«Մեր պետության և մեր շահերի դեմ ուղղված գործողություններ դեռևս չկան». Արտակ Զաքարյան

Ընդամենը 1.5 տարի առաջ մենք հետևում էինք ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը, բայց երբեք չի բացառվել, որ բախումներ ևս հնարավոր են: Այս մասին այսօրվա քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ Թուրքիան բոլոր տիպի իրադարձություններում (հատկապես՝ տարածաշրջանային և ռազմական) միշտ ունեցել է երկդիմի, ոչ միանշանակ դերակատարություն. «Այսօր ռուս-թուրքական հարաբերությունների աստիճանական քայլերով վատացումը, իհարկե, դեռ որոշակի ժամանակ կպահպանվի, դրանք չեն վերածվի ռազմական տաք բախումների, բայց դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, հումանիտար բոլոր ոլորտներում դրանցում կլինեն փոխադարձ գործողություններ, որը, իհարկե, այս փուլում նաև կարող է դիտարկվել՝ որպես նոր մարտահրավեր Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

Սա Ռուսաստանին ազդանշան կլինի՝ Հարավային Կովկասում իր շահերի պաշտպանության գործընթացն ավելի ամուր ու ավելի հստակ, երկարաժամկետ կազմակերպելու առումով: Այդ առումով Հարավային Կովկասում Ռուսաստանի գործողություններն ավելի ակտիվ կլինեն՝ տարբեր ուղղություններով»:

Ըստ նրա՝ սա որոշակի ազդանշան է նաև այն հանգամանքով, որ Թուրքիայի գործողությունները կարող են հետագայում դիտարկվել ոչ միանշանակ՝ համաշխարհային տեռորի կամ ԻՊ-ի դեմ պայքարի հարցում. «Սա նաև առաջիկայում եվրոպական մի շարք երկրների համար կլինի ազդանշան Թուրքիայի հետ հարաբերություններում»:

Կարդացեք նաև

Ա. Զաքարյանն ընդգծեց՝ մեր պետության և մեր շահերի դեմ ուղղված գործողություններ դեռևս չկան. «Մեր ռազմավարական դաշնակցի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ևս մեր պարտավորություններն առայժմ այնպիսին չեն, որ մենք սուր անհրաժեշտություն ունենանք արձագանքելու, բայց, իհարկե, մենք խիստ շահագրգիռ ենք, որպեսզի գոյություն ունեցող խնդիրները լուծվեն ոչ պատերազմական ճանապարհով: Առայժմ մենք դեռ կունենանք այդ հարաբերությունների սրացում՝ ուժի ցուցադրման կամ տարբեր տիպի հումանիտար գործիքների կիրառմամբ: Չեմ կարծում, որ Հայաստանի տնտեսության կամ կոմունիկացիաների առումով մենք առայժմ կարող ենք հստակ ասել, որ կունենանք պրոբլեմներ, դա կախված կլինի հետագա էսկալացիայից և կոնֆլիկտի զարգացման ուղղությունից»:

Ինչ վերաբերում է իրավիճակի ազդեցությանը ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, ապա պատգամավորը չի կարծում, որ այդ լարվածության ածանցյալ էֆեկտներն ուղիղ կանդրադառնան ղարաբաղյան խնդրի հարցում իրավիճակի փոփոխության վրա. «Իրավիճակի փոփոխություն ասելով՝ նկատի ունեմ բանակցայինից պատերազմական գործողություններին անցնելը: Դա հնարավոր կլինի միայն մի դեպքում, եթե ռուս-թուրքական ռազմական բախման արդյունքում՝ կրտսեր Ալիևն իր վերջին շանս տեսնելով՝ օգտագործի ստեղծված իրավիճակը և փորձի իր ու իր ժողովրդի ճակատագիրը, որը, իհարկե, տարածաշրջանը կընկղմի շատ ավելի բարդ պրոցեսի մեջ և բարդ խնդրի առաջ կկանգնեցնի բոլոր խաղացողներին»:

Տեսանյութեր

Լրահոս