Միջպետական բանկի «նվերը» Հայաստանին. «Նաիրիտն» այլևս ազատ է
ԱՊՀ Միջպետական բանկն անցած տարեվերջին աննախադեպ նվեր է մատուցել ՀՀ կառավարությանը. Բանկը հրաժարվել է իր իրավունքներից, «Նաիրիտ» գործարանը «վերադարձրել» է ՀՀ կառավարությանը: Այս «պատմական» իրադարձության արձանագրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի վերջին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանի Մոսկվա այցելության ընթացքում:
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պարզելու, թե փոխնախարար Իոսիֆ Իսայանի այցը Մոսկվա ի՞նչ առնչություն ունի ԱՊՀ Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվել, ի՞նչ պայմաններով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ստորագրությամբ պատասխան նամակում նշվում է, որ Միջպետական բանկը 2015 թ. մայիսին դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով զիջել ՀՀ կառավարությանը Միջպետական բանկի իրավունքները՝ «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերության և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ, որոնք առաջացել էին վերջիններիս, համապատասխանաբար՝ 70 մլն դոլար և 110 մլն դոլար վարկեր տրամադրելու պայմանագրերով:
Թե ինչո՞ւ է Միջպետական բանկն ինքը նախաձեռնել և ասել՝ «էստի համեցեք, «Նաիրիտը» տալիս եմ», պարզ չէ:
«ՀՀ վարչապետի 04.06.2015 թ. N465-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ իրավունքների զիջման գործընթացը նախապատրաստելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի.Իսայանը: ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 2-ի N722-Ա որոշմամբ հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին առաջարկել Միջպետական բանկին՝ նախարարության ենթակայության «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ներին 100 դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերության և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջների իրավունքները (մնացորդային ամբողջ անվանական արժեքով), ապահովման միջոցներով հանդերձ»,- ասվում է նախարարի պատասխանում:
Եվ ահա դեկտեմբերի 21-ին Մոսկվայում Միջպետական բանկի և «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ների միջև ստորագրվել են պահանջների իրավունքների զիջման պայմանագրերի և փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտերը: Իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի.Իսայանը, որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, մասնակցել է նշված գործընթացին:
Փաստորեն, առաջին անգամ է շեշտվում, որ ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում «Ռայնովիլի» 70 մլն դոլարի վարկային պարտավորությունը, և ստացվում է, որ օֆշորային ընկերության յուրացրած ահռելի գումարը պաշտոնապես վճարելու ենք մենք՝ հարկատուներս: Եթե հաշվի առնենք, որ 39 մլն դոլարը փոխանցվել է «Նաիրիտի» բաժնետոմսերի դիմաց, հարց է առաջանում՝ մնացած 31 մլն դոլարն ինչի՞ համար են վերցրել, ո՞ւր կամ ո՞ւմ գրպանն է գնացել: Այս հարցերը թերևս, այդպես էլ կմնան անպատասխան՝ մինչև պատկան մարմինները կհամարձակվեն լուրջ հետաքննություն իրականացնել ու լույս սփռել փողերի լվացման այս փաստի վրա: Տարակուսելի է, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունն ինքը չի դիմում Դատախազություն ու «ակամա» աջակցում է «Նաիրիտի» թալանչիներին: Եթե հաշվի առնենք նաև «Նաիրիտի» շուրջ օֆշորային մյուս բոլոր մութ պատմությունները, կնքված գործարքները, պատճառված ամբողջ վնասները, ապա այն կկազմի հարյուր-միլիոնավոր դոլարներ:
Անհասկանալի է, թե ի՞նչ պայմաններով է կատարվել Միջպետական բանկի կողմից պարտքի զիջումը, «Հայգազարդն» ու «Նաիրիտ 2»-ն ի՞նչ պարտավորություններ են ստանձնել: Չէ՞ որ «Նաիրիտը» կոնֆետ չէ, որ պարզ «շնորհակալությունը» բավարար լիներ: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ գործարքի դիմաց «Նաիրիտ 2»-ը զիջի չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերության իր բաժնեմասը բանկին: Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ Էներգետիկայի նախարարությունը չի կազմակերպում մամլո ասուլիս և բաց տեքստով չի հայտարարում այս երկար սպասված իրադարձության մասին, չի տալիս պարզաբանումներ «Նաիրիտի» հետագա ճակատագրի ու վերագործարկման վերաբերյալ:
Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերի սկզբին, նախքան Միջպետական բանկի հետ այս պայմանագրի կնքումը, «Նաիրիտում» կրկին հյուրեր էին հայտնվել: Գործարան էին այցելել «Ռոստեխնոլոգիա» պետական կորպորացիայի ներկայացուցիչները և հետաքրքրվում էին հնարավոր արտադրանքով, ինչպես մի ժամանակ, իրենց հերթին, նման հետաքրքրություն էին ցուցաբերել «Իտեռան», «Ռոսնեֆտը» և այլք: Թե այս պատմությունից ի՞նչ դուրս կգա, և ի՞նչ է սպասվում «ազատագրված» «Նաիրիտին», կերևա ապագայում: