«Վարդապետի լռությունը» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
Դեկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի փակ դիտումը՝ հատուկ լրագրողների համար: 2 ժամ տևողությամբ ֆիլմի ավարտին հաջորդեց մամլո ասուլիսը ՝ նկարահանող խմբի և դերասանների մասնակցությամբ: Բավականին երկար և թեժ զրույցի ժամանակ բացահայտվեցին հետաքրքիր փաստեր ֆիլմի հետագա «Օսկարային» ճակատագրի, ռեժիսորի՝ ֆիլմում նկարահանվելու դրդապատճառների, ինչպես նաև՝ գլխավոր դերակատար Վարդան Մկրտչյանի համար՝ գլխավոր դերն իբրև հարսանեկան նվեր մատուցվելու վերաբերյալ:
«ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ ներկայացնում են Վիգեն Չալդրանյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի հիշատակին: Ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915-ից հետո…
Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի Լռությունը» վեպի ստեղծման վրա. սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս Վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել «Վիլ-Ժուիֆի» հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը»,- ասվում է մամլո հաղոդագրության մեջ:
Ի դեպ, դեկտեմբերի 26-ին ռեժիսոր Վ.Չալդրանյանի 60-ամյա հոբելյանն էր, ինչպես նաև՝ ստեղծագործական կյանքի 40-ամյակը:
«Շատ սակավ հարցազրույցներ ենք տվել նախքան ֆիլմի պրեմիերան, և դա մեր ռազմավարությունն է եղել, որ մենք լուռ ու մունջ՝ առանց մանրվելու, մեկնաբանություններ տալու, գլուխներս կախ՝ այս ֆիլմն անենք»,- իր խոսքի սկզբում նշեց Վ. Չալդրանյանը:
«Այս ֆիլմը, ի տարբերություն իմ նախորդ՝ շուրջ երկու տասնյակի հասնող փոքր ու մեծ, վավերագրական և խաղարկային ֆիլմերի, տարբերվում է մի բանով՝ սարսափելի, տագնապալի պատասխանատվության զգացումով: Այս ֆիլմում գործ ունեի մի հայորդու հետ, ով, ըստ իս, հայոց խիղճն է եղել, և որին վերադառնալու խնդիր ունենք մենք այսօր: Այս ամենը չէր կարող իմ մեջ չառաջացնել սարսափելի տագնապներ: Յուրաքանչյուրն ունի Կոմիտասի մասին իր մեկնաբանությունը: Իսկ ես պետք է ներկայացնեի իմ՝ անհատականը: Չեմ կարող ասել, թե որքանով է իմ անհատական մեկնաբանությունը համահունչ աշխարհասփյուռ հայերի՝ Կոմիտասի մասին պատկերացումներին, մեկնաբանություններին: Բայց երևի այդքան կարևոր չէ իմ անհատական գնահատականը, որքան որ հանդիսատեսինը»,- հավելեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ էր ֆիլմի հերոսը գրող,Վ. Չալդրանյանը պատասխանեց. «Ես միշտ նկարում եմ ֆիլմեր հիմնականում մտավորականի մասին: Ըստ իս՝ մտավորականն արվեստագետը չէ միայն: Մտավորականն այն քաղաքացին է, որի արարումը նպաստում է ազգի «բարձրացմանը»: Այսօր, սակայն, ոչ ամեն արվեստագետի արարումն է բարձրացնում ազգին, ընդհակառակը՝ երբեմն իջեցնում, նսեմացնում և որակազրկում է: Ինձ հետաքրքիր է մտավորականի տեսակը: Մտավորականն է ձևավորում ազգի տեսակը»:
Մեր դիտարկմանը, որ Կոմիտասի մասին շարունակ առասպելների և սիմվոլների լեզվով խոսելով, տարիների հետ Կոմիտասին առասպելային կերպար ենք դարձրել, և հարցին՝ արդյոք «Վարդապետի լռությունը» ֆիլմն է՛լ ավելի չխտացրե՞ց Կոմիտասի կենսագրության շուրջ կուտակված մշուշը, Վ. Չալդրանյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր ուզում են մանրակրկիտ տեղեկանալ Կոմիտասի կենսագրությանը, կարող են իմ պես փորփրել արխիվները, կարդալ գրքեր նրա մասին…
Կինոյի խնդիրը դա չէ: Կինոյում Կոմիտասի լռությունն էր վերցված՝ որպես փիլիսոփայական կատեգորիա: Եվ այդ լռության շուրջ էր ծավալված այս պատմությունը: Անգամ, եթե ֆիլմում կա առեղծվածային պարուրված շղարշ, ապա, կարծում եմ, որ էկրանից յուրաքանչյուր հային գալիս է այն հարցի պատասխանը, թե ումի՞ց ենք մենք այսօր հեռացել: Ի՞նչ ենք որդեգրել Կոմիտասից՝ որպես արժեք: Հուսով եմ, որ ֆիլմը շատերի մոտ կարթնացնի հետաքրքրություն կամ գոնե ճանապարհ ցույց կտա, որ սկսեն հետաքրքրվել կոմիտասյան արժեքներով»:
Հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ Էդգար Նովենցի դերը ռեժիսորի կողմից հարսանեկան նվեր է եղել դերասան Վարդան Մկրտչյանին, ֆիլմի գլխավոր դերակատարը պատասխանեց. «Ճիշտ է: Հարսանիքիս օրը պարոն Չալդրանյանը քթի միջնապատի վիրահատության էր ենթարկվել և չկարողացավ գալ: Սակայն այդ օրը մեր ֆիլմի տնօրենը կարդաց Վ. Չալդրանյանի նամակը, որում ասվում էր, որ հարգելի պատճառով նա ներկա չէ իմ հարսանեկան ծեսին, սակայն հարսանիքիս ձեռնունայն չէ և ինձ հրավիրում է խաղալու գլխավոր դերն այս ֆիլմում»:
Դերասանուհի Անի Ղազարյանին ուղղված հարցին՝ որքանո՞վ էր հեշտ՝ հանուն դերի՝ սափրել գլուխը, նա պատասխանեց. «Ինձ համար դժվար չէր գնալ այդ զոհողությանը, քանի որ հասկանում էի, թե ինչու եմ դա անում: Սա իմ առաջին դերն է մեծ կինոյում: Կարծում եմ՝ ես այնքան անուղեղ չեմ, որ հրաժարվեի սափրել գլուխս՝ Վ. Չալդրանյանի ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալով: Չգիտեմ, թե հետագայում ինչ դերեր կխաղամ կինոյում, բայց շատ ուրախ եմ, որ հենց սա եղավ իմ առաջին դերը կինոյում»: Ի դեպ, դերասանուհին այժմ արդեն միանգամից երկու ֆիլմում խաղալու հրավեր է ստացել:
Հարցին, թե որքա՞ն ժամանակում են նկարահանել ֆիլմը, ու որքա՞ն է կազմել բյուջեն, Վ. Չալդրանյանը պատասխանեց. «Ֆիլմը նկարահանել ենք շատ կարճ ժամանակում, ինչպես և իմ նախորդ ֆիլմերը: Այս մի հարցով ես պիտի գլուխ գովեմ: Ես լավագույն ֆիլմ արտադրողներից մեկն եմ: Չպիտի թողնես՝ գործը թթվի վրադ: Պիտի կարողանաս մետեորի պես արագ ասելիքդ հասցնես՝ առանց հոգնեցնելու տեխնիկական և դերասանական կազմին: Ընդհանուր առմամբ՝ մեկ տարի: Բյուջեն շատ համեստ է՝«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի» միջոցառումների համակարգող հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը՝ հատկացվել է 50 միլիոն դրամ, ևս 35 միլիոն դրամ հատկացրել է Մշակույթի նախարարությունը»:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ ապագայում մտադրություն կա «Վարդապետի լռությունը» ֆիլմը ներկայացնելու ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է Վ. Չալդրանյանը որոշել կրկին անգամ նկարահանվել իր իսկ ֆիլմում, գլխավոր դերակատար Վարդան Մկրտչյանը պատասխանեց՝ ասելով, թե ինքն է խնդրել Չալդրանյանին:
Մեր հարցին, թե այդ պարագայում ինչո՞ւ է համաձայնել, Վ. Չալդրանյանը պատասխանեց. «Սկզբում այդ դերի համար հրավիրել էի Վահան Արծրունուն, ով հրաժարվեց՝ նշելով, որ ինքը կոմպոզիտոր է, այլ ոչ՝ դերասան: Եվ այդ ժամանակ Վարդանն առաջարկեց, որ ես խաղամ այդ էպիզոդիկ դերը»:
Հ.Գ. Ֆիլմում նկարահանվել են. Էդգար Նովենց՝ Վարդան Մկրտչյան,Սոնա՝ Անի Ղազարյան, Կոմիտաս՝ Արտո Խաչատուրյան, Վաչե Շարաֆյան, Գռաֆսեր սցենարը՝ Վիգեն Չալդրանյանի, մասնակցությամբ՝ Ռուբեն Հովսեփյանի, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան, երաժշտությունը՝ Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի, բանաստեղծությունները՝ Սոնա Վանի, գործադիր պրոդյուսեր՝ Սահականուշ Սահակյան, պրոդյուսերներ՝ Վիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան, Կարեն Ղազարյան: Իսկ բեմադրող-ռեժիսորը, ինչպես արդեն նշեցինք՝ Վիգեն Չալդրանյանն է: