Պուտինի գործակալները՝ Երևանի փողոցներում
Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա հանրահավաքը: Թե որքան այն կտևի, դժվար է ասել: «Նոր Հայաստանը» հայտարարել է, որ իր նպատակներն են՝ սահմանադրական հանրաքվեի տապալումն ու իշխանափոխությունը, և մինչև չհասնեն այդ նպատակներին՝ հրապարակից տուն չեն գնալու: Դա նշանակում է, որ նրանք կարող են հրապարակում մնալ շատ երկար, քանի որ ակնհայտ է՝ հանրահավաքների առնվազն առաջին երեք օրերին արձանագրված ռեսուրսով հնարավոր չէ տապալել սահմանադրական հանրաքվեն՝ անգամ առանձին վերցրած մեկ ընտրատեղամասում, իսկ այդ ռեսուրսով հանրային փորկության ճակատը կարող է հասնել առավելագույնը՝ Ոստիկանության որևէ գումարտակի հրամանատարի հրաժարականին:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, հանրության մեծամասնության դժգոհության, ընդդիմադիր տրամադրությունների գերակայության պայմաններում ընդդիմությանը չի հաջողվում կրիտիկական զանգված դուրս բերել փողոց: Այդ հարցի առաջին պատասխանը, բնականաբար, այն է, որ ընդդիմադիր ուժերը գրեթե ամբողջությամբ կորցրել են հանրային վստահությունը. հասարակությունը գրեթե իշխանությանը հավասար չափով չի վստահում նաև ընդդիմությանը: Եվ միանգամայն տեղին ու հիմնավոր են այն գնահատականները, որ Հայաստանում իշխանափոխության, ընդհանրապես որևէ իրական փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին՝ «ընդդիմափոխություն»: Սակայն, բացի այս՝ գուցե ամենաառանցքային պատճառից, գոնե քաղաքական առումով կա ևս մեկ պատճառ, որով պայմանավորվում է ընդդիմության անհաջողությունը:
Դա այն օրակարգն է, որն ընդդիմությունը ներկայացնում է՝ որպես իշխանության դեմ պայքարի օրակարգ: Կոռուպցիա, անօրինականություններ, թալան, անպատժելիություն… երևույթների ոչ ամբողջական շարք, որոնք ընդդիմությունն արդարացիորեն ներկայացնում է՝ որպես գործող իշխանության գործունեության հետևանք, և հայտարարում է, որ այդ բոլոր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ազատվել իշխանությունից: Բայց խնդիրների այդ շարքում բացակայում է ամենակարևորը, որը պայմանավորում է մնացած բոլոր խնդիրները: Խոսքն արտաքին քաղաքականության, Հայաստանի արտաքին կողմնորոշման մասին է, որը՝ որպես օրակարգային թեմա, ընդդիմության գրեթե տաբու է: Անցած երեք օրերի ընթացքում հանրահավաքների ժամանակ հնչած տասնյակ ելույթների թվում միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, դրա անթույլատրելիությանը, այն էլ՝ հպանցիկ:
Մնացած ուժերն ու առաջնորդները ոչ միայն՝ չեն խոսում այդ մասին, այլ նրանցից ոմանք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության անխոնջ կողմնակիցներ են: «Նոր Հայաստանի» խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը նույնիսկ տխրահռչակ «Գրիբոյեդով» ակումբի անդամ է: Իսկ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող մյուս միավորը՝ «Ոչ»-ի շտաբը, ընդհանրապես Ռուսաստանին Հայաստանի վասալացման ջատագովներից է: Այդ շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այն աստիճանի էր իջել, որ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին թախանձագին խնդրում էր՝ հորդորել Հայաստանի իշխանություններին՝ հրաժարվել սահմանադրական փոփոխություններից:
Ավելին՝ նա առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ չնայած մնացած բոլոր հարցերում իրենք իշխանության կոշտ քննադատներ են, սակայն հայ-ռուսական հարաբերությունների հարցում ամբողջությամբ կիսում են իշխանության դիրքորոշումը: Իրականում բոլոր այդ ընդդիմադիր ուժերն իշխանության հանցակիցներն են՝ Հայաստանի վասալացման հարցում, և, եթե երբևէ իշխանությունը պատասխան տալու է դրա համար, ապա ընդդիմության այդ հատվածը ևս պետք է պատասխանատվության ենթարկվի: Գոնե քաղաքական ու բարոյական պատասխանատվության:
Ներկայիս հանրահավաքային կամ փողոցային ընդդիմության մեծամասնությունն արտաքին քաղաքական հարցերում ոչ միայն՝ ընդդիմադիր չէ իշխանությանը, այլև՝ իշխանությունից շատ ավելի «առաջ է անցել» Հայաստանի ռուսիֆիկացման հարցում: Իսկ քանի որ պետության մնացած բոլոր խնդիրներն ածանցվում են արտաքին քաղաքական-քաղաքակրթական կողմնորոշումից, իրականում դա պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգի, իշխանության դեմ պայքարի թիվ մեկ թեման: Եթե այդպես չէ, մնացածը, ինչպես ժողովուրդն է ասում, «քյանդրբազություն» է:
Եթե ընդդիմությունը չի պայքարում՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության ու ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությունը վատնողների, այլ նպաստում է դրան, ապա այն չի կարող հրապարակում հաջողության հասնել: Իրականում նրանք հրապարակ են դուրս գալիս ոչ թե՝ հասարակությանն իրենց գաղափարներին ծանոթացնելու, դրանցով վարակելու ու դրանցով երկրում իրական փոփոխությունների հասնելու, այլ՝ Ռուսաստանին իրենց մասին հիշեցնելու համար: Բայց դա հազիվ թե որևէ արդյունք տա. այսօր ոչ միայն Ռուսաստանի «գլուխն է խառը», այլև Հայաստանի իշխանությունը որևէ հարցում իրեն այնպես չի պահում, որ Ռուսաստանում անգամ մտածեն այդ իշխանությունը փոխելու մասին: