Ոչ ոք չի սպասում, որ լուրջ առաջխաղացում կարող է լինել բանակցային գործընթացում. Սերգեյ Մինասյան

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ մենք պերմանենտ լարվածություն ունենք շփման գծում, ինչը, ըստ նրա՝ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն փորձում է պահպանել լարվածությունը շփման գծում, այլ նաև՝ փորձում է որակական փոփոխություն անել՝ ինչ-որ մի ձևով վերջնականապես ազդելու համար հայկական կողմի որոշման վրա:

«Այն, ինչ որ պարզ էր Լեռնային Ղարաբաղում, պարզ չէ Ադրբեջանի համար, որ դա չի փոփոխի մոտեցումները, այլ միայն կնպաստի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը: Չի բացառվում, որ խոսք գնա նախահարձակ գործողությունների մասին»,- այսօրվա քննարկմանն ասաց նա:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ կան օբյեկտիվ նոր գործոններ, որոնք անդրադառնում են Ադրբեջանի այս քայլերի վրա. «Ադրբեջանն ավելի մեծ կախվածություն ունի նավթագազային եկամուտից, քան այլ երկրներ, իսկ դրանց գինն ընկել է: Ադրբեջանի ղեկավարությանը մնում է մի լծակ, որ կարող է ներքաղաքական ստաբիլությունն էլ ապահովել՝ շարունակել լարվածությունը շփման գոտում: Դա բերում է բազմաթիվ զոհերի երկու կողմերի համար էլ, բայց դա այն գինն է, որը մենք ստիպված ենք միասին վճարել Ադրբեջանի ռեժիմի կայունության առումով»:

Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, ապա, ըստ փորձագետի՝ ամենակարևոր արդյունքը հենց այդ հանդիպման փաստն է. «Ոչ ոք չի սպասում, որ լուրջ առաջխաղացում կարող է լինել բանակցային գործընթացում, բանակցային գործընթաց այս պահին կարծես թե գոյություն չունի, բայց ինչ-որ սիմվոլիկ ձևով դա կարող է նպաստել շփման գծում կայունացմանը: Սակայն դա նույնպես ժամանակավոր է, քանի որ գլխավոր խնդիրը, որին փորձում են հասնել համանախագահները, և որը երկար տարիներ պնդում են հայկական կողմերը՝ ստեղծել մի մեխանիզմ, որը կարող է բացառել լարվածությունը շփման գոտում, դժվար թե այս պահին Ադրբեջանը կարողանա գնալ այդ քայլին՝ առանց միջազգային հանրության և համանախագահների ճնշման: Հուսով եմ՝ այս աշխատանքները կշարունակվեն, և մենք կունենանք առաջին արդյունքները»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս