«Հայաստանը կարող է տարանցիկ երկիր լինել, բայց ոչ մոտ ապագայում». գերմանացի քաղաքագետ
«Իրանի ապաշրջափակման դրական հետևանքները զգալի կլինեն ժամանակի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Վալդայ» փորձագիտական ակումբի ներկայացուցիչ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով Իրանի տարածաշրջանային դերի հնարավոր բարձրացմանը:
Ալեքսանդր Ռարը չի կիսում այն տեսակետները, թե կտրուկ բարձրանալու է Իրանի միջազգային ու տարածաշրջանային դերն ու նշանակությունն արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո:
Ըստ նրա, այն, ինչ եղավ Իրաքի հետ, կլինի նաև Իրանի հետ, և կանխատեսումները, թե իրանական էներգակիրները պատժամիջոցների վերացման հաջորդ օրը կգրավեն արևմտյան շուկան, շատ ուռճացված են, քանի որ նման գործընթացների, ենթակառուցվածքների ձևավորման համար տասնյակ տարիներ են անհրաժեշտ:
«Բայց ակնկալում եմ, որ տնտեսական լուրջ փոփոխություններ տեղի կունենան Իրանի ապաշրջափակումից հետո, առևտրային հարաբերությունների ակտիվացում Իրանի և Արևմուտքի միջև: Իրանը միայն ժամանակի ընթացքում կսկսի գազ վաճառել Արևմուտքին»,- ասաց Ռարը` հավելելով, որ կա նաև Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսի գործոնը, որը ևս բացասականորեն է անդրադառնում Իրանի հավակնությունների վրա: Մասնավորապես անդրադառնալով էներգետիկ շուկայում Իրան-ՌԴ մրցակցության հետևանքներին` ասաց, որ Ռուսաստանի համար ևս Իրանի ապաշրջափակումը դրական է:
«Իրանի շուկան բացվելու է նաև Ռուսաստանի համար, ռուսական զենքի համար, որից Ռուսաստանը մեծ գումարներ կաշխատի, քան կկորցնի, եթե Իրանի էներգակիրների շատ արդյունահանման արդյունքում էներգակիրների գներն անկում ապրեն: Ռուսաստանն Իրանին հարևան է, ուստի միանշանակորեն շահելու է ստեղծվող իրավիճակից: Կուզեի շեշտել, որ դրանից կշահեն նաև Հարավկովկասյան երկրները»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Ռարը` պարզաբանելով, որ Իրանի նոր դերը ենթադրում է հնարավորությունների իրացում հարավկովկասյան երկրների միջոցով, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը կարող են տարանցիկ երկրներ դառնալ:
Դիտարկմանը, թե Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում, արձագանքեց՝ ասելով, որ, եթե նախաձեռնությունը հասնի վերջնանպատակին, ապա միայն դրական կլինի Հայաստանի համար՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես:
«Սակայն մենք տեսնում ենք, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացման ֆոնին նոր խնդիրներ են ի հայտ գալիս Մերձավոր Արևելքում, ինչպես իրանասաուդական հակամարտությունը, որում Արևմուտքը կրկին բարդ իրավիճակում է հայտնվում: Այսինքն` նման նախաձեռնությունները դրական կլինեն, եթե դրանք հասնեն իրագործման փուլին, իսկ այդ փուլից դրանք դեռ բավականին հեռու են: Մենք այսօր միայն խոսում ենք ինչ-ինչ հնարավորությունների մասին, այս երկրների ղեկավարները ևս նոր իրավիճակում փորձում են դիրքավորվել, հնարավորությունների իրացման ելքեր գտնել, պայմանավորվել, սակայն հարակից խնդիրները, ինչպես արդեն ասացի, դեռ շատ շատ են»,- ասաց Ռարը:
Հիշեցնենք, որ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:
Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: