Բաժիններ՝

Ես «Թատերական» հրապարակում ընդունեցի ուսանողների ստուգարքը, ու նրանք, ովքեր այդ օրը բացակա էին հրապարակից, անբավարար ստացան. Աբգար Ափինյան

Լույս է տեսել «Մեր գիրքը» ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի 1993 թվականի շրջանավարտների գրական ժողովածուն:

Այսօր Երևանի Պետական համալսարանում հավաքվել էին 23 տարի առաջ՝ բանասիրական ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտները: Հանդիպման առիթը տոնական էր՝ երբեմնի համակուրսեցիները միացյալ ուժերով հրատարակել են «Մեր գիրքը» գրական ժողովածուն, որի շնորհանդեսին ներկա էին Բանասիրության ֆակուլտետի դեկանը, շրջանավարտների նախկին դասախոսներն ու գրեթե մի ամբողջ կուրս:

«Մեր գիրքը» գրական ժողովածուն ընդգրկում է 1993 թ. 22 շրջանավարտների ստեղծագործությունները՝ արձակ էջեր, չափածո, թարգմանություններ և այլն: Ժողովածուի ստեղծման գաղափարը ծնվել է կուրսի հերթական հանդիպման ժամանակ՝ համակուսեցի Ջոն Թորոսյանի կողմից, ով նաև «Մեր գիրքը» գրական ժողովածուի մեկենասն է.

«Գրքի ստեղծման գաղափարը ծագեց, երբ ես ֆեյսբուք սոցիալական ցանցում նկատեցի, որ մեր կուրսի մեջ բավականին շատ են ստեղծագործողները, ու ցանկություն առաջացավ այդ ամենը մեկտեղել մի գրքի մեջ: Այս նախաձեռնությունն աննախադեպ է նրանով, որ այն բացառապես կազմվել է մեր կուրսի ուսանողների կողմից՝ սկսած խմբագրական, սրբագրման, համակարգչային ձևավորման ու մնացած բոլոր աշխատանքներով:

Ցավում եմ միայն նրա համար, որ մեր տպագրատանը չի հրատարակվել, որովհետև միայն այդ բացն է, որ չուներ մեր կուրսը: Այնուհանդերձ, ես հիմա շատ երջանիկ եմ, որովհետև այս դահլիճում են իմ ուսանողական բոլոր ընկերները, որոնց հետ մենք անցանք 88-ի դեպքերն ու դրան հաջորդող մութ ու ցուրտ տարիները»,- ասաց մոսկվաբնակ Ջոն Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում:

23 տարի առաջ՝ բանասիրական ֆակուլտետի 1993 թ. շրջանավարտների թվում է նաև հայագետ, կինոգետ, թարգմանիչ Արծվի Բախչինյանը, ով ևս ներկա էր «Մեր գիրքը» գրական ժողովածուի շնորհանդեսին և 168.am-ի հետ զրույցում հիշեց ուսանողական տարիների հետ համընկած ներքաղաքական հզոր շարժման՝ 88-ի ազատագրական շարժման օրերը. «Ժողովածուի համար ես ընտրեցի «Դրսում 1987 թվականն էր» գեղարվեստական աշխատանքը, իսկ մենք Համալսարան ընդունվել ենք 1988 թվականին: Այս պատմվածքում տեղ գտած տրամադրությունները մեր կուրսում համահունչ և հարազատ կլինեին, որովհետև այդ տարիների դեպքերն ուղենշային էին ինչպես հայ ժողովրդի համար՝ գլոբալ առումով, նաև՝ մեր կուրսի համար՝ մասնավորապես: Մենք մեր կուրսով մասնակցում էինք և դասադուլներին, և նստացույցերին, մի խոսքով, մենք էլ մեր կողմից մեր պայքարի ոգին էինք ներդրել այդ շարժման մեջ: Մեր տղաներից երկուսն ազատամարտիկներ էին, որոնցից մեկը, ցավոք, զոհվեց Արցախյան ազատամարտի տարիներին: Ցավոք, մեր ուսանողության տարիները խաղաղության տարիներ չէին»:

Միջոցառմանը ներկա գրող, հրապարակախոս Աբգար Ափինյանը, որ այդ տարիներին դասավանդում էր այսօր արդեն շրջանավարտ կուրսի ուսանողներին, 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ 88-ի ազատագրական շարժման օրերին ինքը՝ որպես դասախոս, ոչ միայն չի խոչընդոտել ուսանողների ազատ կամքի դրսևորմանը, այլև առաջին ստուգարքն իր դասավանդած առարկայից ուսանողները ստացել են հենց Ազատության հրապարակում.

«Ես հիշում եմ այս կուրսում սովորած անխտիր բոլոր ուսանողներին, թեև քսանից ավելի տարիներ են անցել, և հիշում եմ հատկապես շնորհիվ նրա, որ իրենք հեղափոխական կուրս էին, մասնակցություն ունեցած նաև Ազգային ազատագրական շարժմանը: Հիշում եմ, որ բոլորը հայրենիքին նվիրված ու խանդավառ ուսանողներ էին, իրենց հոգով և էությամբ փոփոխություններին կարոտ սերունդ: Ես այդ տարիներին ոչ միայն քաջալերել եմ նրանց, այլ նաև առաջին դասախոսն եմ եղել, որ հենց «Թատերական» հրապարակում ընդունեցի իրենց ստուգարքը, ու նրանք, ովքեր այդ օրը բացակա էին հրապարակից, անբավարար ստացան»:

Խմբագրական խորհրդի անդամ, համահեղինակ, նախաձեռնության ջերմ աջակից Նորայր Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրքի ստեղծման գաղափարին՝ նշեց. «Այսօրինակ համախմբումները մեր ժողովրդին կարծես այնքան էլ հատուկ չեն: Սա հատվածական մտածողությանը հակադրված դրսևորում է, երբ 23 տարի անց հավաքվում են ուսանողներն ու ժողովածուի միջոցով վերակենդանացնում նորանկախ տարիների ջերմությունը: Սա միայն ողջունելի է, և ես հույս ունեմ, որ սա կդառնա նախադեպ՝ մնացյալ բոլոր շերտերի համար»:

«Մեր գիրքը» ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի 1993 թվի շրջանավարտների գրական ժողովածուի նկարազարդումների հեղինակը համակուրսեցի Անի Հովհաննեսի Շիրազն է: Գրքում ընդգրկված հեղինակներից շատերն այսօր գրողներ, թարգմանիչներ, լրագրողներ և հաջողակ գործարարներ են: 1993 թվի շրջանավարտները հույս ունեն, որ ընթերցողի սեղանին դրվող այս գիրքը կարող է գրական որոշակի ճաշակ և տրամադրություն արթնացնել, թեև խնդրում են, այնուամենայնիվ, ժողովածուում տեղ գտած գրական ստեղծագործությունները խիստ դատով չդատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս