
Դևիդ Բոուին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում. ԶԼՄ-ներ

Լեգենդար երգիչ Դևիդ Բոուին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում ընտանիքի ու ընկերների բացակայությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրին:
Թերթի տվյալով՝ կյանքի օրոք երգիչը ցանկություն էր հայտնել թաղվել առանց «իրարանցման», առանց հրաժեշտի հանրային արարողության:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բոուի հուղարկավորությունը տեղի կունենա Նյու Յորքում, դրան ներկա կլինեն նրա ընկերները, այդ թվում Միք Ջագերը, Բոնոն ու Փոլ Մակ-Քարտնին: Ընդ որում՝ արարողության մանրամասներ ու օր չէին հաղորդվում:
Հիշեցնենք, որ նա մահացել է հունվարի 11-ին 69 տարեկանում: Ռոք երաժիշտի մահվան պատճառը լյարդի քաղցկեղն էր: Այն մասին, որ նա հիվանդ է, գիտեին միայն լեգենդար կատարողի մերձավորները:
Երաժիշտն արժանացել է «Գրեմմիի», Saturn Awards-ի ու այլ հեղինակավոր մրցանակների: Երաժիշտը լայն ճանաչում ստացավ 1960-ականների վերջին Space Oddity կոմպոզիցիայի լույս տեսնելուց հետո, որը դարձավ համաշխարհային ռոքի դասական:
Հունվարի 8-ին լեգենդար երաժիշտը տոնում էր իր 69-ամյակը, նույն օրը տեղի էր ունեցել նրա վերջին՝ Blackstar ալբոմի ռելիզը, որը թվով 27-րդն էր: