
«Ամեն ինչ ճիշտ կընթանա, եթե Էրեբունիի բնակիչները գիտակցեն, որ պետք է համախումբ լինեն». Մհեր Սեդրակյան

Քիչ առաջ Էրեբունի վարչական ջրջանում տեղակայված թիվ 13/15 ընտրատեղամասում քվեարկեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: 168.am-ի հետ զրույցում Մ. Սեդրակյանն ասաց, որ այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են ակտիվ և խաղաղ, և ինքը դեռևս որևէ խախտում չի գրանցել: «Ամեն ինչ ճիշտ կընթանա, եթե Էրեբունիի բնակիչները գիտակցեն, որ պետք է համախումբ լինեն»,- ասաց Մ. Սեդրակյանը: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, նա պատասխանեց, թե այս պահին չի ցանկանում խոսել այդ մասին: Այս պահին նա զրուցում է հանձնաժողովի նախագահ Սուսաննա Գևորգյանի հետ:
Հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև այս պահը որևէ խախտում չի արձանագրվել այս տեղամասում: Նրա խոսքով՝ մարդկանց հոսքը քիչ է, սակայն նա ենթադրում է, որ պատճառը եղանակն է, և մարդիկ կսկսեն ավելի ուշ ժամերի ակտիվորեն մասնակցել ընտրություններին: