Լավրովն առաջարկել է Լոնդոնին համաձայնեցնել ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծություններն Ասադի հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Մեծ Բրիտանիային Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը ռմբակոծելու թույլտվությունը ստանալ երկրի իշխանություններից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լավրովը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բավականաչափ հիմնավոր է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը ավիահարվածներ հասցնելու համար, որն ընդունվել էր Փարիզի ահաբեկչություններից հետո:
Լավրովի խոսքով՝ իր բանաձևում Անվտանգության խորհուրդը կոչ է անում բոլորին համագործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով՝ միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինչպես նաև իրենց գործողությունները կոորդինացնելու համար:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ վերջին կետը նշանակում է ստանալ ռմբակոծությունների թույլտվություն Սիրիայի կառավարությունից՝ որպես երկրի, ում տարածքում գործում է ԴԱԻՇ-ը: Նա հավելել է, որ գործողությունների կոորդինացիան վերաբերում է բոլորին, ով պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ:
Հիշեցնենք, որ նախօրեին Բրիտանիան իր առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Մինչ այդ բրիտանական ինքնաթիռները ռմբակոծում էին զինյալների դիրքերը միայն Իրաքում: