«Միակ հույսը մնում է միջազգային կառույցների ողջամտությունը, նաև ՄԽ հայտնած դիրքորոշումը». Ստեփան Սաֆարյան

Հունվարի 25-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանի քննարկմանը կներկայացվեն հակահայկական 2 բանաձևերը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ: Դրանցում, հիշեցնենք, տեղ են գտել Արցախի համար վիճահարույց մի շարք ձևակերպումներ, և կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, ինչպես նաև՝ հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։ Անցած տարի նոյեմբերին ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովն ու Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովը հավանության արժանացրին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցները՝ չանսալով հայկական կողմի բողոքներին: Արդեն հայրենիքում հայ պատգամավորները եվրոպացիներին ուղիղ կերպով մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Ենթադրվում էր, որ հանձնաժողովների կողմից ընդունված բանաձևերը կընդունվեն նաև ԵԽ ԽՎ լիագումար նիստում, սակայն փորձագետներն արդեն կասկած և հույս հայտնում, որ բանաձևերը, համենայն դեպս՝ այդ տեսքով, չեն ընդունվի:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ միջազգային կառույցները և, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահները հրաշալի հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ փաստաթղթերը տարածաշրջանային կայունության վրա:

«Ադրբեջանն իր ռազմատենչ գործողությունների լեգիտիմացման համար մշտապես փորձել է այս տարիներին կորզել ձևակերպումներ այն մասին, որ այդ տարածքներն Ադրբեջանինն են, Հայաստանն ագրեսոր է, և այլն: Եվ, ցավոք, հայկական պատվիրակությունը, մակերեսային աշխատանքից բացի՝ ցուցադրական ելույթներ, մամլո հաղորդագրություններ, գրեթե ոչինչ չարեց դա կանխելու ուղղությամբ, և, թերևս, անցած տարի աշնանը հանձնաժողովներում դրանց քննարկումը ցույց էր տալիս, թե ինչ վերաբերմունք ունեն և ինչ հարգանք են վայելում մեր պատգամավորներն այդ կազմակերպությունում: Բայց ուրախալի է, որ անցած տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բավականին հստակ դիրքորոշում հայտնեց այդ կապակցությամբ, և, ես կարծում եմ, որ նրա ձայնը լսելի կլինի, որ, ըստ էության, վտանգավոր համարեց այդպիսի բանաձևերի անցկացումը: Ես ուզում եմ հավատալ, որ ԵԽ ԽՎ-ն և ԵԽ ԽՎ ղեկավարությունը պետք է որ տեղյակ լինեն նրա դիրքորոշումներից և, բնականաբար, ի նկատի ունենալով իրավիճակի զգայունությունը, գոնե այդ տեսքով, եթե ոչ ամբողջովին, չընդունեն հիշյալ բանաձևերը»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Ըստ նրա՝ այստեղ ցավալի իրողությունն այն է, որ ՀՀ իշխանություններն իրենք էլ իրենց ձայնն էժանացրեցին՝ հանրաքվեի հետ կապված իրավիճակի հետևանքով, երբ ԵԽ ԽՎ դիտորդական խումբը նույնպես քննադատություն հնչեցրեց Հայաստանում անցկացվող հանրաքվեի կապակցությամբ, նաև վերջին ձերբակալությունները, որոնք էապես թուլացնում են Հայաստանի դիրքերը և խոցելի են դարձնում դրանք, և ՀՀ պատվիրակությունը պետք է խոսի մարդու իրավունքների, դրանց հարգանքի մասին, և այլն:

«Այս կտրվածքով, իհարկե, երբ մեր պատվիրակության անդամները ներքին քարոզչական նկատառումներով հայտարարում են, թե իրենք ծավալուն աշխատանք են տանում, ներեցեք, դրան որևէ կերպ ես չեմ կարող հավատալ՝ ի նկատի ունենալով ոչ միայն այն, որ արդեն բազմիցս տեսել ենք, թե որքան հեղինակություն և հարգանք են վայելում այդ վեհաժողովում, այլ նաև, որ, ըստ էության, նրանք չկանխեցին բաներ, որոնք էապես հարվածում էին իրենց այդ աշխատանքին: Հետևաբար՝ միայն այս փաստը ցույց է տալիս, թե ինչ արժե նրանց կատարած աշխատանքը, և այստեղ, թերևս, միակ հույսը մնում է միջազգային կառույցների ողջամտությունը նաև ՄԽ հայտնած դիրքորոշումը»:

Մեր դիտարկմանը, որ Ադրբեջանն էլ այժմ այնպիսի իրավիճակում չէ, որ նորից հեշտությամբ գրավի եվրոպացիների համակրանքը, քաղաքագետը պատասխանեց, որ ցավալի է, որ այն դեպքում, երբ Ադրբեջանի դիրքերն են չափազանց թուլացած, մենք չկարողացանք այդ շրջանն օգտագործել. «Փաստացի այն երկար ու ձիգ տարիների ընթացքում, երբ Ադրբեջանի հարաբերությունները գնալով վատթարացան, երբ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը գնալով վատթարացավ, ինչին շատ կոշտ արձագանքեցին միջազգային կառույցները և ԵԽ ԽՎ-ն, մենք չկարողացանք այդ բացառիկ հնարավորությունն օգտագործել և կորզել մեզ համար ցանկալի որոշումները:

Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էին մեր պատվիրակները Հայաստանում հիացած արդարանում, թե մենք ինչ խոսեինք, ինչ հարց տայինք Ալիևին, երբ Արևմուտքն ինքն էր, այսպես ասած, փետրահան անում նրան կամ Ադրբեջանին: Կներեք, ուղղակի մխիթարվել կողքից՝ որպես ֆիլմի դիտորդ, այս ամեն ինչով և դրանից ՀՀ-ին և ԼՂՀ-ին չբերել ոչինչ, սա ինքնին արդյունքն է, ավելի ստույգ՝ արդյունքի բացակայություն»:

Տեսանյութեր

Լրահոս