Սևանի հատակին ստորջրյա բնակավայր է հայտնաբերվել, գտել են գրվածքներ. ankakh.com
Սևանի հատակին ստորջրյա բնակավայր է հայտնաբերվել: Բացահայտումը կատարել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը` ղեկավար Ռաֆայել Մկրտչյանի գլխավորությամբ: Այս մասին գրում է ankakh.com-ը:
Նրանք իրենց նախաձեռնությամբ 2004-ից ուսումնասիրություններ են կատարում Սևանի հատակին: Եվ ահա 2015-ը լի էր նշանակալի բացահայտումներով. ջրասուզակների խումբը նախ լճում զուբրի ոսկոր, ապա նաև ամբողջական գլուխ գտավ, այնուհետև` ստորջրյա բնակավայր և XX դարի 30-40-ական թվականներին սուզված նավեր: Գիտնականների կարծիքով` քաղաքն առնվազն 12 հազար տարվա պատմություն ունի: «Նախկինում էլ բացահայտումներ եղել են` սուզված նավեր, հին կենցաղային իրեր, բայց այսքան մեծ բացահայտում առաջին անգամ ենք ունենում»,- ասում է Մկրտչյանը:
Հնագույն ստորջրյա քաղաքի բացահայտումը մեծ հետաքրքություն է առաջացրել գիտական աշխարհում, հետազոտող խումբն անգամ Ֆրանսիայից և Գերմանիայից ֆինանսական աջակցության առաջարկ է ստացել, բայց մերժել է` չհամաձայնելով գտածոներն արտերկիր ուսումնասիրության ուղարկելու պայմանին:
«Ուսումնասիրության պատրվակով արտերկիր տարվածը հաճախ չի վերադարձվում»,- ասում է Մկրտչյանը` հավելելով, որ մեր ժողովրդի պատմության այդ մասնիկներն ուզում են հայրենիքում պահել:
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հետազոտության ու դրա արդյունքների նկատմամբ անտարբերություն է տիրում, չնայած այդ ամենը լույս է սփռում մեր երկրի պատմության վրա: Ռաֆայել Մկրտչյանն ասում է, որ գիտական հանրությանը փոքր Սևանի առաջացման հստակ տարեթիվը հայտնի չէ, իսկ մեծ Սևանը սկզբնավորվել է 15 հազար տարի առաջ:
Ըստ այդմ` մեծ և փոքր Սևանները միավորվել են շուրջ 10 հազար տարի առաջ: Սառցե շրջանի ավարտով պայմանավորված հալոցքները և ընդերքի աղբյուրները միավորվել են, ու արդյունքում առաջացել է մեծ Սևանը` ջրի տակն առնելով ափին գտնվող բնակավայրը: Մկրտչյանի խոսքով` ստորջրյա բնակավայրի և զուբրի ոսկորի բացահայտումները ևս մեկ անգամ ապացուցում են գիտական այս վարկածը: Նաև հերքվում է գիտնականների այն պնդումը, թե Հայկական լեռնաշխարհում զուբրեր չեն եղել: «Այսպես պատկերացում ենք կազմում, թե ինչ է կատարվել մեր հողի վրա սառուցյալ դարաշրջանում»,- ասում է նա:
Մկրտչյանը նշում է, որ ստորջրյա բնակավայրում գտել են գրվածքներ` արված մեծ սալիկների վրա, կենցաղային քարից իրեր, պատերի հետքեր, սարկոֆագի նմանվող դամբարան և այլն: «Մենք ինչ գտնում, նկարում ենք, անմիջապես եզրակացություն չենք անում,- ասում է Մկրտչյանը:
– Նախ խորհրդակցում ենք գիտնականների հետ, մեր տեսանյութերը և գտածոները ցույց տալիս, որպեսզի իրենք եզրակացություն անեն: Բոլոր գիտնականները միաձայն եզրակացրել են, որ դա բնակավայր է եղել ու առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունի: Բնակավայրը գտնվում է մեծ և փոքր Սևանների միացման մասում»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` ժամանակի և ռեսուրսների սղության պատճառով բնակավայրը մանրազնին ուսումնասիրել չեն կարողացել: Նախնական չափումներով` այն 4 քկմ տարածք է զբաղեցնում, բայց հնարավոր է, որ ավելի մեծ լինի:
«100 քմ հետազոտելու համար մեզանից մեկ սուզում է պահանջվում, որը շատ ծախսատար է: Պատկերացնո՞ւմ եք` ինչքան գումար ու ժամանակ է հարկավոր ամբողջական ուսումնասիրության համար»,- ասում է Մկրտչյանը:
Նա նշում է, որ հաջորդ տարի ևս շարունակելու են ստորջրյա հետազոտությունները: Սակայն հնարավորության դեպքում եղանակի տաքանալուն չեն սպասի և հիմա էլ կշարունակեն կիսատ մնացած գործը: «Մեր սուղ ֆինանսական միջոցների պատճառով չենք կարողանում ձմեռային հագուստ ձեռք բերել, թանկ է: Եթե հանկարծ այնպես ստացվի, որ կարողանանք համապատասխան հագուստ ձեռք բերել, սառույց էլ լինի, կկտրենք, կսուզվենք: Որովհետև որևէ երաշխիք չկա, որ եկող տարի ավազն այդ ամենը չի փակի»,- ասում է Մկրտչյանը:
Որպես ասվածի հիմնավորում նշում է, որ 2 տարի առաջ Սևանի հատակին բուրգ էին հայտնաբերել, որը 1.5 մետրի չափով երևում էր լճի հատակին: Ցրտի պատճառով, սակայն, խումբը ստիպված դադարեցրել է հետազոտությունները, իսկ գարնանն այլևս չի կարողացել գտնել բուրգը. ավազն այն ծածկել է: «Նման գտածոն կորցրեցինք միայն այն պատճառով, որ հետազոտությունները շարունակելու հնարավորություն չունեինք, ցուրտ էր»,- ասում է նա: Մկրտչյանը պատմում է, որ այս տարի հետազոտությունները սկսելիս սուզված նավ էին փնտրում: Սակայն ստորջրյա հոսքը հետազոտողներին բոլորովին այլ ուղղությամբ է տարել: Արդյունքում նրանք հայտնվել են ստորջրյա բնակավայրում: «Տեսանք, նկարահանեցինք, հետո գիտնականների հետ խորհրդակցեցինք, նորից սուզվեցինք, նորից գիտնականների հետ խորհրդակցեցինք, մինչև որ բոլորը հաստատեցին բնակավայր լինելու փաստը»,- ասում է նա:
Ջրասուզակները լճի ընդերքից գտածոների փորձանմուշներ են հանել լաբորատոր ուսումնասիրությունների համար: Իսկ բուն գտածոներին ձեռք չեն տվել. նստվածքի շերտով պատված ծանր գտածոները տեղաշարժելու համար մեծ ռեսուրսներ ու գործիքներ են պետք, ինչն իրենք չունեն: Խոսելով Հայաստանում բացահայտման ու հետազոտությունների հետագա ճակատագրի նկատմամբ անտարբերության մասին` Մկրտչյանն ասում է, որ չեն հիասթափվում ու հուսահատվում: 10 տարի իրենց անձնական միջոցներով են ուսումնասիրություններ արել, նորից կանեն:
«Պարզապես ցավալի է, որ ստացվում է` այստեղ մեր ջանքերը որևէ մեկին պետք չեն: Պարզվում է` մեր ազգի պատմությունը մեր ազգին հետաքրքիր չէ»,- ասում է նա` հավելելով, որ տարբեր պետական ատյանների ու մեծահարուստների են դիմել աջակցության համար, բայց ապարդյուն: