարող անընդհատ գազի դիմաց ավելի շատ վճարել, քան իրական արժեքն է:
Այս առումով շատ հիմնավորված եմ համարում, և որքան շուտ՝ այնքան լավ: Ես կարծում եմ, որ սա քաղաքական հարց է Ռուսաստանի համար, և մեր սպառման ծավալն էլ մեծ չի, ընդամենը 1.7 մլրդ, առավելագույնը` 2 մլրդ խորանարդ մետր գազ է Հայաստանը ներկրում, որը մեծ խնդիր չի առաջացնի ռուսական «Գազպրոմի» համար: Կարծում եմ` համաձայնելու հավանականությունը մեծ է»:
Մ. Մելքումյանը դժվարացավ որևէ թիվ նշել, թե որքանով կարող է նվազել ՀՀ մատակարարվող գազի գինը, քանի որ դա կապված է ռուբլու արժեզրկման հետ, իսկ նավթի գնի տատանումները դեռ շարունակվում են, իրավիճակը կայուն չէ, և միայն կայունացումից հետո կարելի է հաշվարկներ անել:
Ըստ նրա` պետք է լինի կա՛մ գնի իջեցում, կա՛մ ռուսական ռուբլով վճարում, որը բովանդակային առումով նույնն է:
Մ. Մելքումյանը նշեց, որ, եթե գազային հանձնաժողովի այն հարցադրումները (օրինակ` տեխնոլոգիական կորուստների իջեցման, առևտրային հաշվարկների օպտիմալացման, ուռճացված որոշակի ծախսերի նվազեցման, ներքին գնումների համակարգի օպտիմալացման, և այլն) ուսումնասիրվեն, սահմանից մինչև սպառող գազի գնի նվազեցման որոշակի ռեզերվներ կարելի է ակնկալել: Սակայն, նրա խոսքով, այս պահին դեռ որևէ գործնական փոփոխություն չկա. «Բայց ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ այնուամենայնիվ պետք է գնալ, եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ տնտեսություն, անպայման պետք է այն եզրակացությունները, որ հանձնաժողովը տվել էր, հարցադրումներն արել էր, անպայման այդ ուղղությամբ աշխատել»:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դժվարացավ կարծիք հայտնել, թե հիմքեր կա՞ն գազի էժանացման համար, և որո՞նք են դրանք: Նա լուրերից է տեղեկացել հայկական կողմի առաջարկի մասին. «Հիմնավորումներ և հաշվարկ է պետք` հասկանալու համար: Ես հիմա կոնկրետ առաջարկի հիմնավորումներից տեղյակ չեմ: Բայց եթե նման բան լինի, բնական է, դրական ազդեցություն կունենա և՛ գործարար աշխարհի, և՛ արտադրողների, և՛ ընդհանուր պետության համար»: Ս. Ավետիսյանի կարծիքով` քաղաքական առումով, որպես ռազմավարական գործընկեր, ՌԴ-ն, հնարավոր է, ընդառաջի հայկական կողմի խնդրանքին:
Հարցին, թե` ինչո՞ւ մինչ օրս արձագանք չկա դեռ անցած տարի սեպտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին` ԵՏՄ-ում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առևտուրը կատարել ռուբլով և հրաժարվել դոլարից, իշխանական պատգամավորը պատասխանեց, թե միշտ չէ, որ միանգամից պատասխան է լինում. «Ամեն հարցադրման հետ էլ կան որոշակի խնդիրներ, որ պետք է այդ ամեն ինչը լինի, որ դրա արդյունքում պատասխանը լինի: Հիմա չեմ կարծում, որ վարչապետն առաջարկն արել է` առանց հիմնավորման, և մյուս կողմն էլ, միգուցե, այդ հիմնավորումներն է ուսումնասիրում, որ վերջնական պատասխան տա»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը գտնում է, որ շատ հետաքրքիր հարց է, թե որո՞նք են գազի էժանացման հիմնավորումները. «Անկեղծորեն ասեմ` եթե Ռուսաստանը գտնի, որ դեմը խաղացող կա, գործոն կա, իհարկե, կգնա գազի գնի նվազեցման: Ինչո՞ւ է ամբողջ Եվրոպայի համար էժանացնում, Բելառուսի համար էժանացնում գազը: Բայց եթե տեսնի, որ դեմը բողոքող չկա, ինչպես միշտ է լինում, ինչո՞ւ պետք է էժանացնի»:
Ըստ նրա` էժանացնելու տեղ իսկապես կա` նավթի գինը նվազագույնը 2 անգամ նվազել է, այսօր արդեն 28 դոլար է, իսկ գազի գինն ուղղակիորեն կապված է նավթի գնի հետ: Այսինքն, նշեց Ա.Մանուկյանը, գազի գինն իջեցնելու տեխնիկական և շուկայական հիմքերն ակնհայտ են, մնում է կամքի խնդիրը. «Իսկ կամքն էլ հետևյալն է` եթե ռուսները տեսնեն՝ դեմը պահանջող, խաղացող կա` ի դեմս ՀՀ իշխանության, կգնան գնի նվազեցման: Բայց ես ավելի հավանական եմ համարում այդ քայլին չգնալը»:
Ա.Մանուկյանը տարօրինակ համարեց, որ, օրինակ, վրացիներն ու իրանական կողմը քննարկում են իրանական գազը մեր երկրով Վրաստան հասցնելու խնդիրը` առանց Հայաստանի. «Ինչպե՞ս կարող է այդպես լինել: Մի անգամ երեք կողմն իրար հետ էին հանդիպել, բայց դրանից հետո մանրամասները վրացիները պարսիկների հետ քննարկում են առանց հայերի: Եվ մամուլն էլ չի քննարկում, թե ինչ է դա նշանակում: Կարծում եմ` վրացական մամուլը լրիվ այլ բան է ասում, ամբողջովին այլ կոնտեքստ ու քաղաքական խնդիրներ կան: Հայաստանում այդ թեման, կարծես, փակ թեմա լինի: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը չի կարողանում ազդել գործընթացների վրա, իրենից դուրս են որոշվում այդ հարցերը»:
ԵՏՄ-ում փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով կատարելու` Հովիկ Աբրահամյանի առաջարկին արձագանքի բացակայությունը ՀԱԿ պատգամավորին չի զարմացնում. «Ընդհանրապես համակարգված աշխատանք չկա: Օրինակ, կարող եք վերցնել էներգետիկայի բնագավառի հին ռազմավարությունը, որ մինչև 2016 թիվը պետք է գնար, և կտեսնեք, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, բացարձակ կապ չունի այդ ռազմավարության հետ, անգամ չեն համընկնում: Հիմա իրենք վերցրել մի նոր ռազմավարություն են գրել, որն էլի չի խաչվում այսօրվա պրոցեսների հետ: Նույնն է ատոմակայանների, ատոմային էներգետիկայի, փոքր հէկ-երի, հարևան երկրների հետ էներգետիկ փոխանակումների հետ կապված, իրականությունը բացարձակ կապ չունի այն թղթերի և այն ռազմավարությունների հետ, որոնք իրենք ընդունում և հաստատում են` որպես ուղենշային փաստաթղթեր: Այսինքն, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, ես լուրջ չեմ ընդունում, որովհետև մեկ ամիս անց կարող է այլ բան ասել»:
Ի պատասխան հարցին՝ արդյոք «Գազպրոմի» հետ կնքված հայ-ռուսական պայմանագիրը կարո՞ղ է խոչընդոտ դառնալ, և ռուսները դրա վրա հիմնվելով` մերժեն գազի գինը վերանայել, պատգամավորը նշեց, որ դա խոչընդոտ չի կարող լինել, եթե կողմերը համաձայն են, քանի որ շուկայում նոր պայմաններ են առաջ եկել. «Գազի հին պայմանագրերի հետ կապված 32 արձանագրություն կար, որ ընթացքում նոր պայմաններ և նոր անհրաժեշտություններ են առաջանում, և պայմանագրին կից ստորագրվում է նոր արձանագրություն, որը չի հակասում ընդհանուրին: Այսինքն` եթե կողմերը ցանկություն ունեն, և ի հայտ են եկել նոր պայմաններ, ցանկացած բան կարելի է ստորագրել»: