Բաժիններ՝

«Տղաների մեջ պետք է հաղթողի հոգեբանություն սերմանենք, պարտվողի հոգեբանությունը նստվածք է տվել». Վարուժան Սուքիասյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ընթացքում պատասխանել է ֆուտբոլային մեկնաբանների և երկրպագուների հարցերին:

Վարուժան Սուքիասյանը խոսել է հավաքականում տեղի ունենալիք փոփոխությունների, կազմի ընտրության և այլ նորությունների մասին: Ձեզ ենք ներկայացնում նորանշանակ մարզչի նշած նորություները և հավաքականի համար կարևոր մտքերը:

– Տղաների մեջ պետք է հաղթողի հոգեբանություն սերմանենք, պարտվողի հոգեբանությունը նստվածք է տվել: Հավատում եմ այդ տղաներին, մենք նրանց կհանենք այդ վիճակից: Պիցցելին ու մի քանիսը խաղային պրակտիկա չունեն: Պետք է այդ մասին մտածենք:

– Ես բոլոր լրատվամիջոցների համար բաց եմ, և հավաքականն էլ բաց կլինի:

– Աշխատանքներ տարվում են՝ Յուրչենկոյին կրկին հրավիրելու հետ կապված, բայց եթե չստացվեց՝ մեր եղածով կբավարարվենք:

– Մեր դրոշի տակ պետք է խաղան խաղային պրակտիկա ունեցող խաղացողներ: Եթե Մովսիսյանը տեղափոխվի ԱՄՆ, բայց լավ խաղային պրակտիկա ունենա, օվկիանոսը կտրել-անցնելն ու այստեղ գալը խնդիր չի լինի:

– Այսօր հավաքականը ծանր վիճակում է: Լավ ժառանգություն չեմ ստացել: Լինելով մաքսիմալիստ՝ պետք է շտկեմ նախ՝ հոգեբանական վիճակը: Որոշ ժամանակ հետո ֆուտբոլասերը կտեսնի, որ արդար ընտրություններ են լինելու կազմում, ինքս եմ որոշումներ կայացնելու, և մեր խաղով նրանց բերելու ենք մարզադաշտ:

– Հանդիպել եմ որոշ ֆուտբոլիստների հետ, որոշների հետ կրկին պետք է հանդիպեմ: Վերլուծում ենք մեր մրցակիցների խաղերը: Կարծում եմ՝ անպայման կգնամ մեր մրցակիցների խաղերը դիտելու: Բացի «Ուլիսից», բոլոր թիմերից հրավիրվողներ ունենք:

– Բոլորս պիտի միանանք ու մեր Ազգային հավաքականին հանենք այս վիճակից: Բոլորդ պիտի միանաք ու օգնեք ինձ:

– Ես կորոշեմ՝ ում եմ կանչելու, ինչու եմ կանչելու հավաքական: Ով խաղային պրակտիկա ունեցավ, հնարավոր է՝ հրավիրեմ:

– ՀՖՖ նախագահը բոլոր հնարավորությունները տվել է: Ամսի 7-ին կհանդիպենք Երիտասարդական հավաքականին, մարտի 24-ին՝ Բելառուսի հետ: Երկրորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: Այս ընթացքում կհասցնենք ճանաչել: Եթե վատ արդյունք եղավ, պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:

– Լրագրողների հետ հանդիպման կազմակերպումը թողնում եմ ձեզ վրա: Երբ ու որ ժամին ուզեն, ես պատրաստ եմ հանդիպել ցանկացածի հետ:

– Իհա՛րկե կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր չեն հրավիրվի, դա կախված կլինի իմ ցանկությունից ու նրանց խաղային պրակտիկայից: Կամ, եթե անգամ փորձ անեն իրենց մոտ իրենց ես-ը ցույց տալու: Հավաքականն ազգի պատիվն է: Ֆուտբոլն ազգինն է:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս