«Մեզ բաժին հասավ տխուր հանդիսատեսի կարգավիճակ». Նորայր Նորիկյանը ՝ Ավետիսյանների սպանության մասին
«Հանրագումարի բերելով ողբերգությանը հաջորդող իրադարձությունները՝ կարող ենք հանգել այն եզրակացության, որ, ցավոք սրտի, պատասխանների փոխարեն՝ ավելի են շատացել հարցերը: Մասնավորապես ինձ համար հարցերի հարցը մնում է հետևյալը՝ արդյոք մեզ հաջողվե՞ց այս քրեական գործի ճակատագիրը տնօրինել ինքնիշխան պետությանը բնորոշ գործիքակազմերի օրինական և ամբողջական գործադրման միջոցով, թե՞ ոչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով նախորդ տարի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության դեպքին:
Փաստաբանն արձանագրեց, որ քրեական գործի ոդիսականն ավելի շատ որոշվեց քաղաքական համաձայնությունների տիրույթում, ինչը նշանակում է, որ իրավաբանությունը կամ արդարադատության իրականացման բուն գործընթացը եթե չի կրել և չի կրում ձևական բնույթ, առերևույթ գոնե ընթանում է բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում:
«Ճիշտ է սա, թե սխալ, այլ հարց է: Ինձ բոլորովին այլ հարց է մտահոգում՝ ունա՞կ է արդյոք մեր պետությունն իրացնելու իր իրավունքները և չեզոքացնելու իր իշխանությանը նետված որևէ մարտահրավերի, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ այս ասպարեզում մենք բավականին լուրջ գործ ունենք անելու: Համեմատությունը գուցե փոքր-ինչ պատկերավոր է, բայց ֆուտբոլային տերմինաբանությամբ ավելի ակնառու կլինի հասկանալ այս գործի վերաբերյալ իրականացված գործընթացները:
Մենք թույլ տվեցինք ռուսական կողմին մեր դաշտում պաշտպանվել և անցնել հարձակման, գրավել մեր դարպասը, զրկել մեզ պաշտպանությունից և հակախաղի որևէ հնարավորությունից՝ ստիպելով անգամ մի քանի ինքնագոլեր գրանցել: Մեզ բաժին հասավ տխուր հանդիսատեսի կարգավիճակ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննությունն ի սկզբանե պետք է իրականացվեր ՀՀ համապատասխան մարմինների կողմից, իսկ Վալերի Պերմյակովը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և իր պատիժը կրեր ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմարկում:
Նորայր Նորիկյանն ասաց, որ տվյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1995թ. և 1997թ. կնքված «ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի և դրա կետերում գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրերով. դրա 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսական ռազմական բազայի որևէ ներկայացուցչի կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ ՀՀ օրենսդրության կիրառմամբ:
Բացառության են կազմում 3 դեպք՝ հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմական բազայի տեղակայման կետերում, հանցագործությունն ուղղված է եղել ռուսական ռազմաբազայի որևէ ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ, կատարվել է զինվորական հանցագործություն. «Գյումրու ողբերգության դեպքում այս երեք բացառություններից որևէ մեկն առկա չի եղել»:
Փաստաբանն ասաց, որ սպանությանը հաջորդող օրերին ՀՀ Գլխավոր դատախազությունն էր «թելում այդ թելը», թե հայկական, թե ռուսական կողմը հղում էին կատարում ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին՝ ընդգծելով, որ դրա ուժով ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել այլ պետության, տվյալ դեպքում՝ ՀՀ-ին.
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչպես նաև՝ որպես իրավաբան, ցանկանում եմ ընդգծել հետևյալը: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով:
Իմ խորին համոզմամբ, ի սկզբանե թույլ տրվեցին հետևյալ կոպտագույն խախտումները:
Առաջին՝ հնարավորություն տրվեց Պերմյակովին հայտնվելու ՌԴ զորքերի իրավազորության տեսադաշտում և հանձնվելու ՌԴ ներկայացուցիչներին: Հարց է՝ մենք կարո՞ղ էինք նրան վերցնել մինչև հանձնվելը, թե՞ ոչ:Կարծում եմ՝ կարող էինք: Մեր իրավասու մարմիններն այդպիսի հնարավորություն ունեցել են:
Երկրորդ՝ հնարավորություն տրվեց ռուսական ռազմաբազայի զինծառայողներին մինչև ատամները զինված շրջելու Գյումրի քաղաքում և «որոնելու» հանցագործությունը կատարող անձին: Սա ընդհանրապես իրավաբանությունից դուրս գործընթաց է եղել. այլ պետության մարմինները մեկ այլ պետության տարածքում որոնում են հանցագործին, պարզապես տրամաբանությունից դուրս գործողություն:
Երրորդ՝ թույլ տրվեց, որ հայտնաբերվելուց հետո Պերմյակովը տեղափոխվի ռուսական ռազմական բազա: Հարցերի հարցն այս պարագայում հետևյալն էր՝ եթե հանցագործությունը կատարվել էր ՀՀ տարածքում, ի՞նչ կապ ուներ և ի՞նչ իրավազորություն ուներ անկախ, ինքնիշխան ՀՀ տարածքում ՌԴ սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը:
Այդ կապը հստակորեն ընդգծվում էր ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների մոտ մինչև այն պահը, երբ Բաղրամյան պողոտայում սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ երիտասարդության կողմից սկսված պայքարը: Եվ հենց այդ ժամանակ էլ՝ հունիս ամսին, բոլորովին անսպասելի հայտարարվեց, որ Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը կհանձնվի ՀՀ իրավասու մարմիններին: Ասել է թե՝ ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածն այլևս պիտանի չէր օգտագործման համար: Եվ այստեղ սկսվեց գործողության երկրորդ մասը»:
Փաստաբանն ասաց նաև, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է ընդունվել արտագնա դատական նիստ անցկացնելու մասին. քրեական գործով դատական նիստերը կայանում են ռուսական ռազմաբազայի տարածքում: Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն արտագնա նիստ անցկացնելու հնարավորություն տալիս է, բայց իր կարծիքով՝ այս դեպքում որոշումն ապօրինի է, քանի որ այդ իրավանորմը դատարանին հնարավորություն չի տալիս արտագնա դատական նիստ անցկացնել ՀՀ իրավազորության տարածքից դուրս գտնվող որևէ այլ տարածքում.
«Այսինքն՝ այս կանխավարկածով որևէ այլ դատարան կարող է պատճառաբանել, որ արտագնա դատական նիստ պետք է իրականացվի Ֆրանսիայի դեսպանատանը կամ երևանյան սրճարաններից մեկում, և դա պատճառաբանի արդարադատության արդյունավետության շահով: Ես կարծում եմ՝ հասկանալի է ընդունված որոշման ենթատեքստը, բայց այստեղ խնդիրը նորից լուծվել է մեր ինքնիշխանությունը զիջելու հաշվին»:
Նորայր Նորիկյանը հարց հնչեցրեց՝ արդյոք կարո՞ղ են համաշխարհային պրակտիկայից վկայակոչել մի դեպք, երբ դատարանն իր պետության գերբն ու դրոշն ամրացնի մեկ այլ պետությանը պատկանող տարածքի սենյակի պատին և իր պետության անունից արդարադատություն իրականացնի:
Փաստաբանը հարց բարձրացրեց, որ, եթե Վալերի Պերմյակովի նկատմամբ ՀՀ անունից մեղադրական դատական ակտ կայացվի, որտե՞ղ է նա կրելու իր պատիժն այն դեպքում, երբ նա ՌԴ դատարանի կողմից արդեն իսկ 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել: Փաստաբանը նշեց նաև, որ դատապարտվելու դեպքում Վալերի Պերմյակովն ունենալու է նաև ներման իրավունք. «Նա ո՞ւմ պետք է դիմի՝ ՀՀ նախագահի՞ն, թե՞ ՌԴ նախագահին»:
Փաստաբանն ասաց, որ Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի ՀՀ-ին, նա պատիժը պետք է կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանը հավելեց, որ «ՀՀ պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ցանկացած սահմանախախտ հանձնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմիններին. սահմանապահներն անձին պարտավոր են հանձնել ՀՀ իրավասու մարմիններին՝ անկախ այն հանգամանքից՝ այդ քաղաքացին որ պետության քաղաքացի է: