«Պարոն Սարգսյան, հերթը ձերն է, հրաժարական տվեք». Րաֆֆի Հովհաննիսյան
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննսիյանն Ազատության հրապարակում ասաց, որ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված համաքաղաքացիներին:
Հիշեցնենք, որ 9 քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանություն:
«Նրանց բերման ենթարկեցին նրա համար, որ հանրապետության մայր հրապարակում ինչ-որ գիծ անցան: Անհեթեթ է, պահանջում ենք, որ անմիջապես իրենց ազատ արձակեն, փոխարենը՝ գեներալ Գասպարյանն ու Հակոբյանը արժե, որ վաղը ժողովրդին ներկայացնեն հակապետական հեղաշրջման փորձի բոլոր մանրամասները՝ ներկայացնելով պատասխանատուների ցուցակը, հանցակազմը և այլն:
Պահանջում ենք և կրկնում հայ ժողովրդի հետ և անունից՝ պարոն Սարգսյան, հերթը ձերն է, հրաժարական տվեք: Սարգսյան Սերժը արդեն պիտի մտածի հայոց պատմության գրքերի մեջ իր անվան հիշատակման մասին, թե ինչպես պիտի հիշատակվի: Որքան էլ մենք վիրավորված ենք, քաղաքացիները՝ արհամարհված, իրավազուրկ, մենք ուզում ենք, որ ամեն մեկի անունը հնարավորություն ունենա լավ հիշատակվել պատմագրքերում: Դրա համար թող ընդունի մեղքը ու հրաժարական տա: Այդ պահանջը վերաբերում է շտաբի պետերին, մարզպետներին, քաղաքապետերին: Վլադիմիր Գասպարյանն ու Գորիկ Հակոբյանը ունեն այդ հնարավորությունը և իրենց ևս հնարավորություն է տրվում մասնակցեն նոր Հայաստանի կերտմանը»:
Նա նշեց, որ այսօր համատարած աննախադեպ կեղծիքներ էին, և ըստ նրա՝ մարդիկ ուզում են աշխարհին մեր երկիրը ներկայացնել որպես ստի, կեղծիքի հայրենիք.
«Ներկա դրությամբ ժողովրդի ձայնը գողացած այս իշխանությունը ցայտնոտի մեջ է, խորհրդակցում են, թե ինչ քայլ կատարեն, խոսել է ժողովուրդը՝ անկախ նրանից վաղը նկարված են թվեր կներկայացնեն, թե ոչ: Հայ ժողովուրդը խոսել է, ասել է՝ ոչ կեղծ հանրաքվեին, կուսակցապետությանը, և արդեն ժամը եկել է, որ մենք մեր պայքարով ունենանք մեր հաղթանակը: Այդ պայաքարը տաք պիտի պահենք այս եղանակին, մինչև ունենանք մեզ պատկանող 5-րդ եղանակը»:
Նա նշեց, որ վաղն առավոտյան մեկնելու է աղետի գոտի (Գյումրի, Վանաձոր, Սպիտակ), որպեսզի հարգանքի տուրք մատուցի երկրաշարժի զոհերի հիշատակին. «Ոչ թե փախչելու և ամաչելու, այլ հավասարը կիսելու վիշտն ու տառապանքը: Մենք մեր երթը շարունակում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Շատ ընտրատեղամասերից ոչ-ը հաղթում է, բայց գիտենք, որ մինչև արևածագ շատ բան կարող է փոխվել: Բայց մեկ է՝ հայ ժողովուրդը որոշել է ՝ իրենք ճամփորդ են: Հանրապետական կուսակցությունը այսօր պարտվեց Հայաստանի հանրապետությանը: Հաջորդ քայլի մասին կհայտարարենք ԿԸՀ-ի մոտ, մենք վաղը՝ ամսի 7-ին երկրաշարժի գոտուց վերադառնալուց հետո, ժամը 16:00-ին կշարունակենք մեր համազգային հավաքը, և արդեն մեր պահանջները ներկայացված համապատասխան մարմիններին»: