Բաժիններ՝

«Եթե մենք ուզում ենք նվագախումբը քանդենք, քայքայենք, խաղանք նվագախմբի հետ, հետևաբար՝ գլխավոր դիրիժոր պետք չէ». Կարեն Դուրգարյան

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեց Օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ զրուցելու վերջին օրերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների մասին, որի արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։

Հիշեցնենք, որ Օպերային թատրոնում լուծարվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել արվեստագետների շրջանակներում: Օպերային թատրոնի երաժիշտները տարակուսանքի մեջ են, և այս հանդիպումը նպատակ ուներ լույս սփռելու ստեղծված իրավիճակի վրա:

«Մենք խոսում ենք արվեստագետների մասին, և ես ցանկություն չունեմ այսօր խոսել աթոռի մասին»,- այսպես սկսեց իր ասուլիսն արդեն օրեր շարունակ լռություն պահպանած՝ արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

«Նվագախումբը պետք է ունենա ստաբիլ դիրիժոր, որն անընդհատ կլինի նվագախմբի հետ՝ պահպանելով տրադիցիաները և բարձրացնելով, անշուշտ, որակը: Այս առումով իմ պատասխանը կլինի հետևյալը՝ 8 տարի առաջ նախարարությունը կրճատեց գեղարվեստական ղեկավարի հաստիքը, և, երբ ինձ հարցրին՝ ճի՞շտ է, արդյոք, նման որոշումը, առաջին իմ խոսքն այդ ժամանակ եղավ հետևյալը՝ այո՛, շատ ճիշտ է, եթե մենք մտադրություն ունենք քանդենք և քայքայենք թատրոնը, ավերենք, հետևաբար՝ գեղարվեստական ղեկավարի կարիքը չկա: Հիմա իմ պատասխանը հետևյալն է՝ եթե մենք ուզում ենք նվագախումբը քանդենք, քայքայենք, խաղանք նվագախմբի հետ, հետևաբար՝ գլխավոր դիրիժոր պետք չէ»:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կարեն Դուրգարյանը խոսեց այն մասին, որ կարող է նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը լինեն մեկ մարդ, համատեղելիությունը հնարավոր է, եթե խոսք է գնում հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ գիտելիքներով ու կարողություններով օժտված մարդու մասին. «Կարևորն այստեղ այն է, թե ինչ ուղղությամբ կտանի նա թատրոնը: Գեղարվեստական ղեկավար կարող է լինել նկարիչը, դիրիժորը, երաժիշտը, և այլն: Սա անձի հարց է, ռուսերեն ասած՝ «калибр»-ի հարց է: Այդ մասնագետը որոշում է թատրոնի ուղղվածությունն առնվազն 7 տարի առաջ, ոչ թե մի քանի ամսվա ընթացքում հրավիրված արտիստների ընտրությունը, ռեպերտուարի հարցերը, և այլն: Գեղարվեստական ղեկավարի անձը պետք է նշաձող լինի, որի աջակցությամբ թատրոնը պետք է առաջ բարձրանա, այդ է պատճառը, որ համաշխարհային պրակտիկայում կան հեղինակավոր ու շատ տաղանդավոր գլխավոր դիրիժորներ, որոնք, այնուամենայնիվ, չեն զբաղեցնում թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սովորաբար նման իրավիճակները մեր երկրում պայմանավորված են տողատակի ներքին պայմանավորվածություններով կամ, այսպես ասած, պատվերներով, հատկապես, երբ շրջանառվում են իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի և Սերգեյ Սմբատյանի անունները, պարոն Դուրգարյանը պատասխանեց. «Դուք ասացիք՝ տողատակ… ես ցանկություն չունեմ քննարկելու այնպիսի բաներ, որոնք օդում կախված և ակնհայտ իրականություն են: Ինձ որևէ մեկը չի կարող հանել, որովհետև ես ունեմ իմ մասնագիտությունը, պաշտոնից կարող են հանել՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, բայց մասնագիտությունս որևէ մեկը չի կարող իմ ձեռքից վերցնել»:

Խոսելով թատրոնում նման որոշման կայացման անհրաժեշտության կամ պատճառաբանվածության մասին, պարոն Դուրգարյանն ասաց. «Մենք ունեցել ենք այնպիսի տնօրեն, ինչպիսին էր, օրինակ, Էդգար Հովհաննիսյանը՝ հասուն, հեղինակություն վայելող, և, համապատասխանաբար՝ նրա ընդունած որոշումներն ու վարած ներքին քաղաքականությունը փոխկապակցված են եղել: Հիմա ունենք մի տնօրեն, որ չգիտես՝ ինչո՞ւ, ասում է՝ կներեք, սա իմ գործը չէ, ես ոչինչ անել չեմ կարող: Հետևաբար՝ ես չեմ ուզում գնահատական տալ, միայն կասեմ, որ չէի ցանկանա այսօրվա զրույցը լիներ, թե ով ինչ է ասում, կամ դու ինչ ես պատասխանում: Ես դրան պատրաստ չեմ, հավատացեք»:

168.am-ի այն հարցին, թե այնուամենայնիվ ո՞րն է եղել իրեն հանձնված ծանուցագրի մեջ ներկայացված պաշտոնական այն պատճառը, որով ինքը համարվել է աշխատանքից ազատված, դիրիժորը պատասխանեց. «Ինձ համար շատ տարօրինակ էր այն, որ թղթաբանությունը, որը ես ստացա, որով ինձ ծանուցվում էր, որ ես պետք է ազատեմ պաշտոնը, ինձ նախազգուշացվեց ընդամենը երեք օր առաջ: Ինչքան ես գիտեմ՝ դա արվում է մի քանի ամիս առաջ, համենայն դեպս, Աշխատանքային օրենսգրքով կան սահմանված ժամկետներ, երբ քեզ տեղյակ են պահում, որպեսզի արտիստը նախապատրաստվի՝ հասկանալու, թե ինչ է քեզ սպասվում: Այստեղ կա մի դրույթ, ըստ որի՝ օրենսգրքով սահմանված կարգը խախտելու դեպքում սահմանվում են տույժեր՝ հետևաբար՝ թատրոնն ինձ պետք է փոխհատուցի:

Ես ուրախ եմ, որ թատրոնն ունի այդ ֆինանսական հնարավորությունը և շատ արագ կարող է ինձ փոխհատուցել բոլոր տույժերը: Իսկ պատճառաբանությունը հետևյալն է՝ թատրոնում լուծարվում է գլխավոր դիրիժորի հաստիքը, որովհետև տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, իսկ թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում՝ կներեք, ես չգիտեմ: Այդ հարցը պետք է տալ պարոն Գեղամ Գրիգորյանին:

Նա կարող էր գոնե գեղարվեստական խորհուրդ հավաքել և բացատրել, ինչ-որ կերպ մեկնաբանել, թե դա ինչ է նշանակում, բայց նման բան չի եղել: Նա միայն հայտարարել է, որ նման փոփոխություններ է նախաձեռնել, բայց թե ինչու կամ ինչ նպատակով՝ նա չի կարողանում բացատրել: Պատկերացրեք՝ այս նույն պրոցեսը կատարվում է համաշխարհային նշանակության որևէ մեծ թատրոնում՝ հայտարարվում է, որ մեզ այլև պետք չեն գեղարվեստական ղեկավար կամ գխավոր դիրիժոր, այստեղ, անշուշտ, պրոֆեսիոնալ և գիտակ տնօրենը պետք է առնվազն ասեր՝ ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց սա արվում է նրա համար, որպեսզի… Մեր պարագայում այստեղ քար լռություն է: Հետևաբար՝ ես հորդորում եմ այդ հարցի պատասխանը խնդրել նրանից, նա է գեղարվեստական ղեկավարը»:

Նա շնորհակալություն հայտնեց նվագախմբին միասին անցկացրած 14 տարիների համար, երբ եղել են նաև շատ բարդ ժամանակներ, երբ նվագախումբն ամիսներով աշխատավարձ չի ստացել, բայց չի լքել թատրոնը.

«Գիտեք, շատ հեշտ է աշխատել, երբ պայմանները լավ են և, փառք Աստծո, հիմա արդեն նվագախմբի համար ստեղծված պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան նախկինում էր, բայց աննկարագրելի է աշխատել, չհեռանալ և մնալ մի ժամանակահատվածում, երբ դու նույնիսկ չես էլ վճարվում, սակայն դու գիտակցում ես, որ դա քո պարտականությունն է, որովհետև դու ծառայում ես քո հայրենիքին: Մենք այդ ժամանակները հաղաթահարել ենք միասին: Ինչ խոսք՝ եղել են նաև ներքին խնդիրներ, գժտություններ, իրար չհասկանալու իրավիճակներ, բայց ես հիմա հստակ ասում եմ և հայտարարում, որ դրանք եղել են միայն ստեղծագործական հարցերի շուրջ: Նվագախումբը կենդանի օրգանիզմ է, ստեղծագործական պրոցեսների միջով անցնող ամենաօրյա կենդանի օրգանիզմ, իսկ եթե նման տեղերում ստեղծագործական բնույթի խնդիրներ երբեք չեն լինում, ուրեմն, կներեք, այդ կոլեկտիվն իրավունք չունի գոյատևելու: Ես մեր հանդիպման սկզբում խիստ հուզված էի, որովհետև այստեղ տեսա նվագախմբի գրեթե ողջ անձնակազմին, և սա արդեն իսկ հավաստիքն է նրա, որ մենք իրականում հաշտ ենք եղել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս