Հայելու մեջ նայելու վախը

Սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի պաշտոնական արդյունքները մի հետաքրքիր ու նոր իրավիճակ են ստեղծել։ Գնալով շատանում են ընդդիմադիր հայացքներ ունեցող այն մարդիկ, որոնք իշխանությանը հայհոյելուց բացի` փորձում են նաև ընդդիմության սխալները տեսնել ու վերլուծել։

Հասարակությունը հերթական անգամ գնաց տեղամասեր ու «ոչ» ասաց նոր Սահմանադրությանը, այսինքն` գործող իշխանությանը։ Ու հերթական անգամ այդ «ոչ»-ը դարձավ «այո», ընդդիմությունը հերթական անգամ չկարողացավ տեր կանգնել ձայներին։ Իսկ փողոցի գործոնը գրեթե զրոյական է, որովհետև մարդիկ չեն գնում ընդդիմության հանրահավաքներին։

Ինչո՞ւ է միշտ այդպես ստացվում։ Ավելի ճիշտ` ինչո՞ւ ոչինչ չի ստացվում։
Այս հարցերը շատ են նյարդայնացնում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նրանք ասում են` իշխանությանը թողած` ընդդիմությանն եք քննադատում։ Նրանք ասում են` մենք մինչև վերջ պայքարել ենք, իսկ դուք իրավունք չունեք նման կարծիք հայտնել, որովհետև տանը նստած եք եղել։ Մի խոսքով, ոչ ոք իրավունք չունի թթու խոսք ասել ընդդիմությանը։

Ամեն դեպքում, մենք էլ փորձենք այդ հարցին պատասխանել։ Ինչո՞ւ իշխանությունը կարողացավ հերթական անգամ կեղծել ժողովրդի քվեն ու մարսել։ Մանավանդ, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ բոլոր տեղամասերում կռիվ են տվել խախտումների դեմ։

Մենք սա փորձեցինք պարզել պարզ թվաբանության օգնությամբ` կոնկրետ օրինակով։
Սակայն մինչ այդ միասին մի հարցի շուրջ համաձայնության գանք։ Համաձա՞յն եք, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ «այո»-ն հաղթել է ավելի քան 70%-ով` ինչ-որ բան այն չէ։ Իսկ եթե 80%-ով է հաղթե՞լ` գրեթե համոզված կարելի է ասել, որ սա չի կարող իրական արդյունք լինել, այնպես չէ՞։ Լավ, իսկ եթե «այո»-ները 90%-ից ավելի՞ են` այդ դեպքում գրեթե կասկած չկա, որ կամ թիվ է նկարվել, կամ նախնադարյան բռնի մեթոդներ են կիրառվել։

Սակայն մենք վերցնենք ավելի դաժան դեպք` երբ «այո»- ները գերազանցում են քվեների 95%-ը։ Սա արդեն սարսափելի ու աչք ծակող «նկարչություն է»։ Համաձա՞յն եք։ Ահա այսպիսի սարսափելի նկարչություն կատարվել է հանրապետության 60 ընտրական տեղամասերում։

Դրանց մեծ մասում հանձնաժողովների անդամներ են ունեցել և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը»։ Սակայն այդ տեղամասերից շատերի անունները չեն շրջանառվել` ոչ մի դիմում-բողոք կամ հատուկ կարծիք չի եղել։
Որպեսզի ավելի կոնկրետ լինի ասելիքը, վերցնենք Արագածոտնի մարզը (14 և 15 ընտրատարածքներ), որովհետև այդ 60 աչք ծակող տեղամասերից 13-ը բաժին է ընկնում հենց այս մարզին։ Աղյուսակում մենք առանձնացրել ենք «հերոս» տեղամասերը։ Այստեղ «այո»-ն հավաքել է 95%-ից ավելի ձայն։ Որոշ տեղերում` 100%։

Բոլոր այս տեղամասերում հանձնաժողովներում ներկայացված են եղել և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը»։ Ընդ որում, կան տեղամասեր, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների անդամները եղել են հանձնաժողովի նախագահ։ Օրինակ` 14/56 տեղամասում (Ճարճակիս) հանձնաժողովի նախագահը ՀԱԿ-ից է, և այստեղ «այո»-ն հավաքել է 98% քվե։

Ի՞նչ կերպ սա կարող է բացատրվել։ Առաջին տարբերակն այն է, որ այս բնակավայրերում իրո՛ք բնակչությունը շուրջ 100%-ով հավանության է արժանացրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Մյուս տարբերակն այն է, որ տեղի են ունեցել այլանդակ կեղծիքներ։ Սա էլ նշանակում է, որ այս տեղամասերում պետք է անհանգիստ վիճակ լիներ, անդամները հատուկ կարծիք գրած լինեին, բողոքարկեին, դիմեին վերահաշվարկի համար։

Սակայն համացանցում ընտրանքային տարբերակով փորձեցինք գտնել այս տեղամասերից մի քանիսի հետ կապված հաղորդագրություններ։ Ոչ մի «չէպէ» չկար։

Մերկապարանոց չլինելու համար մենք կփորձենք ԿԸՀ-ից ստանալ մանրամասն տեղեկատվություն` որ կուսակցությունը որ տեղամասերից է դիմումներ ներկայացրել։ Հետո կհամեմատենք դրանք առավել աչքի ընկած տեղամասերի հետ և կներկայացնենք ձեզ։ Ու այդ ժամանակ իրո՛ք հասկանալի կլինի, թե ընդդիմության անդամները տեղերում ինչպես են պայքարել։ Խոսքը վերաբերում է հատկապես մարզերին, որովհետև մայրաքաղաքի այն տեղամասերում, որտեղ հանձնաժողովի նախագահը եղել է ընդդիմությունից, «ոչ»-ը հաղթել է 60-80%-ով։

Սա միայն Արագածոտնի մարզի օրինակն էր։ Հիմա եկեք մի քանի ընդհանրացումներ անենք` մի քանի ամփոփ թիվ ներկայացնելով.

12356034_652211818253105_1798032752_o

  • 1173 տեղամասերում Այո-ն հավաքել է ավելի քան 60%,
  • 868 տեղամասերում Այո-ն հավաքել է ավելի քան 70%,
  • 506 տեղամասերում Այո-ն հավաքել է ավելի քան 80%,
  • 177 տեղամասերում Այո-ն հավաքել է ավելի քան 90%:

Համաձայնեք, որ, եթե մենք ասում ենք` հանրաքվեի արդյունքները կեղծվել են, ու «ոչ»-ն իրականում հաղթել է, ապա 60%-ից ավելի «այո» հավաքած տեղամասերը բոլորը խիստ կասկածելի են։ Այդպիսիք 1173-ն են։ Լավ, դրանցից մի 300-ում էլ ընդդիմությունը ներկայացված չի եղել։ Մնացած 800-850 տեղամասերում պետք է ահազանգեր լինեին, եթե տեղերում ձայներին տեր կանգնելու համար լուրջ պայքար լիներ։

Կա՞ն այդ չափի ահազանգեր։ Ոչ։ Իսկ սա նշանակում է մի բան` ընդդիմադիր կուսակցությունները չունեն բավարար ռեսուրս, այնքան մարդ, որ 1997 տեղամասերում կարողանան գոնե մեկական հավատարիմ, սկզբունքային ու անկաշառ անդամներ ունենալ։

Խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում` կան շատերը, ովքեր սեփական առողջության գնով պատրաստ են պայքարել հանուն արդարության։ Բայց այս թվերը ցույց են տալիս, որ նման մարդիկ շատ չեն։

Այն, որ իշխանությունը պատրաստ է ամեն տեսակ կեղծիքների, նորություն չէ։ Բայց որ ընդդիմությունը նույնպես անելիքներ ունի` ինքն իր ներսում, սա նույնպես փաստ է։ Ամենացավալին այն է, որ, երբ ընդդիմությանն ասում են` փորձեք նաև ձեր սխալները գտնել, ձեր անզորության պատճառները, նրանք դա ընդունում են՝ որպես վիրավորանք, ու նման կարծիք ունեցողներին տեղում պիտակավորում` որպես պատվեր կատարող։
Երբ սոցիալական ցանցում հարց ես բարձրացնում` ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնապես 421 հազար հոգի «ոչ» են ասում, սակայն ընդդիմության հանրահավաքին մասնակցում են 500-1000 հոգի, սա մարդկանց դուր չի գալիս։ Ու երբ հարցն ավելի դաժան է ձևակերպվում` ինչո՞ւ մարդիկ ընդդիմությանը չեն վստահում, դա արդեն անթույլատրելի է և նման հարց հնչեցնողը կհայտնվի ընդդիմադիր (կուսակցական) ֆեյսբուքահայության թիրախում։

Մի խոսքով, մեր ընդդիմադիր կուսակցություններն առանձին-առանձին համոզված են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել և անում։ Ու այդպես էլ անպատասխան է մնում մի շատ կարևոր հարց` եթե ամեն ինչ ճիշտ է, ինչո՞ւ ունենք այն, ինչ ունենք։ Կամ` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։

Տեսանյութեր

Լրահոս