«Հանցավոր» խմբի աղջիկները լռում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին «վնասազերծված» խմբի անդամների մի մասը հրաժարվում են ցուցմունքներ տալուց։ Մասնավորապես, աղջիկները՝ Ասյա Մկրտչյանն ու Մարինե Կատանյանը, որոնք առաջին բերման ենթարկվածներից էին, մինչ օրս ցուցմունք չեն տվել։ Պատճառն այն է, որ ԱԱԾ քննիչները չեն ներկայացնում ապացույցներ։ Այս մասին հայտնեց աղջիկների շահերը պաշտպանող փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։ «Մեզ որևէ ապացույց չի ներկայացվել։ Մենք համարում ենք, որ մեղադրանքը անհիմն է, խափանման միջոցն էլ է անհիմն։ Դիմել ենք վերաքննիչ դատարան, բայց դատարանը կալանքի մասին որոշումը թողել էր անփոփոխ։ Աղջիկներն էլ հրաժարվում են ցուցմունքն տալուց»։
Այս օրերին գործով կալանավորված անձանց թիվն արագ աճում է, նոր մարդկանց են բերման ենթարկում։ Արդեն երեք տասնյակից ավելի կալանավորներ կան։ Գիվի Հովհաննիսյանը սա բավարար հիմք չի համարում քաղաքական հայտարարություններ անելու համար․ «Ես չեմ կարող ասել՝ սա քաղաքական շոու է, թե ոչ։ Մենք պետք է ունենանք բոլոր նյութերը, նոր գնահատական տանք։ Առայժմ կարող ենք ասել միայն, որ մեղադրանքը անհիմն է, չապացուցված»։ Հնարավոր է, որ սոսկ հեռախոսազանգեր են քնիչների ձեռքի տակ, և այլ ապացույցներ ուղղակի չկան։ «Չի բացառվում։ Տրամաբանելով հասկանում ենք, որ ինչ-որ լսումներ կարող է եղած լինեն, որ իբրև ապացույց ներկայացված լինեն»։ Գործով բոլոր կալանավորվածներին պահում են առանձին խցերում, որ նրանք միմյանց հետ չշփվեն։ «Այդքան ազատ խուց կ՞ա մեկուսարաններում»։ «Ամբողջ հանրապետությունը խուց է, էլի», – կատակեց փաստաբանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: