Սահմանին տանկեր են կանգնած. «Հրապարակ»
Դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում։ Ելույթում Սերժ Սարգսյանը կշտամբել էր դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու համար։ ժամանակը չէ՝, որ կշտամբանքի խոսքերից զատ, Հայաստանն անցնի ռեալ գործողությունների՝ բանակցություն ների կողմ դարձնելով Արցախը։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արզիկ Մխիթարյանի հետ։
– Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի լավատեսական հայտարարությունից հետո, որ «նախագահների հանդիպումն ավարտվել է 2016 թվականին խաղաղ կարգավորման վերաբերյալ աշխատանքները շարունակելու մասին կենացով», սահմանին իրավիճակն էլ ավելի է սրվել։ Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ ինչպիսի՞ն էր ԼՂՀ հայացքով նախագահների հանդիպումը։
– Անկեղծորեն ասած, մենք առանձնապես լավատես չէինք այդ հանդիպման նկատմամբ, որովհետեւ սահմանում մինչ այդ եղած լարվածությունը չէր վկայում այն փաստը, որ այնտեղ ամեն ինչ պետք է բարեհաջող լիներ։ Ամեն օր կրակոցներ էին, նույնիսկ հրետանային կրակոցներ, որոնք չէին փաստում, որ կրակոցներ արձակող երկրի ղեկավարը պատրաստակամ է խաղաղ բանակցության։ Այնուամենայնիվ ուրախալի է, որ ՄԽ համանախագահներից մեկը լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ խաղաղ բանակցություններն ունեն արդյունավետություն եւ ցանկալի ընթացք կարող ենստանալ 2016-ին։ Հուսանք, որ իրոք այդպես կլինի։ Այսօր յուրաքանչյուր արցախցի ունի միայն մեկ ակնկալիք, մեկ ցանկություն, որ իրոք քաղաքական լուծում ստանա և խնդիրը կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում։
– Ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի կշտամբանքը դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու վերաբերյալ։ Ինչու հանկարծ նա որոշեց այդ մասին բարձրաձայնել։
– Իհարկե, ցանկացած քաղաքացի այն կարծիքին է, որ դա հարգանք չէ ոչ Մինսկի նախագահների եւ ոչ էլ առաջադեմ հանրության կարծիքին եւ մեր պետության ղեկավարների դիրքորոշմանը… այդ պատճառով տեղին էր նախագահի հայտարարությունը։
– Իսկ ճիշտ չի՞ լինի հայտարարություն անելու փոխարեն գործի անցնել, մանավանդ Ադրբեջանի վրա դրանք չեն ազդում։ Օրինակ՝ Արցախը դարձնել բանակցային կողմ։
– Մենք գրեթե ամեն օր այդ խնդիրն զգում ենք եւ գիտակցում ենք, որ Արցախի չներկայացվածությունը բավականին լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է վերականգնել։ Եթե վերականգնվեր, մենք եւս ասելիք կունենայինք աշխարհին։ Բայց ձեզ չթվա, որ մենք խնդիրն առաջ չենք քաշում, եւ մենք, եւ Հայաստանի նախագահն անընդհատ շեշտում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցություններին Արցախի մասնակցությունը… Ճիշտ ասած՝ դժվարանում եմ պատասխանել, թե երբ լուծում կստանա այդ հարցը:
– Իրավիճակը կարծես ավելի սրվել է վերջին երկու շաբաթներին, որովհետեւ մինչ այդ հրանոթներով կրակ չէին բացում, հնարավոր համարում եք, որ սա պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով, եթե նկատի ունենանքնաեւ երկու կողմից արվող հայտարարությունները։
– Ի դեպ, ոչ միայն հրանոթներով են կրակում, այլեւ տանկեր են երեւում սահմանին, դրանք դուրս են բերել սահման։ Դա ցույց է տալիս, որ Աղրբեջանը ցանկանում է ուժով հարցը լուծել, մեր բանակը, փառք Աստծո, պատրաստ է։ Ինչ վերաբերում է գերտերությունների հարաբերություններով պայմանավորված լարմանը, ապա ոչինչ չի բացառվում։ Եկեք չմոռանանք, որ գերտերություններն ունեն իրենց շահերը, եւ այդ մութ խաղերում շատ դժվար է կողմնորոշվել, թե որ պետությունն ինչ ակնկալիքներ ու ձգտումներ ունի։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: