Իշխանությունը պատրաստում է Ծառուկյանի վերադա՞րձը
Մամուլում շարունակում են տեղեկություններ հրապարակվել այն մասին, որ հնարավոր է՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ վերադառնա քաղաքականություն: Թե ինչ ձևաչափով, որ կուսակցությամբ է հնարավոր Ծառուկյանի վերադարձը, դեռևս չի քննարկվում: Սակայն այն մասին, որ Ծառուկյանի վերադարձը բացառված չէ, վկայում են առնվազն մի քանի գործոններ:
Նախ, ամենակարևոր ցուցիչը՝ Գագիկ Ծառուկյանը դեռևս շարունակում է բավական լայնամասշտաբ բարեգործությունը: Շարունակում է՝ ոչ թե՝ որպես ազգի անմնացորդ նվիրյալ ու անվերապահ բարեգործ, այլ՝ որոշակի նպատակով, այլապես նրան պատկանող հեռուստաընկերությունը չէր լուսաբանի նրա «բարեգործական ակցիաները» նույն ինտենսիվությամբ, ինչպես լուսաբանում էր այն «հին ու բարի ժամանակներում», երբ Ծառուկյանը դեռ չէր հեռացել քաղաքականությունից և «ժողովրդի համար էր, ժողովրդի կողքին»: Իրական բարեգործությունն այդչափ ցցուն կերպով չի գովազդվում:
Իսկ եթե գովազդվում է, նշանակում է՝ դա իրականացվում է որոշակի նպատակով: Որոշակի նպատակն էլ, այսպես թե այնպես, հանգում է քաղաքական ազդեցության պահպանմանը կամ անհրաժեշտ պահի այդ ազդեցության վերականգնմանը, քանի որ Ծառուկյանը հազիվ թե հավակնի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնին:
Նշանակում է, Գագիկ Ծառուկյանն անձամբ ոչ միայն չի բացառում, այլև շատ հավանական է համարում իր վերադարձը քաղաքականություն: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն հավանական է համարում իշխանությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Որովհետև, եթե մեկին «մի ելույթով» հեռացնում են քաղաքականությունից ու հետո թույլ տալիս լուսանկարվել իշխանական միջավայրերում, նշանակում է, որ նա կարող է քաղաքականություն վերադառնալ միայն այնտեղից հեռացնողի թույլտվությամբ, հորդորով կամ պահանջով:
Իսկ իշխանությանը Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է անհրաժեշտ լինել տարբեր պատճառներով. Առջևում խորհրդարանական ընտրություններ են, իսկ սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ անգամ ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում շուրջ կես միլիոն մարդ դեմ է իշխանությանը: Ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, և ամենևին բացառված չէ, որ այդ ընթացքում կարող է հայտնվել իրական ընդդիմադիր որևէ ուժ ու տեր կանգնել բողոքական ընտրազանգվածին:
Իսկ ո՞վ, եթե ոչ՝ Գագիկ Ծառուկյանը, կկարողանա ոչ թե ուղղակի «տեր կանգնել», այլ դա անել այնպես, որ պետք եղած պահին իշխանությունն օգտագործի իր նպատակների համար: Բացի այդ, իշխանությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ընտրություններում ոչ բավարար չափով «ձայն խփելու» դեպքում՝ որ ուժի հետ կարող է կոալիցիա կազմել՝ ՀՅԴ-ի՞, թե՞ «սեփականաշնորհված» ԲՀԿ-ի: Վերջիններս՝ յուրաքանչյուրն իր պատճառներով, կարող է այնքան էլ հուսալի չլինել իշխանության համար: Իսկ Գագիկ Ծառուկյանն ապացուցել է իր «հուսալիությունը», և դրա ամենավառ ապացույցն այս տարվա նրա փետրվարյան հեռացումն էր:
Մի խոսքով, կախված ներքաղաքական զարգացումներից, իշխանությունը կարող է զգալ Գագիկ Ծառուկյանի պահանջը: Դրա համար էլ նա շարունակում է գումարներ ծախսել «բարեգործության» վրա: