«Գազպրոմը» սահմանափակում է Իրանի էներգետիկ դերն ու Հայաստանի տրանզիտային հնարավորությունները

Ռուսաստանյան երկնագույն վառելիքի հսկա «Գազպրոմ» ընկերությունը տարածաշրջան գազի մատակարարման նոր սխեմաներ է մշակում` կուլիսային բանակցություններ վարելով։ Վերջին ամիսների ընթացքում հատկապես իրարամերժ ու կասկածելի են «Գազպրոմ»-Վրաստան բանակցություններին հաջորդող հայտարարությունները։ «Գազպրոմն» ու Վրաստանը` ի դեմս Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեի և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի, քննարկում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը և Ռուսաստանից Հայաստան` Վրաստանով անցնող գազատարով երկնագույն վառելիքի տարանցման ծավալի ավելացումը։

Բանակցող կողմերը մասնավորապես նշում են, որ Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելանալու են` պահանջարկի աճին զուգահեռ, որի արդյունքում առաջացել է վրացական կողմին հասանելիք վճարին վերաբերող հարցեր քննարկելու անհրաժեշտություն, քանի որ ներկայումս Վրաստանը ստանում է իր տարածքով դեպի Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսի չափով գազ, սակայն ներկայումս, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանի կառավարությունը փորձում է «Գազպրոմի» հետ հասնել համաձայնության, որպեսզի գազի փոխարեն` ռուսական կողմը փոխհատուցումը տրամադրի փողով կամ նույնիսկ հավելյալ գազով, որի պահանջարկը Վրաստանը, վրաց պաշտոնյաների խոսքով, ունի։ Սակայն SOCAR Georgia-ի գլխավոր տնօրեն Մահին Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ բավարարում է Վրաստանի պահանջները։

Ըստ նրա` Ադրբեջանն օրական գրեթե 6 մլն խմ գազ է մատակարարում Վրաստանին, մինչդեռ երկրում օրական սպառվում է մոտ 6,2 մլն խմ գազ։ Այնուամենայնիվ, ըստ Վրաստանի փոխվարչապետի, դեռևս մի քանի հանդիպումներ են լինելու Միլլերի հետ, և Կալաձեն հույս ունի, որ մինչև դեկտեմբերի վերջ այս հարցի շուրջ երկու կողմերը համաձայնության կգան։ Հետաքրքրական է այս օրերին հայտնված մեկ այլ տեղեկություն ևս, ըստ որի «Գազպրոմն» ու Իրանը քննարկում են Հայաստանին գազի մատակարարման ընթացքում փոխանակման գործողությունը, որի մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Միլլերը Լյուքսեմբուրգում Կալաձեի հետ հանդիպման արդյունքներով։ «Այո՛, թեման շոշափվել է։ Ներկայում մենք մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողություններին վերաբերող հարցեր»,- ասել է Միլլերը` պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունների ընթացքում անդրադարձ եղե՞լ է Իրանից Հայաստան գազի մատակարարման թեմային։ Իր հերթին` Կալաձեն ասել է, որ Վրաստանի համար անընդունելի է, որ Հայաստանը գազ ստանա Իրանից։ Հետաքրքիր է նաև, թե ինչի հաշվին է մեծացել Հայաստանում գազի պահանջարկը, որի արդյունքում Վրաստանը հավելյալ ռուսական գազ կստանա։

Այս հարցի շուրջ «168 Ժամը» փորձեց մեկնաբանություն ստանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանից, ով չպատասխանեց մեր բազմաթիվ զանգերին։ Սակայն, ըստ ռուսական մամուլի, «Գազպրոմը» ցանկանում է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները` Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գործարկելու նպատակով։ «Ներկայում Հայաստանի ուղղությամբ գազատարը բեռնված է միայն 20 տոկոսով. «Գազպրոմը» ցանկանում է հասկանալ բեռնման աճի տեխնիկական հնարավորությունը»,- գրել է «Կոմերսանտը»։

Այս ամենը հատկապես ուշագրավ է դառնում տարածաշրջանում Իրանի նոր, նաև էներգետիկ ոլորտում հնարավոր դերակատարության ֆոնին, որում իր տրանզիտային տեղը կարող է ունենալ նաև Հայաստանը։

Այս թնջուկի շուրջ «168 Ժամը» զրուցեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ով նախ` մանրամասնեց, թե ինչ փոխանակման օպերացիայի մասին է խոսքը, և ինչ սկզբունքով այն կգործի։ Ըստ նրա, օրինակ` Ռուսաստանը պայմանագիր է կնքում Հայաստանի հետ, սակայն դրա իրականացումը հանձնում է Իրանին, և մեկ այլ տեղում, որտեղ Իրանն է գազի պայմանագիր կնքում, մատակարարում իրականացնում է Ռուսաստանը։ ««Գազպրոմը», փաստորեն, խոսում է այն մասին, որ հնարավոր է` Իրանի հետ նման օպերացիայի գործարք կնքի` կապված Հայաստան գազամատակարարման հետ։ Եթե այդ օպերացիան տեղի ունենա, կնշանակի, որ Վրաստանն այլևս տարանցիկ երկիր չի լինելու, հետևաբար` տրանզիտային վարձ Վրաստանին չի հասնի։ Խոսակցություններն էլ, թե ռուսական գազով Վրաստանում ցանկանում են ադրբեջանական գազը դուրս մղել, այլևս լարվածություն չեն առաջացնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։

Մյուս կողմից էլ` Վրաստանը, որն ակնկալում էր, թե ավել անվճար գազ կստանա տրանզիտի համար, չի հաջողում։ Բայց ներկայումս հարցը Հայաստանինն է։ Բնականաբար, Հայաստանին ձեռնտու է, որ գազը գա ոչ թե` Սիբիրից, այլ` Իրանից, որը մեր կողքին է։ Երկրորդ` Հայաստանին ձեռնտու է, որ Հայաստանն ինքը դառնա տրանզիտ երկիր։ Սակայն, փաստորեն, «Գազպրոմը» տարածաշրջանում փորձում է մի կոնֆիգուրացիա կառուցել, որը կբացառի Հայաստանի տրանզիտային դերն Իրանից գազի արտահանման գործում։

Ռուսաստանը փորձում է չեզոքացնել Իրանին, որպես գազամատակարարող` ինչ-որ բան զիջելով, չեզոքացնել նաև Հայաստանին` որպես պոտենցիալ տրանզիտային երկիր, սակայն չնեղացնել ադրբեջանցիներին, որ Վրաստանի գազային շուկայից ադրբեջանցիների դուրսմղման մասին խոսակցություններ չլինեն։ Այս ամենին զուգահեռ` Ռուսաստանը փորձում է Վրաստանին համոզել, որ այդպես լավ է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Վերջինս չի բացառում, որ կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը հաջողի իր ծրագրերի իրագործման հարցում։ Բայց ռազմավարական առումով, նրա կարծիքով, ողջ տարածաշրջանի` հատկապես՝ Վրաստանի ու Հայաստանի, շահերից է բխում, որպեսզի իրանական գազի արտահանման գլխավոր ուղին անցնի Հայաստանով, Վրաստանով` դեպի Սև ծով` մինչև եվրոպական սպառողներ, որովհետև դա խոստանում է Հայաստանին ու Վրաստանին շատ մեծ օգուտներ այդ տրանզիտային ծառայությունների դիմաց։

Ավելին, ըստ փորձագետի, հարևան Իրանի հետ Հայաստանը կարող է էքսկլյուզիվ պայմանագրեր ունենալ, ինչի մասին նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն է հայտարարություններ արել, քանի որ ՀՀ սպառումն առանձնապես մեծ չէ և կարելի է պայմանավորվել դրա շուրջ։ Մյուս կողմից էլ` Մեհրաբյանն առանձնացնում է մեկ այլ հարթություն։ «Ռուսաստանը սանձազերծել է սադրիչ գործողություններ` ընդդեմ Վրաստանի, հատկապես` ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ, քանի որ Վրաստանը բաց տեքստով հայտարարում է, որ ՆԱՏՕ-ին կամ անդամակցելու, կամ գործողությունների ծրագիր ստանալու ցանկություն ունի։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դրա վերաբերյալ շատ կտրուկ և կոշտ հայտարարություն արեց, որակելով դա անվտանգության սպառնալիք, որից հետո տեսանք, որ ռուսական ուղղաթիռները սկսել են խախտել Վրաստանի օդային սահմանը։

Ռուսները փորձում են ինչ-ինչ վերախմբագրումներ անել իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ, բայց այնպես, որ իրենց ազդեցությունը տարածաշրջանում դիվերսիֆիկացնեն, և դիվերսիֆիկացնեն նրա համար, որպեսզի պահպանեն` թույլ չտալով մրցակիցներին տարածաշրջանում սեփական էներգետիկ, տրանսպորտային և քաղաքական շահերն առաջ տանել։ Այսինքն` սա մեծ հաշվով ուղղված է թե՛ տարածաշրջանի, թե՛ Իրանի դեմ։ Ես տպավորություն ունեմ նաև, որ Վրաստանի փոխվարչապետը չճշգրտված հայտարարություններ է աջուձախ անում, և դրանք ավելի շատ կրում են PR բնույթ, քան իրականում արտահայտում են իրերի դրությունը։ Տեղի են ունենում լուրջ գործընթացներ, որոնք դեռ հեռու են հանգուցալուծումից, և զարգացումներն առջևում են»,- ասաց նա։

Վերջինս հիշեցրեց, որ պաշտոնական տեղեկատվություն եղավ նաև այն մասին, որ «Գազպրոմը» տարին փակում է վնասով։ Նրա որակմամբ` սա լրջագույն միտում է, որն ունենալու է շարունակական բնույթ` կապված գազի գնի անկման, սպառման ծավալների կրճատման հետ։ «Իհարկե, կա նաև խայտառակ մենեջմենթի գործոնը, ծախսատար, անարդյունավետ և անվերահսկելի վատնումներ են տեղի ունենում։ Կարելի է միարժեքորեն պնդել, որ «Գազպրոմի» խողովակներով հոսում է ոչ այնքան գազ, որքան ռուսական ազդեցություն և քաղաքականություն, որի ականատեսն ենք մենք բոլորս»,- մեկնաբանեց Մեհրաբյանը։

Մեզ հետ զրույցում վրաց քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ ամեն ինչ շատ ավելի խճճված է, քան մենք ենք պատկերացնում։ Սակայն նա ունի այս ամենի մեկ այլ բացատրություն։ Վրաց փորձագետի խոսքով` այս ամենը կապված է Հարավային Կովկասում անսպասելի կերպով բռնկված Ռուսաստան-Թուրքիա սառը պատերազմի հետ։ «Ռուսաստան-Թուրքիա առևտրաշրջանառության 60%-ը կազմում են գազն ու էներգակիրները։ Ակնհայտ է, որ սառը պատերազմի պայմաններում արտահանումը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվել։ Այս նույն փուլում Ադրբեջանն ու Վրաստանն անսպասելիորեն որոշում են ռուսական գազ գնել, որն իրականում ոչ մեկին, ոչ մյուսին անհրաժեշտ չէ։ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀՀ-ում կան ընկերություններ, որոնց ավել գազ է անհրաժեշտ, ուստի Ռուսաստանը շատ գազ պետք է մատակարարի Հայաստան, իսկ մենք մեր մասնաբաժինը մեծացնենք։ Իհարկե, դա հիմարություն է, քանի որ Հայաստանում վերջին տարիներին չեն բացվել ընկերություններ, որոնք շատ գազ են օգտագործում։ Ներկայումս Մոսկվան Թբիլիսիի ու Բաքվի հետ մի սխեմա է մշակել, համաձայն որի` կարող են մատակարարել ռուսական գազ Թուրքիա, բայց այնպես, որ դա չընկալվի` որպես ռուսական գազ, այսինքն` այն ավել գազը, որը գնելու են Վրաստանն ու Ադրբեջանը, վաճառվելու է Թուրքիային։

Հասկանալի է, որ սա արվում է նրա համար, որպեսզի Ռուսաստանն այս հարաբերությունների հետևանքով մեծ տնտեսական կորուստներ չունենա։ Այս պայմաններում շատ կարևոր է պահպանել այն հորինվածքը, թե մեծացվում է ՀՀ գազի մատակարարումը, ուստի մենք ստանում ենք ավել գազ։ Միաժամանակ իրանական գազ ՀՀ մատակարարելու թեմա է բացվել, սա նշանակում է, որ Հայաստանում միանգամից հինգ ալյումինի գործարան է բացվել, հսկա գործարաններ են բացվել։ Քանի որ չկան նման գործարաններ, «Գազպրոմն» ու Կալաձեն շատ վատ դրության մեջ են հայտնվում իրենց ստերի պատճառով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս