Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է ծագել, կենդանիներին հաջողվել է փրկել

Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է ծագել, որն ընդգրկել է կենդանաբանական այգու 80 խորանարդ մետրը, որտեղ պահվել է մեծ քանակությամբ խոտ, լրագրողներին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հրդեհի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատել է 7 հրշեջ բրիգադ, ինչի արդյունքում հրդեհը մարվել է»,- հայտնել են ծառայությունից:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
«Հրդեհի պատճառներն ինձ անհայտ են, փորձագետներն աշխատում են դրա վրա: Մենք գիտենք, որ կրակը շատ արագ տեղայնացվել է, ու մեր աշխատակիցները, որոնք գտնվել են դեպքի վայրում, կարողացել են ժամանակին փրկել կենդանիներին»,- հայտարարել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Թբիլիսիի կենդանաբանական այգին լրջորեն տուժել էր այս ամռանը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղը ջրածածկ էր արել կենդանաբանական այգու մեծ մասը, որն ամբողջությամբ ավերվել էր: Այգու 600 կենդանիներից փրկվել էր կենդանիների գրեթե կեսը:

Որոշ գիշատիչներ փախել էին կենդանաբանական այգուց: Գիշատիչների մեծ մասին հաջողվել էր ժամանակին քնեցնել ու տեղափոխել կենդանաբանական այգի, մյուս մասին ստիպված էին եղել սպանել:
Կենդանաբանական այգին մասնակի վերականգնվել էր ու աշխատանքը վերսկսել սեպտեմբերի կեսին:

Տեսանյութեր

Լրահոս