Բաժիններ՝

«Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ անօրինական». Գագիկ Մինասյանը՝ ՀՀ-ից ապօրինի գումարների արտահոսքի մասին

«Ի՞նչ է նշանակում՝ անօրինական ֆինանսական արտահոսքեր: Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ անօրինական: Այսինքն՝ օրենքներով սահմանված կարգով շրջանցո՞ւմ են»,- 168.am-ի հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով Global Financial Integrity կազմակերպության «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2004-2013» զեկույցի մասին, ըստ որի՝ Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքի տարեկան ցուցանիշը կազմում է միջինը 983 մլն դոլար։ Մինասյանը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է զարտուղի ճանապարհով դուրս բերեն ֆինանսները, եթե ըստ էության արգելք չկա: Նա նաև հարցնում է՝ եթե այդ գումաը ստվերային է, ապա անօրինական է, բայց եթե դուրս է գալիս, այդտեղ անօրինականության էլեմենտը ո՞րն է.

«Ֆինանսական հոսքերն ինչո՞ւ պետք է վերահսկվեն: Տնտեսվարողներ են, աշխատում են, ինչո՞ւ պետք է վերահսկվեն, ինչի՞ մասին է խոսքը»: Նշենք, որ Global Financial Integrity (GFI) կազմակերպությունը հրապարակել է «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2004-2013» զեկույցը: Ըստ դրա՝ 2013-ին ՀՀ-ից անօրինական ֆինանսական հոսքերի ծավալը կազմել է 1 մլրդ 848 մլն դոլար, որը 2012-ի համեմատ՝ ավելի է 563 մլն դոլարով: Ընդ որում, տարեցտարի այս ցուցանիշը միայն աճում է և նվազման միտում չկա: Իսկ 10 տարիների ընթացքում Հայաստանից արտահոսքը կազմել է 9 մլրդ 833 մլն դոլար: Համաշխարհային այս աղյուսակում 149 երկրների շարքում Հայաստանը 70-րդ տեղում է՝ տարեկան միջինը 983 մլն դոլար ցուցանիշով։

Ուշագրավ է, որ մեր հարևան Վրաստանից և Ռուսաստանից անօրինական կապիտալի արտահոսքը վերջին տարիներին հետզհետե կրճատվում է, մասնավորապես՝ Վրաստանում 2011-ի 1 մլրդ 479 հազար դոլարի դիմաց՝ 2013-ին գրանցվել է 1 մլրդ 190 հազար դոլար, իսկ նույն տարիներին Ռուսաստանում՝ 183.5 մլրդ դոլարից նվազել է մինչև 120.3 մլրդ դոլար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս