«Նոր թեկնածուն նույն քաղաքականությունն է վարելու, ինչ նախկին վարչապետը». Ալիկ Էրոյանց

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի իշխանությունների անցնող տարվա ձեռքբերումներից գլխավորը համարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ, իսկ մյուսը, ըստ նրա՝ Եվրոպական հաձնաժողովի այն դրական եզրակացությունն էր, որը վերաբերում էր Վրաստանի համար ԵՄ երկրներ մուտք գործելու ազատականացման հարցին.

«Ընդհանուր առմամբ, իշխանությունների վարած քաղաքականությունն այդ համատեքստում հաջողված էր: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, անցնող տարվա ընթացքում եղել են բազմաթվ խնդիրներ, մասնավորապես՝ իշխող կոալիցիան մի քանի անգամ առնչվել է կառավարության փոփոխությանը, և վերջին իրադարձությունները, որոնք կապված են հենց վարչապետի հրաժարականի հետ: Հրաժարականի մասին իշխանական վերնախավում իհարկե տեղյակ կլինեին, բայց չէին արտահայտվել, և դա էր պատճառը, որ հասարակության ու քաղաքական լայն շրջանակների համար անակնկալ էր: Ներքաղաքական ու արտաքին քաղաքական բնագավառում այնպիսի իրադարձություններ չէին եղել, որ պատճառ դառնային վարչապետի հրաժարականին: Արդեն նոր վարչապետի թեկնածուն ներկայացված է, բայց մինչև այժմ պարզ չէ, թե որն էր Ղարիբաշվիլիի հրաժարականի պատճառը, նա ևս այդ մասով չի արտահայտվել, նրա թիմակիցներն էլ չեն բացել այդ փակագծերը»:

Վրացագետի կարծիքով՝ հայ-վրացական հարաբերությունների մասով նույնպես կարելի է արձանագրել, որ վերջին տարիներին կողմերին հաջողվել է իրականացնել այնպիսի գործակցություն, որը դրական դինամիկա է հաղորդել ընդհանուր հարաբերությունների զարգացմանը. «Կողմերի արձանագրած հաջողությունները հիմնականում պայմանավորված են այն քաղաքականությամբ, որին ձեռնամուխ են եղել Վրաստանի իշխանությունները, երբ իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան: Պատճառն այն էր, որ նրանք լավ հասկացան, թե որքանով է խորանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը երկրում, ու բնական է, որ իրենց ազգային- պետական շահերի տեսանկյունից առնվազն նպատակահարմար պետք է լիներ հարևանների հետ հավասարակշռված հարաբերություններ վարելը: Այս տեսանկյունից կարևոր էր նաև ռուս-վրացական հարաբերությունների բարելավման գործընթացը»:

Անդրադառնալով այն հարցին, որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին արգելել են մուտք գործել Վրաստան, Ալիկ Էրոյանցն ասաց, որ նմանատիպ քաղաքականություն Վրաստանի իշխանություններն անկախացումից ի վեր վարել են. «Մի շարք հայկական եկեղեցիներ, ընդհուպ՝ մինչև ոչնչացման եզրին են կանգնել, էլ չասենք, թե քանիսն են ընդհանրապես վերացել, թեև վերջին երկու-երեք տարիներին Բիձինա Իվանիշվիլիի Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո հայկական հուշարձանները հայտնվեցին նրանց ուշադրության կենտրոնում: Այդուհանդերձ, այս դեպքը ցավալի է ու այն հարցերից է, որ հայ-վրացական հարաբերություններում, իհարկե, իր բացասական դերը խաղում է: Ե՛վ դիվանագիտական, և՛ պաշտոնական մակարդակով նման հարցերը պետք է բարձրացվեն»:

Կարդացեք նաև

Իսկ հայ-վրացական հարաբերությունները 2016թ. էլ, ըստ նրա՝ չեն փոխվի. «Կարող էր թվալ, թե Վրաստանի վարչապետի հրաժարականով փոփոխություններ կլինեն՝ թե Վրաստանի ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին, նաև՝ հայ-վրացական հարաբերություններում, բայց իմ կարծիքով՝ ինչ-որ փոփոխություններ այդուհանդերձ չեն լինի, քանի որ նոր թեկնածուն նույն քաղաքականությունն է վարելու, ինչ նախկին վարչապետը, որովհետև նրանք նույն թիմն են ներկայացնում ու համախոհներ են»:

 

Տեսանյութեր

Լրահոս