Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է կասեցնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
Ադրբեջանի Միլի մեջլիս է ներկայացվել «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծ: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, օրինագծի հեղինակը «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար, Միլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության կոմիտեի նախագահի տեղակալ Ռովշան Ռզաևն է:
Օրինագծում նշվում է, որ անկախության տարիներին Ադրբեջանը բախվել է երկակի ստանդարտների, որոնք ցուցաբերել են տարբեր ժամանակներում աշխարհի տարբեր կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը: Նշվում է, որ այդ կառույցներն ու մի շարք պետություններ փորձում են իրենց ազդեցության ոլորտում պահել նաև Ադրբեջանին ու միջամտել նրա ներքին ու արտաքին քաղաքականությանը տարբեր եղանակներով: Այդ եղանակներից մեկը կանխակալ ու միակողմանի դիրքորոշում որդեգրելն է այն հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքն ու ժողովրդավարությունը՝ Ադրբեջանին պահելով մշտական ճնշման տակ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ անձամբ ԱՄՆ-ը, որը պարբերաբար հաշվետվություններ է նախապատրաստում՝ կապված աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակի հետ, ցանկացած եղանակով խուսափում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային հիմնական համաձայնագրերին: Օրինագծում նաև նշվում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում զգալի ուժեղացել են ռասայական ու կրոնական խտրականությունը, քսենոֆոբիայի ու իսլամատյացության դրսևորումները, իշխանությունը տոտալ հսկողություն է սահմանել հասարակության անդամների նկատմամբ, ավելացել են անձնական կյանքի ներխուժման դեպքերը, խոսքի ու մամուլի ազատության սահմանափակումները:
«Օրինական կոռուպցիան ու լոբբին դարձել են ԱՄՆ քաղաքական համակարգի ամենահիմնական բաղադրատարրերից մեկը: ԱՄՆ-ի ներսում տեղի ունեցող բացասական գործընթացներն ստիպում են Ադրբեջանին վերանայել համագործակցությունն ու այդ երկրի հետ երկար տարիներ ձևավորված երկկողմ հարաբերությունները»:
Ադրբեջանի արտգործնախարարությանը նախագծով խորհուրդ է տրվում հրաժարվել վիզա տրամադրել այն անձանց, ովքեր ներկայացնում են ԱՄՆ կառավարությունը, նրանց ընտանիքի անդամներին, կոնգրեսականներին, սենատորներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև հայկական համայնքի ու լոբբիստական խմբերի օգնությամբ ընտրված անձանց:
Նախագծում առաջարկվում է կասեցնել բոլոր կապերն ամերիկյան ընկերությունների հետ, հրաժարվել նոր առևտրատնտեսական կապեր հաստատելուց: Կոչ է արվում սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբից ԱՄՆ համանախագահին հետ կանչելու գործընթաց:
Առաջարկվում է նախագծով նախատեսված պատժամիջոցները վերացնելու 4 կետ, որոնցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում միասնական դիրքորոշում արտահայտելուն ու Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, ԼՂ-ի իշխանությունների հետ կապերի դադարեցմանը: