ՌԴ-ի կամքից անկախ՝ Հայաստանը կարող է բարեփոխվել
Հարցազրույց «Ռուսաստանի ընտրությունը» ընդդիմադիր շարժման ղեկավար, ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովի հետ
– Վերջին ամիսների ընթացքում աշխարհում իրադարձությունները չափազանց արագ են զարգանում, որի ֆոնին տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևավորում է տեղի ունենում։ Եթե համաձայն եք հնչող այս կարծիքների հետ, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ դիրք կունենա այս ամենում Ռուսաստանն իր ներկայիս իշխանություններով։
– Աշխարհը, անխոս, անկայունանում է։ Սակայն ուժային հիմնական կենտրոնները պահպանում են իրենց դիրքերը և նույնն են մնում։ Դա Արևմուտքն է` ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը կոնսոլիդացվել է նոր մարտահրավերներին դիմակայելու համար։ Մյուսը նաև Չինաստանն է, որը վարում է զգույշ արտաքին քաղաքականություն և արագորեն ավելացնում է իր տնտեսական և քաղաքական կշիռը միջազգային թատերաբեմում։ Ռուսաստանն Ուկրաինայում և Սիրիայում իր կտրուկ գործողություններով փորձում է ստանալ գերտերության կարգավիճակ, բայց ՌԴ տնտեսությունը գնալով փոքրանում է, և քաղաքական նպատակները կյանքի կոչելն ավելի ու ավելի դժվարանում է։ Սակայն Ռուսաստանը ցանկանում է լինել աշխարհի առանցքային խաղացողներից մեկը, բայց դա կախված կլինի նրանից, թե կհաջողվի՞ արդյոք ՌԴ-ին լուծել իր ներքին խնդիրները, թե՞ ոչ։
– Նման հավակնություններ ունեցող Ռուսաստանն աշխարհում ընկալվում է` որպես ագրեսիայի և վտանգի աղբյուր։ Ինչի՞ կհանգեցնի դա։ Այս տարածաշրջանում, ոչ միայն Ռուսաստանում լիբերալ արժեքների պարտության հետևանքով ծանր փորձությունների մեջ են ընկնում նաև այս երկրների տնտեսությունները։ Ինչի՞ է հանգեցնելու այս հետընթացը բոլոր ոլորտներում և ինչպե՞ս կարելի է կանգնեցնել այս զարգացումը։
– ՌԴ-ն այսօր աշխարհում ընկալվում է` որպես վտանգի ու անկայունության աղբյուր։ Սակայն այն, ինչ աշխարհում ընկալվում է` որպես վտանգ ու ագրեսիա, իրականում փորձ է` պաշտպանել աշխարհում կորսվող ռուսական դիրքերը, այդ թվում` հետխորհրդային տարածքում։ Բանակը, ռազմաարդյունաբերական համակարգը, հատուկ ծառայությունները, Ոստիկանությունը, Ռուսաստանի աջակցությունն արտասահմանյան արբանյակներին ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ են կլանում, ռուսաստանցիների կենսամակարդակն արագորեն նվազում է, լիբերալները քննադատում են գործող ավանտյուրիստական քաղաքականությունը, որի համար հետապնդումների են ենթարկվում։
Բայց ամենակարևորն այս ողջ գործընթացում հենց դա է, որ որքան հակալիբերալ են դառնում հետսովետական տարածքի ռեժիմները, այնքան ավելի վատ ընթացքի մեջ են ընկնում նրանց տնտեսությունները, ինչն այդ ռեժիմները պահող օղակն է։ Կարծում եմ, որ առաջիկայում անիվը կանցնի հակառակ աշխատանքին, և սոցիալ-լիբերալ ծրագրերը նոր թափ կառնեն, քանի որ հակալիբերալ ռեժիմներն իրենց սկսում են սպառել վերջնականապես։
Եթե նման գործընթաց սկսվի ՌԴ-ում, այն կսկսի տարածվել նաև ողջ հետխորհրդային տարածքում, քանի որ ներկայումս Ռուսաստանն է փորձում իր ազդեցությունը պահել, ինչը ենթադրում է նաև Ռուսաստանի թելադրած արժեքային համակարգ ու ռեժիմներ։
– Ըստ Ձեզ` այս իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի Արևմուտքի դիրքորոշումը, և ինչպե՞ս եք գնահատում ներկայիս քաղաքականությունը։ Այն հաջողվա՞ծ է ՌԴ-ի դեպքում։
– Արևմուտքը ստիպված էր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ` ի պատասխան Ուկրաինայից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում անջատողականներին ռազմական աջակցության։ Այդ պատժամիջոցները չափազանց ծանր են ՌԴ-ի համար։
ՌԴ-ն այսօր կտրված է կապիտալի շուկաներից։ 2015թ. մեր երկիրն առաջին անգամ մնաց առանց ուղղակի ներդրումների։ ՌԴ-ին կտրել են նաև շատ ժամանակակից տեխնոլոգիաներից` գազի և նավթի արդյունահանման համար, օպտիկա, էլեկտրոնիկա, ինչը, վստահորեն կարող եմ ասել, որ հանգեցնելու է տեխնոլոգիական լուրջ հետընթացի։ Պատժամիջոցները խորացրել են նաև տնտեսական ճգնաժամը, ու չնայած հայտարարվող օրակարգին ու կտրուկությանը, չեմ կարծում, որ ներկայիս անկումային իրավիճակում Կրեմլը կընթանա միջազգային իրավիճակի հետագա սրման ուղղությամբ։ Ընդհակառակը, արվում են և արվելու են քայլեր` ուղղված իրավիճակի նորմալացմանն ու գոնե ինչ-որ համագործակցության վերականգնմանը։ Այսինքն` հարցի պատասխանն ակնհայտ է։
– Ձեր կարծիքով` այնուամենայնիվ ՌԴ նախագահ Պուտինին հաջողվե՞ց Սիրիայում իր ռազմական գործողություններով հասնել այն նպատակներին, որոնց մասին Դուք խոսեցիք։ ՌԴ սիրիական ուղղության արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում։
– Բազմիցս ասել եմ, որ Պուտինը Սիրիայում ձգտում է պաշտպանել Ասադի բարեկամական ռեժիմին` պահպանելով սեփական ռազմական բազաները Լաթաքիայում, ստիպելով աշխարհին հաշվի առնել ՌԴ-ի ձայնը միջազգային հարաբերություններում։ Ծախսերն ու կորուստներն այդ օպերացիայի համար չափազանց մեծ են։ Մասնակիորեն այս 3 նպատակները կարող են լուծվել, սակայն միայն Արևմուտքի և տարածաշրջանային մյուս երկրների հետ ընդհանուր դիրքորոշում մշակելու պայմաններում այդ նպատակները կարելի է համարել կայացած։ ՄԱԿ-ի վերջին բանաձևը Սիրիայի վերաբերյալ հուսադրող է։ ՌԴ-ի շահերից է բխում Սիրիայում ստեղծված իրավիճակի շուտափույթ կարգավորումն իր համար ընդունելի պայմաններով և օպերացիան ավարտելը` առանց ներքաշվելու անհույս մերձավորարևելյան հակամարտություններում։
– Ինչպե՞ս կզարգանան ռուս-թուրքական հարաբերություններն ու իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ ԼՂ հակամարտությունն է, որում ակտիվ մասնակցություն ունի ՌԴ-ն, և Վրաստանն է, որն ունի եվրաատլանտյան նկրտումներ, իսկ ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ Վրաստանին հասկացնում է, որ ՆԱՏՕ անդամակցության ուղղությամբ շարժվելը կրկին ճակատագրական կարող է լինել։ Ի՞նչ սպասել այստեղ ռուսական քաղաքականությունից, մասնավորապես` ԼՂ հակամարտությունում, որի շուրջ տարատեսակ կարգավորման ռուսական սցենարների մասին խոսակցություններն ու հրապարակումները չեն դադարում։
– ՌԴ տնտեսությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում, ուստի ՌԴ իշխանությունը հետաքրքրված չէ լարվածության նոր օջախներով, այդ թվում` Հարավային Կովկասում։ Կարծում եմ՝ առաջիկա տարիների ընթացքում Մոսկվան այլ ելք չունի, ձգտելու է տարածաշրջանում` ԼՂ հակամարտության հարցում հատկապես, կայուն ստատուս-քվոյի պահպանմանը` խուսափելով իրավիճակի սրումից։ Այդ խոսակցությունները, ինչ է, չե՞ն եղել 20 տարի։ Եղել են այնքան, որքան կա ԼՂ հակամարտությունը։ Բայց ՌԴ-ի դիրքորոշումը չի փոխվել, առավել ևս` ներկայումս նման հրապարակումները, առավել ևս` կարգավորման սցենարներն իրատեսական չեն։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՌԴ-ի ծայրաստիճան կտրուկ դիրքորոշումը միայն խորացնելու է ՌԴ-ի իրավիճակը, որի համար Թուրքիան առանցքային տնտեսական գործընկերներից մեկն է։
– Մենք տեսնում ենք, որ ՌԴ ներկայիս քաղաքականության հետևանքով իր հետխորհրդային գործընկերները, բացի ՀՀ-ից, նրանից երես են թեքում, քանի որ ներկայիս քաղաքականությունն անկանխատեսելի ու վտանգավոր է, սակայն առճակատման ճանապարհով գնալը ոչ միշտ է իրավիճակի ճիշտ ելքը, թեև ՀՀ իշխանություններն այլ ուղի են ընտրել։ Ըստ Ձեզ` ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարեն ՌԴ-ի արբանյակները համարվող երկրները կամ այդ երկրների լիբերալ ուժերը, ո՞րն է ՌԴ ներկայիս իշխանությունների հետ հարաբերվելու ոսկե միջինը` այսինքն` չգնալ առճակատման, բայց չկորցնել սեփական շահերը։
– Գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, անկախության ձեռքբերումից նույնիսկ 25 տարի անց, չափազանց թույլ են, թույլ են թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական տեսանկյունից, թույլ են նաև քաղաքական ինստիտուտների կայունության առումով։ Նրանց, այդ թվում` ՀՀ-ի կայունությունը կարող է հեշտությամբ խաթարվել ավելի հզոր հարևանների կողմից, և այդպիսի օրինակները քիչ չեն։ Որևէ ուժի դեմ պայքարելն այս իրավիճակում հիմար քաղաքականություն է։
Ամենաճիշտն առողջ միտք ունենալն է, չմտածված ավանտյուրիստական որոշումներ չկայացնելը և ամենակարևորը` ուշադրություն դարձնել ներքին ամրությանը, տնտեսության զարգացմանը, պետական ինստիտուտների զարգացմանն ու ժողովրդավարական լեգիտիմ պետությունների կայացմանը, որքանով որ այսօր դա հնարավոր է։ Ցանկության դեպքում հետխորհրդային երկրների իշխանությունները կարող էին, անկախ Ռուսաստանի կամքից, բարեփոխվել և ամուր պետություններ ստեղծել։ Չզարգանալու ողջ մեղքն էլ ճիշտ չէ ՌԴ-ի վրա բարդելը, խոսքը նաև ՀՀ-ի մասին է։ Կարելի էր զարգանալ և իրականացնել սեփական բարեփոխումները, եթե դրանք չեն արվել, ուրեմն չի եղել նման հավակնություն։
– Առաջիկա տարիների ընթացքում նավթի համաշխարհային շուկա նոր թափով կմտնի Իրանը, Իրանը վերադառնում է, նավթի գներն ընկած են, էլ ավելի կնվազեն։ Ի՞նչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը։
– Այո, Իրանի վերադարձը նավթի ու գազի գներն էապես կիջեցնի։ Այս շուկայում ՌԴ-ն ու Իրանն ուղիղ մրցակիցներ են։ Էներգակիրների չափազանց ցածր գները լուրջ խնդիրներ են ստեղծելու Ռուսաստանի համար ինչպես` տնտեսական, այնպես էլ` բյուջետային տեսանկյունից։ Գուցե Ռուսաստանին այս սպառնալիքից փրկի նոր քաղաքականությունը։