«Սա ուղղակի թոզփչոցի է». «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը գոհ չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններից

«Քանի որ գործընթացը թափանցիկ չէ, ես իրավունք ունեմ կարծելու, որ այդ որոշումը կայացվել է հետևյալ կերպ՝ նստել է նախարարը մի քանի հոգու հետ, ասել է՝ «ի՞նչ անենք ձևական, որ ժողովուրդն ասի՝ դե, մալադեց»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների մասին ՝ նման տեսակետ հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արմեն Եփրեմյանն էլ, պատմեց, որ 2014 թվականի սեպտեմբերի 11-ին եղավ նախագահի հանձնարարականն Արդարադատության նախարարությանը, որպեսզի որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Սակայն, նրա խոսքով, անցավ 5-6 ամիս, ու ականատեսը եղանք այդ ամբողջ հանձնարարականի ընդամենը մեկ բաղադրիչի մասնակի բավարարմանը.

«Իհարկե, մեր նախաձեռնությունը բավարարված չէ այս փոփոխություններով: Առարկություններ չունենք, բայց լրացումներ ունենք ու պահանջում ենք, որ կազմվի վարչական իրավախախումների վերաբերյալ նոր օրենսգիրք, ու այնտեղ ներառվեն բոլոր բացթողումները, որպեսզի մենք ունենանք կանոնավոր երթևեկություն մեր հանրապետության տարածքում»:

Նույն նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյան էլ նշեց, որ բալային համակարգը մեր իրականության մեջ իրենց նախաձեռնության առաջարկն է եղել.

«Մենք հեծանիվ չենք հայտնագործել, դա Եվրոպայում էլ է կիրառվել: Մինչև համակարգում համակարգային փոփոխություններ չլինեն, մենք սա նայում ենք՝ որպես նույն գործընթացի շարունակություն, այսինքն՝ եթե նախկինում այդ գծերը տրորելու համար 5 հազար դրամ էր տուգանվում վարորդը, հիմա ուղղակի նախազգուշացումով են բավարարվելու: Բայց նույնն է տեղի ունենալու. եթե մի գործունեության մեջ կա ձեռնարկատիրական մոտեցում և սուբյեկտիվիզմ, մենք համարում ենք, որ օբյեկտիվ գործընթաց չի լինում: Այսինքն՝ այս համակարգում պետք է համակարգային փոփոխություններ լինեն»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր երեկվանից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթի որոշ իրավակարգավորումների մասին: Ըստ այդմ, նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար (ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը և այլն) կիրառել ոչ թե՝ տուգանք այլ՝ նախազգուշացում:

Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը ոչ մի շահագրգիռ կողմի չի հրավիրել այդ օրենքը մշակելու ժամանակ, ու այդ օրենքը «միակողմանի» Արդարադատության նախարարության և Պետավտոտեսչության կողմից է գրվել. «Դրա համար մենք գտնում ենք, որ այդ օրենքում բազմաթիվ բացեր կան, ու դրանում մենք ապագայում բազմիցս կհամոզվենք»:

Ա. Սուլեյմանյանն էլ հայտարարեց, որ փոփոխությունները ձևական են, քանի որ ցանկացած գործընթաց, որը բոլորի համար չէ, կրում է ձևական բնույթ:
Ա. Եփրեմյանի փոխանցմամբ էլ՝ իրենք ակնկալում են՝ հանրային քննարկում կազմակերպվի իշխանությունների կողմից, ու այդտեղ ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը, քաղաքացիական բոլոր ակտիվ կողմերը, որոնք շահագրգռված են հարցում:
«Սա ուղղակի թոզփչոցի է, ուրիշ ոչ մի բան, քանի որ, եթե Արդարադատության նախարարությունն իսկապես ցանկանար այս հարցին լուծում տալ, նախարարությունն ինքը պետք է շահարգիռ լիներ, որպեսզի հասարակական կազմակերպությունները հրավիրվեին, որ իրականում այս բաց հարցերը քննարկվեին ու արդարացի լուծում ստանային»,- նշեց Ա. Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս