Հայաստանում հեղափոխությունը սկսվել է

Հայաստանում բացասական երևույթները, ավելի պատկերավոր ասած՝ գաղջ մթնոլորտն այնքան շատ է ու այնքան է չարորակ ուռուցքի նման տարածված կենսագործունեության բոլոր ոլորտներում, որ հազվադեպ տեղի ունեցող դրական իրադարձությունները ստվերվում են, չեն արժանանում համարժեք գնահատականի: Խոսքն իշխանությունների կողմից թմբկահարվող էժանագին մոտեցման մասին չէ, թե՝ «իհարկե, կան խնդիրներ, բայց իշխանությունների տքնաջան աշխատանքի արդյունքում երկրում արձանագրվում են նաև ա՛յս, ա՛յս, ա՛յս դրական փոփոխությունները»: Խոսքն առանձին վերցրած, իշխանությունների կամ ընդդիմության գործունեության հետ որևէ առնչություն չունեցող իրադարձությունների մասին է, որոնց հիմքում ընկած են պարզ մարդկային որակները՝ ազնվություն, արժանապատվություն, դիմացինին օգնելու պատրաստակամություն… որակներ, որոնց արդյունքում ձևավորվում է այն, ինչն անվանում ենք քաղաքացիական դիրքորոշում:

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն՝ իր բոլոր բացասական միջադեպերով, անօրինականություններով, խայտառակ կեղծիքներով հանդերձ, ունեցավ նաև մի լուսավոր կետ, որն այլ չափողականության դեպքում գուցե իր նշանակությամբ շատ ավելին է, քան բոլոր ընտրակեղծիքներինը՝ միասին վերցրած:

Երևանի դպրոցներից մեկի պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանին հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար դպրոցի տնօրինությունը հեռացրել է աշխատանքից, որից հետո «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինությունն ուսուցչին հրավիրել է աշխատանքի: Այս տեղեկությունն իր մեջ միանգամից երկու լուսավոր կետ է պարունակում. նախ՝ պարզվում է՝ բարոյալքվածության, դեգրադացվածության այս մթնոլորտում Հայաստանում կան ուսուցիչներ, ովքեր ոչ միայն անմիջականորեն չեն մասնակցում ընտրակեղծարարությանը ու դրանով չեն հավասարվում թաղի խուժանին, այլև պայքարում են այդ արատավոր երևույթի դեմ:

Համաձայնեք, որ ներկայիս պայմաններում, նաև կրթության համակարգի աղճատվածության պայմաններում, սա իսկապես բացառիկ ու հարգանքի արժանի դեպք է: Նույնը պետք է ասել նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մասին, որը Հայաստանում բացառիկ լինելով իր մատուցած կրթական ծառայություններով, փաստորեն, բացառիկ է նաև քաղաքացիական դիրքորոշման առումով:
Սա այն դեպքն է, երբ ընդունված է ասել՝ «դեռ ամեն ինչ կորած չէ»:

Իրականում Հայաստանի, հայ հասարակության խնդիրն այն է, որ նման դեպքերը ոչ թե օրինաչափություն են, այլ բացառություն: Եվ որպես դրա հետևանք՝ օրինաչափություն և ոչ թե բացառություն են անօրինականությունը, ստորաքարշությունը, քծնանքը… բոլոր այն որակները, որոնցով այսօր, դժբախտաբար, բնորոշվում է Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերնախավը: Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու ճանապարհն այսպիսի դեպքերը բացառությունից օրինաչափության վերածելն է: Հենց դա կլինի այն իրական հեղափոխությունը, որի կարիքը Հայաստանն ու հայ հասարակությունը զգում են առավել, քան երբևէ: Առանձին վերցրած մի երիտասարդ ուսուցիչ ու մի կրթահամալիր ցույց տվեցին, որ այդ հեղափոխությունը սկսվել է:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս