«Քրիստոնյաներին շատ կարճ կյանք է մնացել Մերձավոր Արևելքում». Արաքս Փաշայան

«Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ընդհուպ՝ 1979թ.-ից, երբ Իրանում իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ:

Այդ շրջանից Պարսից Ծոցի երկրները միշտ մտահոգված են, որ Իրանը միջամտում է տարածաշրջանի գործերին և օգտագործում շիական համայնքները՝ իր ազդեցությունն ամրապնդելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը՝ հավելելով, որ լարվածության մի նոր սրում սկսվեց «Արաբական գարնան» դեպքերի հետ, և ըստ նրա՝ սիրիական պատերազմն ինչ-որ իմաստով արտացոլանքն էր Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների. «Իրանը ցանկանում է պահել Բաշար Ասադի վարչակարգը, իսկ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը՝ հեռացնել Ասադին իշխանությունից ու իշխանության բերել սաուդամետ ուժերին»:

Հետևաբար, արաբագետի կարծիքով՝ ներկա ճգնաժամն ամենևին էլ նոր չէ, այլ պատճառների մի մասն են միանգամայն նոր. «Պատճառները թե՛ ներքին, թե՛ արտաքին են: Նախ՝ Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր (օրինակ՝ թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանը), որոնք ցանկանում են ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել, բարձրացնել Սաուդյան Արաբիայի միջազգային կշիռը: Սաուդյան Արաբիան միլիոնավոր դոլարներ ներդրեց, որ հեռացնի Ասադին իշխանությունից, բայց դա նրան չհաջողվեց։

Պարսից Ծոցի երկրները, մի քանի տարի է՝ փորձում են խոչընդոտել Իրան-«Վեցյակ» համաձայնագրի առարկայացմանը: Նավթի գնի անկման ֆոնին Պարսից Ծոցի երկրներին, այդ թվում՝ նաև Սաուդյան Արաբիային, իսկապես մտահոգում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչը հնարավորություն կտա Իրանին՝ ակտիվորեն մուտք գործել նավթային շուկա, արտահանել իր նավթը, և այլն:

Այսինքն՝ թե ներքին, թե արտաքին պատճառները շատ են, ու դրանք բոլորն Էրդողանի՝ Էր-Ռիադ այցելությունից հետո նպաստեցին, որպեսզի Սաուդյան Արաբիան իսկապես փորձի սադրել Իրանին»:

Ա. Փաշայանի կարծիքով՝ երկկողմ լարվածությունը վկայում է, որ եթե ինչ-որ տարտամ հույսեր կային, թե սիրիական ճգնաժամը կարելի է ինչ-որ կերպ հաղթահարել, ապա այդ գործընթացը հիմա դառնում է ավելի մշուշոտ.

«Իհարկե, հեռանկարում դեռ հունվարի 25-ի Ժնևի բանակցություններն են, բայց, ամեն դեպքում, սիրիական ճգնաժամի մեջ ներգրավված են թե Սաուդյան Արաբիան, թե Իրանը՝ որպես հակառակորդ կողմեր, այսինքն՝ միանգամայն տարբեր շահեր ու հետաքրքրություններ հետապնդող պետություններ:

Հետևաբար՝ շատ դժվար է լինելու ներկա լարված հարաբերություններում, այն էլ՝ Մերձավոր Արևելքում, հասնել համաձայնության: Այս փուլում խոսել խաղաղության, հակամարտությունների կարգավորման մասին, վիճարկելի է, քանի որ ճգնաժամային իրավիճակում է ոչ միայն Սիրիան, այլ նաև՝ Իրաքը, հակամարտությունները դեռևս չկարգավորված են մնում Պաղեստինում, Լիբիայում, Եմենում, Լիբանանում փխրուն հավասարակշռություն է քաղաքական դաշտում, և կարելի է ասել՝ այս հակամարտության ֆոնին ավելի է խորանում սուննի-շիա հակամարտությունը: Նման դավանական երանգավորումներն առհասարակ ավելի բարդ ու ցավոտ են դարձնում ցանկացած հակամարտություն»:

Ըստ նրա՝ Մերձավոր Արևելքի այն պետությունները, որոնք ներգրավված են սիրիական ճգնաժամում, նույնպես հակազդում են միմյանց դեմ.

«Ստեղծվել է իրավիճակ, երբ բոլոր պայքարում են իրար դեմ: Հակոտնյա պահեր կան նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի դիրքորոշումներում, այսինքն՝ սիրիական հակամարտության մեջ ներգրավված թե միջազգային, թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային ուժերի դիրքորոշումները տարբեր են միմյանցից»:
Հարցին՝ ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, արաբագետը պատասխանեց.

«Մենք Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն ենք կազմում, ճիշտ է՝ գործողություններն անմիջականորեն մեզ չեն առնչվում, քանի որ բուֆերային գոտի մենք ունենք, բայց այնուամենայնիվ, այն փաստը, որ մեր համայնքները Մերձավոր Արևելքում կրել են նյութական, բարոյական, մարդկային շոշափելի կորուստներ, արդեն վկայում է այն մասին, որ մենք տուժել ենք այս հակամարտությունից: Ամեն ինչ այսքանով չի ավարտվում, որովհետև Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների հեռանկարը խիստ վիճարկելի է:

Շատ ու շատ փորձագետներ ասում են, որ քրիստոնյաներին շատ կարճ կյանք է մնացել Մերձավոր Արևելքում, քանի որ նրանց շրջանում մեծ է արտագաղթի տեմպը: Իսկ այն մարդիկ, ովքեր մնալու են Սիրիայում, բնականաբար, խնդիրներ են ունենալու՝ անվտանգության հետ կապված, իրենց երեխաների կրթության, տնտեսական իրավիճակի առումով»:

Տեսանյութեր

Լրահոս