Հայաստանում 30 օրով կալանավորված Բահրեյնի քաղաքացուն կարտահանձնե՞ն

ՀՀ ոստիկանության կողմից օրեր առաջ ձերբակալված Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհելը 30 օրով կալանավորվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ դատախազության ՝ «02.01.2016-ին ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Բահրեյնի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին: Բահրեյնի Թագավորության Ինտերպոլի կողմից հաստատվել է նրա միջազգային հետախուզումը և տրամադրվել կալանքի սանկցիան: 04.01.2016թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի նկատմամբ կիրառվել է կալանավորում 30 օր ժամկետով:

Նույն օրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի համաձայն՝ Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունում առկա փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ արդարադատության նախարարություն»:
Մինչ այդ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ 1990 թ. ծնված Ֆադհել Ռադհին հետախուզվում էր 2014թ. մայիսի 25-ից սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն մեղադրանքով:

Օրեր առաջ, սակայն, միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ «Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար»:

Կազմակերպությունները նշել էին, որ Ռադհիի նկատմամբ Բահրեյնի դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքներն ու հրամանները չպետք է միանշանակ ընդունվեն, և ՀՀ իշխանություններին և Ինտերպոլին կոչ էին արել հաշվի առնել սա: Իրավապաշտպան այդ կազմակերպություններն էին՝ Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորումը, Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոնը, Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդը, Մարդու իրավունքների արաբական կոմիտեն, Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպությունը, Արդարություն իրավապաշտպան կազմակերպությունը, Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոնը, ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնը, Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոնը, «Օման» Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոնը, «Աման» Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանցը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածը նախատեսում է, որ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է ՀՀ արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումն ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Այս դեպքերում դատարանը գործը քննում և որոշում է կայացնում արդարադատության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

Արդարադատության նախարարությունից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ գործը փոխանցվել է նախարարություն: Այլ մանրամասներ չհաղորդեցին:

Տեսանյութեր

Լրահոս