«Հայաստանում արդարադատություն կա, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի». Արփինե Հովհաննիսյան

«Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն կա, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի և այդ արդարադատության կերտման համար մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե ես, թե դուք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ միայն արդարադատության նախարարը չէ պատասխանատու երկրում արդարության մթնոլորտի կերտման համար:

Նախարարն ասաց, որ ցմահ դատապարտյալների հարազատների նամակում բարձրացված հարցադրումներն այն մասով, որոնց համար արդարադատության նախարարությունը պատասխանատու է՝ տեսակցություններ, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններ, անդրադարձ եղել է:

Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ բոլորս կհաջողենք, երբ յուրքանչյուր մարդ զբաղվի իր գործով. «Երբ հացադուլավորները կամ նրանց հարազատներն արդարադատության նախարարից պահանջում են որևէ միջամտություն քրեական գործերի վերաբացման հետ կապված, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ ասել՝ արդարադատության նախարարն այդտեղ որևէ լիազորություն չունի: Ընդհանրապես չունի որևէ լիազորություն: Արդարադատության նախարարությունը պատասխանատու է պատժի կրման պայմանների համար:

Քրեակատարողական հիմնարկները դատապարտյալների պատժի կրումն են ապահովում: Արդարադառտության նախարարությունը չունի որևէ լիազորություն կապված դատական վերաբացման ինստիտուտի հետ:

Կարդացեք նաև

Սա ուզում եմ հատուկ շեշտել, որովհետև երբ արդարադատության նախարարին հարց է ուղղվում, երբ սպասելիքներ են ձևավորվում, երբ ակնկալիքներ են ձևավորվում, բայց կոնկրետ անձը դրա հետ կապված որևէ օրինական, օրինաչափ լիազորություն չունի, ապա այստեղ մենք խնդիր ունենք հակառակ երևույթի հետ: Այսինքն՝ արդարադատության նախարարից մի բան են պահանջում, որն ինքն անելու իրավունք չունի, անելու դեպքում էլ հակաիրավական է լինելու»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հրաշալի հասկանում է խնդիրները, որոնք նրանք բարձրացնում են, խնդիրներ, որոնք իրականում կան ոլորտում, սակայն դրանցից յուրաքանչյուրը պիտի լուծվի քայլերի հաջորդականությամբ. «Միայն տեսակցությունների հարցը շատ արագ օրինագծի տեսքով ներկայացվել է, բայց դա միայն հարցի լուծում չէ կամ ամբողջական լուծում չէ: Դա հերոսական քայլ չէ, որ պետք է ներկայացնել և ասել՝ այս խնդիրը լուծեցինք: Ոչ, օրենսդրական ոլորտում բավականին խնդիրներ կան, և ես կարծում եմ, որ մենք այս առումով անելիքներ ունենք: Ասեմ ձեզ, որ անում ենք: Քրեական օրենսգրքի շրջանակներում խումբն աշխատում է: Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված… սա ամենակարևոր խնդիրն է, որ ի դեպ ցմահ դատապարտյալները բարձրաձայնում են: Ես իրականում կարծում եմ, որ պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի օրենսդրական կարգավորման մեջ բացեր կան:

Ի դեպ, աաեմ նաև, մոր այս հարցի հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով է աշխատում, անկախ միջգերատեսչական հանձնաժողով, որի նկատմամբ կրկին արդարադատության նախարարը որպես այդպիսին ի պաշտոն լիազորություն չունի»: Նա նշեց, որ ցմահ ազատազրկված անձինք պետք է 20 տարի պատիժ կրեն, որպեսզի կարողանան դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Արդարադատության նախարարն ասաց, որ աշխարհի տարբեր երկրների քրեական օրենսգրքերն ու օրենսդրական կարգավորումներն ուսումնասիրելով կարող է ասել, որ այդ ժամանակահատվածն այնպես չէ, որ երկար է:

Նա նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը խնդրահարույց համարվում է ոչ միայն ցմահ դատապարտյալների համար. «Դրա համար մենք այստեղ անելիքներ ունենք օրենսդրական քաղաքականության առումով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս