«Մենք չենք կարողանում մտնել այն շուկաները, որոնք մեզ նվեր են տրվում». Լյովա Խաչատրյան
«Գյուղատնտեսական տարին աննախադեպ հաջող էր, բայց, ցավոք սրտի, գյուղացու աճեցրած բերքը չկարողացանք ամբողջությամբ իրացնել»,- այս կարծիքին է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, օրինակ, խաղողից պատրաստվող գինու արտանահմումը այս տարի պակասել է, որի պատճառն այն էր, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է: Վ. Սաֆարյանը կարծում է՝ կառավարությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի գյուղատնտեսության նկատմամբ, պետք է նոր տնտեսական քաղաքականություն մշակվի՝ հաշվի առնելով նաև այն, որ եկող տարվա ընթացքում, ըստ բյուջեի, եկամուտներն ավելի պակաս են լինելու, քան այս տարի:
«Պետք է ավելի խթանիչ քաղաքականություն տանել: Գյուղատնտեսությունը զարգացած է այն երկրներում, որոնք մեծ սուբսիդիաներ են անում: Այսօր 20-24%-ով են գյուղացուն վարկ տալիս, այդ ի՞նչ մթերք է ստանում գյուղացին, որ կարողանա այդքան վարկը փակի»: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը համաձայնվեց, որ գյուղատնտեսական տարին արդյունավետ էր.
«Բայց չունենալով համապարփակ ծրագիր այս ոլորտում՝ մենք չենք կարողանոմ մտնել այն շուկաները, որոնք մեզ նվեր են տրվում: Այս տարի արտահանումը բավականին ավելացել է: Շուկան կա, բայց մենք դրան պատրաստ չենք»: Լ. Խաչատրյաի խոսքով, մեզ մոտ չկան շուկայական հարաբերություններ, մարդիկ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն չունեն:
«Այսօր մենք դարձել ենք ագրարային երկիր, արտաքին պարտքը հինգ միլիարշից անցել է, բայց ո՞ւր են գնում այդ փողերը: Թող տան գյուղացուն: Այն մեծ շուկան, որ բացվել է, մենք պատրաստ չենք մտնել այդ շուկա»: Լ. Խաչատրյանի խոսքով, ներդրումների նորմալ մթնոլորտ է պետք է ստեղծել Հայաստանում. «Մենք կորցնում ենք մեր հին շուկաները, նորը ձեռք չենք բերում, պետք է պետական աջակցություն»:
ԲՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ մեր ապրանքներրը որակապես միջազգային չափանիշներին չեն համապատասխանում. «Ընդհակառակը՝ մեր արտադրանքի մեծ մասը էկոլոգիապես մաքուր է, նման խնդիր չկա»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ 2016 թվականի բյուջեում գյուղատնետսության զարգացման համար նախատեսված գումարներին՝ Լ. Խաչատրյանն ասաց, որ բացարձակ ծավալներով այդ վարկային փաթեթը շատ փոքր է, որը էական ազդեցություն չի թողնում գյուղատնտեսության վրա: «Մեզ ուղղակի պետք է գյուղատնտեսական լավ ծրագիր»,- ասաց նա: